Ջորջիա նահանգի հայ համայնքը բաւականին հին պատմութիւն ունի իւրայատուկ կերպով նշելու Ապրիլ 24ը: Այս յանձնարարութիւնն իրենց ուսերին են վերցրել հայորդիներ Յարութիւն եւ Սարգիս Աղասարգիսեանները, որոնց աշխատանքի եւ ծերակուտական Վեն Սթրիթի ջանքերով, 1995 թուին Ջորջիայի ծերակոյտը ճանաչեց Հայկական Ցեղասպանութիւնը: 1996 թուականից սկսած առ այսօր, քաղաքապետական խորհուրդը, շնորհիւ նախկին քաղաքապետ Բիլ Քեմբըլի, ճանաչեց Ցեղասպանութիւնը եւ Ատլանտա քաղաքում փոքրամասնութիւն կազմող հայ համայնքին քաղաքապետարանը նուիրեց «Ռընեսանս» («Renaissance») զբօսայգին:
Ցեղասպանութեան յիշատակը յաւերժացնող հաւաքոյթները տարիներ շարունակ կատարւում են Ատլանտայի նահանգային տանը, ուր հայերի հետ միջոցառմանը մասնակցում եւ զեկոյցներով հանդէս են գալիս մի շարք քաղաքական գործիչներ, դատաւորներ, պետական պաշտօնեաներ, որոնց թիւը գնալով աւելանում է:
Ատլանտայի նահանգային տան աւանդական դարձած հաւաքի բացումը այս տարի կատարեց իրաւաբան Վարդուհի Աղասարգիսեան-Ջինեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց հիւրերին իրենց անսակարկ աջակցութեան եւ ներկայութեան համար ու նշեց, որ 2011 թուականի Ապրիլ 24ը առաջին անգամ լինելով 1915 թուականից, համընկաւ Սուրբ Զատիկի օրուան հետ: Մինչ քրիստոնեաներս նշում ենք Քրիստոսի յարութիւնը, մենք՝ հայերս պէտք է նշենք մեր Ցեղասպանութեան մոխիրներից վերածնուելը: Մենք պէտք է կառուցենք Հայաստանը՝ քրիստոնէութիւնը ընդունած առաջին պետութիւնը, որպէս մեր հնադարեան հաւատքի վկայութիւն: Մենք վրէժ չենք պահանջում, սակայն ծառաւ ենք արդարութեան, եւ այլեւս չենք կարող լռել:
Միայն անցեալը չմոռանալով կարող ենք վստահանալ, որ նման ցեղասպանութիւններ չեն կրկնուի ապագայում, ասեց հռետորը:
Հանդիսութիւնը սկսուեց Ատլանտայի նախկին քաղաքապետ Բիլ Թեմբըլի յուզիչ բացման աղօթքով: Կոնգրեսական Ջան Լուիզի նամակը կարդաց Մայքըլ Ֆայային, ուր նա արտայայտում է իր ցաւը 1.5 միլիոն նահատակների համար:
Ապա ելոյթ ունեցաւ ծերակուտական (senator) Վինսենթ Ֆորդը, որն արդէն երկրորդ անգամ է ինչ ներկայացնում է ցեղասպանութեան ճանաչման #542 հռչակագիրը, որով ծերակոյտը հաստատեց Ապրիլի 24ը Հայկական Ցեղասպանութեան օր՝ յիշատակելով երիտասարդ թուրքերի կառավարութեան կազմակերպած վայրագ ջարդի 1.5 միլիոն անմեղ զոհերին: Այսօրուան Թուրքիայի կառավարութեան ցեղասպանութեան ուրացումը չի թողնում հայ ժողովրդին՝ պատմութեան մէջ իր իրաւասու տեղը գտնել: Հայ համայնքի անդամները հարստացրել են Ջորջիա նահանգը՝ իբրեւ գործարարներ, կառավարական, արուեստի եւ այլ ասպարէզներում աշխատողներ:
Ծերակուտական Վինսենթ Ֆորդը ներկայացրեց նաեւ նահանգապետի ցաւակցական նամակը Մեծ Եղեռնի նահատակների յիշատակին: Ծերակուտականը նահանգապետի նամակը եւ ծերակոյտի հռչակագիրը յանձնեց Յարութիւն եւ Սարգիս Աղասարգսեաններին: Ջորջիայի ծերակուտական Ռաշիտ Թէյլըրի կողմից ներկայացուած հռչակագիրը եւս յանձնուեց Աղասարգսեան եղբայրներին:
