ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Չափազանցութիւն չի դիտուի, եթէ բարձրաձայնեմ, որ ՀՀում գիտութիւնը վարկաբեկուած է եւ շարունակում է վարկաբեկուել իշխանութիւնների կարճատես քաղաքականութեան արդիւնքում: Վերաբերմունքն այսպիսին է՝ շուկայական տեսք տալ գիտութեանը եւ արդիւնքների շուկայացման ճանապարհով ֆինանսաւորման աղբիւրներ գտնել: Բիզնես-տրամաբանութիւն, որ գիտութեան պարագայում համազօր է ինքնասպանութեան:
Վերջերս ընդունուեց ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի մասին օրէնքը, որը, սակայն, գալիս է հաստատելու, որ եթէ նոյնիսկ ինչ-որ բան ենք փորձում անել յանուն գիտութեան, ապա զարմանալիօրէն ստացւում է հակառակը: Ակնյայտ է, որ եթէ Ակադեմիայի օրէնքում ֆինանսական պարտաւորութիւններ եւ երաշխաւորութիւններ չեն ամրագրուել, ապա այն սոսկ կանոնադրութեան արժէք ունի:
Այն, որ մեզանում գիտութեան ու գիտնականների հանդէպ ակնածանք եւ արժեւորում չկայ, արտայայտուած է Ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների վարձատրութեամբ: Ի դէպ, քիչ չեն երիտասարդ ու տաղանդաւոր մարդիկ, ովքեր ստիպուած են նուաստացուցիչ ցածր աշխատավարձով բաւարարուել, իսկ աւելի շուտ պարտադրուած են իրենց ապագան Հայաստանից դուրս փնտռել: Մեզանում վերանում են գիտութեանը նուիրուած լեգենդար անհատները, իսկ եթէ նոյնիսկ այդպիսիք կան, ապա քամահրուած են ու անտեսուած: Իսկ արդիւնքում արժեհամակարգ ենք խեղում, հասարակութեանն իր բարոյական կողմնորոշիչներում աւելի յուսահատեցնում ու մոլորեցնում:
Ի դէպ, կացութիւնը չի փրկում նաեւ Գիտութեան կոմիտէն, որը կոչուած էր Հայաստանում համակարգել գիտութիւնը: Չանդրադառնալով ԶԼՄներում (զանգ-ուածային լրատուական միջոցներուն-Խմբ.) շրջանառուող չարաշահումներին եւ պետական միջոցների անարդիւնաւէտ ծախսման կամ անարդար մրցոյթների վերաբերեալ յօդուածներին, խօսեմ Կոմիտէի վերջին որոշումների մասին, որոնք վերաբերում են գիտական թեմաների ֆինանսաւորմանը: Մրցոյթի արդիւնքում հաստատուած գիտական թեմաների ցանկը գալիս է առարկայացնելու, որ ակադեմիական գիտական հաստատութիւնները լուսանցքուած են: Հիմնական նախապատուութիւնը տրուել է բուհական գիտութեանը, որոնցից միայն մէկի ֆինանսաւորուած թեմաները աւելին են, քան Ակադեմիայի բոլոր ինստիտուտներից ֆինանսաւորուած թեմաները միասին: Ցաւալի է յատկապէս հայագիտութեան վիճակը: 14 տոկոս ֆինանսաւորում ստացած հայագիտական թեմաներից միայն մէկն է վերաբերում հայ գրականութեանը: Անտեսուած, ես կ՛ասէի՝ արհամարհուած են հայոց լեզուն եւ հայ գրականութիւնը: Միթէ Գիտութեան կոմիտէում կարծում են, թէ հայագիտութիւնը միայն հայոց պատմութեան հարցերն են:
Դարձեալ սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ հայագիտութիւնն անհեռանկար եւ ծերացող ճիւղերի շարքին է դասւում: Անհերքելի է՝ հայագէտներ պատրաստելու շահագրգռութիւն միայն մեր հանրապետութիւնը պէտք է ունենայ: Որեմն պէտք է հասկանանք, որ գիտնականի գործը գիտութեամբ զբաղուելն է, իսկ պետութեան խնդիրը՝ առաջնահերթութիւններ ու գերակայութիւններ սահմանելն ու գիտական պատուէր իջեցնելը:
Իսկ իր գիտութեան մասին չհոգացող երկիրը վերածւում է գաղութի:
«ԱՍՊԱՐԷԶ».- Ազգային Ժողովի ՀՅԴ պատգամաւորական խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեան խորհրդարանի ամպիոնէն երէկ այս յայտարարութեամբ հանդէս եկած էր: