
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ»Ի
Զարմանալի բաներ են կատարւում Հայաստան աշխարհում: Երէկ (Չորեքշաբթի, 27 Ապրիլին) Սերժ Սարգսեանը յայտարարել է, որ յանձնարարել է արդարադատութեան նախարարին՝ հանդէս գալ առաջարկութիւններով: Խօսքն անշուշտ քաղբանտարկեալներին ազատ արձակելու մասին է:
Փոխզիջումների գնալու, հասարակական կարծիքն ու ցանկութիւնները հաշուի առնելու, քաղաքական հակառակորդների տեսակէտը լսելու եւ ընդառաջելու փոքրիկ քայլեր ենք նկատում ե՛ւ իշխանութեան, ե՛ւ ընդդիմութեան կողմից: Գուցէ իսկապէ՞ս սկսուել է երկխօսութիւնը: Կամ քաղաքական կեանքի մշակոյթ է մտնում մեր երկիր:
Ոմանք, անշուշտ, սրա մէջ սկզբունքներին դաւաճանութիւն կը տեսնեն, կը պնդեն, որ Լեւոն-Սերժ համագործակցութիւն կայ եւ կը մեղադրեն երկուսին էլ: Սակայն այն ամէնը, ինչ ծառայում է հասարակական առաջընթացին եւ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի շտկմանը, ողջունելի է: Անշուշտ, յիմարութիւն են միաւորուելու, մի բռունցք դառնալու մասին բոլոր խօսակցութիւնները: Վաղուց պատմութեան գիրկն են անցել չարենցեան փրկութեան բանաձեւերը՝ ազգի ու նրա միասնական լինելու մասին:
Ոչ մի երկրում ընդդիմութիւնն ու իշխանութիւնը չեն կարող միաւորուել, պէտք էլ չէ, անգամ վնասակար է: Սակայն զիջումների գնալն ու սեփական սխալներից հրաժարուելը, երկրի ու հասարակութեան շահը սեփական կաշուից վեր դասելը, ամբիցիաներից (փառասիրութիւններէ-Խմբ.) հրաժարուելն ու վրէժխնդրութիւնը կեանքի կրեդօ (հաւատամք-Խմբ.) չդարձնելը առողջ հասարակութիւններին է բնորոշ: Հիւանդ ու մեռնող հասարակութեան մէջ է իշխանութիւնը նոյնացնում աթոռն ու կեանքը, թշնամիներին ոչնչացնում բոլոր հնարաւոր եղանակներով՝ իշխանական լծակներն օգտագործելով ու բանտեր նետելով: Ծեր ու յոգնած երկրների ընդդիմութիւնն է անխնայ սեւացնում ամէն ինչ ու ինքնանպատակ պայքարը դարձնում կեանքի նորմ (չափանիշ-Խմբ.):
«Հրապարակ» թերթի խմբագիրն է Արմինէ Օհանեան