
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմը, Յովնան արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ եւ օրհնութեամբ, նախատեսել է բացառիկ ծրագիր, որը միտուած է օժանդակելու չմկրտուած չափահաս հայորդիներին:
Տասնամեակներ շարունակ հայ մարդը, մասնաւորաբար Մայր Հայրենիքում՝ համայնավարական ժամանակաշրջանում, մկրտուելու համար լուրջ խոչընդոտների է հանդիպել: Շատերը ցանկացել են մկրտուել, բայց ի վիճակի չեն եղել այն իրագործել`բազում խնդիրների պատճառով: Փառք Աստուծոյ` այսօր իրականութիւնը փոխուել է։
Հայց. Առաքելական Ս. եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմը պատրաստակամ է որոշապէս լրացնել այդ բացը՝ մկրտել բոլոր այն չափահաս անձանց, ովքեր մինչեւ օրս մկրտուած չեն:
Ս. Մկրտութեան խորհուրդը առաջին եւ հիմնական խորհուրդն է Հայց. Առաքելական Ս. եկեղեցու, քանզի միայն Ս. Մկրտութեամբ է, որ անձը դառնում է քրիստոնեայ եւ անդամ Ս. եկեղեցուն:
Աւելին, կարեւոր է գիտակցել, որ Ս. Մկրտութեան խորհուրդը կենսական անհրաժեշտութիւն է մեր փրկութեան համար, քանզի մեր տէրն ու փրկիչը` Յիսուս Քրիստոս, Ինքն ասաց, որ` «Եթէ մէկը ջրից ու հոգուց չծնուի (այսինքն` եթէ չմկրտուի), չի կարող Աստուծոյ արքայութիւնը մտնել» (Յովհ. 3:5): Այս է նաեւ պատճառը, որ Յարութիւնից յետոյ Տիրոջ առաջին պատգամը վերաբերում էր մարդկանց մկրտելուն եւ ուսուցանելուն (Մատթ. 28:20-21):
Մեր Տիրոջ պատգամները բոլոր ժամանակների եւ բոլոր սերունդների համար են, եւ այդ իսկ պատճառով Արեւմտեան թեմը Ս. Մկրտութեան խորհուրդն ուսուցանող եւ մեկնող մասնայատուկ դասընթացներ է կազմակերպել, որոնք նախապայման են Ս. Մկրտութեան այս բացառիկ ծրագրին մասնակցելու համար:
Դասընթացները տեղի են ունենալու 2022ի Մեծ Պահքի շրջանում` Մարտ-Ապրիլ ամիսներին, ամէն Չորեքշաբթի, երեկոյեան ժամը 7ին, առաջնորդարանում: Նախատեսուած են վեց դասընթացներ: Դասընթացներին կարող են մասնակցել նաեւ բոլոր այն մկրտուած հաւատացեալները, ովքեր փափաք ունեն կենսական գիտելիք ստանալու: Դասընթացների համար գրանցուելը նախապայման է:
Ծրագրին մասնակցելու եւ յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար կարող էք դիմել առաջնորդարանի գրասենեակ` զանգահարելով (818) 558-7474 հեռախօսահամարով:
Դիւան Առաջնորդարանի