Ռոբերտ Քանլին, որ նոյնպէս Հայ Դատի յանձնախումբի անդամ է, ներկայացրեց Ատլանտայի քաղաքապետ Քասիմ Ռիթի նամակը, ուր Ատլանտայի քաղաքացիների կողմից յիշատակելով 1.5 միլիոն ժողովրդի աննկարագրելի կորուստը, ողջունում հայ ժողովրդին մարդկային իրաւունքներին պաշտպանման դժուարին պայքարին համար, մեծարում նրա քաջութիւնն ու հաւատքը:
Յարգարժան քաղաքապետի հռչակագրում նշուած է, որ Ատլանտա քաղաքը ընդունում է Ապրիլ 24ը որպէս Հայկական Ցեղասպանութեան օր եւ Ատլանտայի քաղաքացիները ցանկանում են արդարութեան վերահաստատումը: Այս փաստաթղթերը նմանապէս յանձնուեցին Աղասարգսեան եղբայրներին:
Հանդիսութեան պատուաւոր հիւր՝ գերագոյն ատեանի դատաւոր Թելմա Մուրը, իր յուզիչ խօսքով յիշեց Մեծ Եղեռնը, եւ թէ ինչպէս 1920 թուականին Սովետական Ռուսաստանի զօրքերը միացան թրքական ուժերին, եւ թէ ինչպէս Հայաստանը 70 տարիներ շարունակ ապրեց այդ լծի տակ: Ցանկացաւ որ Ամերիկեան կառավարութիւնը աշխատի հայ ժողովրդի հետ, որպէսզի նման ցեղասպանութիւններ երբեք չկրկնուեն:
Ատլանտայի քաղաքապետական խորհրդի ներկայացուցիչ Ս.Թ. Մարթինը եւս ներկայացրեց խորհրդի կողմից հաստատուած հռչակագիրը՝ Ցեղասպանութեան ճանաչման մասին:
Պատուաւոր հիւրերից փոխոստիականապետ Ջիմի Քարտերը, «շէրիֆ»ի բաժանմունքի պետ Թէդ Ջաքսընի կողմից ցաւակցական խօսք փոխանցեց՝ Եղեռնի զոհերի յիշատակի առթիւ:
Փոխոստիկանապետ Ս. Մոզը, Ատլանտա քաղաքի ոստիկանապետ Ջորջ Թըրնըրի կողմից յարգեց մեր նահատակների յիշատակը, եւ շեշտեց, որ որչափ շատ խօսուի մարդկային իրաւունքների, արդարութեան մասին եւ տեղ տրուի նրանց մեր հոգիներում, այնքան կ՛ամրապնդուի ցեղասպանութեան կրկնութեան բացառումը:
Դոկտոր Ջուլիեդա Ստեփանեան-Աբգարեանը, Էմորի համալսարանի պրոֆեսոր, Արեւելա-Եւորպական եւ Ռուսական ամբիոնների վարիչ, եւ առաջին օրերից այս տարեկան միջոցառման կազմակերպողներից մէկը, որպէս Եղեռնի վերապրողների դուստր՝ խօսեց ուսման կարեւորութեան մասին:
Քրտական մշակոյթի նախագահ Օբագր Օրհանը մի խումբ քիւրտ երիտասարդների հետ մասնակցելով Եղեռնի ոգեկոչման այս միջոցառման, համեմատեց հայ եւ քիւրտ ճակատագրերը, նշեց անոնց դէմ իրագործուած անիրաւութիւններն ու վայրագութիւնները:
Իր եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ դոկտոր Սարգիս Աղասարգսեանը, որն իր շնորհակալութեան խօսքը ասեց ներկայ պատուաւոր հիւրերին եւ ողջ հայ համայնքին:
Հայաստանը՝ ծովից ծով երկիր էր, ըսաւ դոկտորը, աւելցնելով, որ այսօր մենք ոչ միայն պէտք է յիշենք Մեծ Եղեռնը, այլ նաեւ պէտք է անհանգստանանք մեր երկրի ներկայով եւ ապագայով: Նախագահ Օպաման խոստացաւ ճանաչել Ցեղասպանութիւնը 2008ի Նոյեմբերին, ընտրութիւնների ժամանակ, պախարակեց նախագահ Պուշին՝ Ցեղասպանութիւնը չճանաչելու համար: Բայց հենց ինքն էլ, երբ ընտրուեց նախագահ, զլացաւ յարգել իր խոստումը:
Ցեղասպանութեան յիշատակը յաւերժացնող հաւաքի վերջաբան աղօթք-խօսքը կատարեց Ատլանտայի նախկին քաղաքապետ Բիլ Քեմբըլը: