ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Հայ ժողովրդի արդի պատմութեան մէջ անկախութեան գաղափարը որդեգրուել, մշակուել եւ կենսագործուել է, հիմնականում, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան, Հայ Յեղափոխական Դաշնակութեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութիւնների շնորհիւ:
Անկախութեան համար մղուող ազատագրական պայքարի ողջ ընթացքում, խոշոր բուրժուազիայի (քաղքենիութեան-Խմբ.) հայ ներկայացուցիչները, ռուս-աւատական եւ թուրք-աղայական կաստաներին (փոփոխութեան չենթարկուող խումբերու-Խմբ.) պատկանող հայ ազնուականները, անկախութեան գաղափարը նուաստացնելուց, թերարժեւորելուց, ծաղրելուց ու ակտիւօրէն ժխտելուց բացի, ուրիշ բան անել չէին կամենում:
Քրիստափոր Միքայէլեաններն ու Արամ Մանուկեանները, Մուրադ Պոյաճեաններն ու Փարամազները, Ակնունիներն ու Արմենակ Եկարեանները, Քեռիներն ու Համազասպներն էին սեփական կեանքի գնով, սեփական օրինակով մշակում, տարածում եւ կենսագործում անկախութեան գաղափարը՝ կերտելով Մայիսի 28:
Այս երեւոյթը ամենեւին էլ պատահական չէ:
Անկախութեան գաղափարը կրում եւ իրականացնում են գաղափարական այն հոսանքները, որոնք, անկախ տեսաբանական տարակարծութիւններից, այսպէս թէ այնպէս, հաւատում են արդարութեան եւ ազատութեան սկզբունքներին:
Խորհրդային Միութեան տարիներին, քաղաքական պատճառներով, ՍԴՀԿն ու ՌԱԿը, թէեւ անկախութեան պահանջը հանեցին իրենց քաղաքական օրակարգից, սակայն գաղափարախօսական հողի վրայ չհրաժարուեցին անկախութեան գաղափարից: Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ Դատի պահանջատիրութեան համատեքստում, մշտարծարծ պահեց Անկախ Հայաստանի գաղափարը:
Միւս ազգերի անկախութեան պատմութեան մէջ եւս ուրուագծելի են նման օրինաչափութիւններ: Յունաստանի, Բուլղարիայի, Իռլանդիայի, Լիբանանի, Սիրիայի եւ բազում այլոց անկախութեան գործը, փաստօրէն, կազմակերպել եւ ղեկավարել են տուեալ ազգերի սոցիալիստական (ընկերվարական-Խմբ.), սոցիալ-դեմոկրատական (ընկերվարական-ժողովրդավարական-Խմբ.), լիբերալական (ազատական-Խմբ.) հոսանքները (անշուշտ հարկաւոր է տարբերակել դասական լիբերալիզմը նէոլիբերալիզմից, որը համարւում է մերօրեայ նոր աշխարհակարգի եւ համաշխարհայնացման գլխաւոր գաղափարախօսութիւնը):
Տիեզերական օրէնքը գործել եւ շարունակում է գործել ամէնուր, քանզի ազգային անկախութիւն, սոցիալական արդարութիւն եւ քաղաքական ազատութիւն հասկացութիւնները, խորքային առումով, միմեանց փոխ կապակցուած, միմեանցով փոխպայմանաւորուած եւ միմեանց վրայ փոխազդեցութիւն ունեցող գաղափարական արժէքներ են: Իսկ այսօր ինչպիսի՞ դիրք եւ տեղ ունի անկախութեան գաղափարը Հայաստանում ու հայութեան մէջ: Կամ՝ ի՞նչ առնչութիւնների մէջ են անկախութիւն, ազատութիւն եւ արդարութիւն հասկացութիւնները:
Հայաստանում թէեւ ընդունուած են հիմնարար ազատութիւնների մասին սահմանադրական դրոյթներ եւ համապատասխան մեխանիզմներ, թէեւ քաղաքական դաշտը, աւելի ճիշտ՝ քաղաքական բեմահարթակը, մի կերպ ընթանում է «բնականոն» հունով, թէեւ զուտ վիճակագրական տուեալներով «աճում» է զանգուածային լրատուամիջոցների եւ քաղաքացիական հաստատութիւնների թիւը, սակայն Հայաստանը շարունակում է մնալ անազատ, իսկ հայն իր հայրենիքում բաւական հեռու է ազատ քաղաքացի լինելու կարգավիճակից: Այս անազատութեան հիմնական պատճառներից մէկը սոցիալական անարդար իրավիճակն է, որը յատկանշւում է օլիգարխիկ (սակաւապետական-Խմբ.) կառավարման, մոնոպոլիզացիայի (մենաշնորհումներու-Խմբ.), հարկային դաշտի եւ գնագոյացման համակարգի անարդիւնաւէտութեան եւ այլ յոռի երեւոյթներով: Հայաստանում կարելի է զգայարանների ողջ համակարգով առարկայօրէն տեսնել ու շօշափել, թէ սոցիալապէս անապահով հասարակութիւնը ինչպիսի՛ անազատ կեանք է վարում եւ ինչպիսի՛ քաղաքական աննպաստ ճակատագիր է բաժին հասել նրան: Ազատութիւն հասկացութեան փոխարէն, շուրջբոլորը աչքի է զարնում «ազատ շուկայի» այլանդակուած ծաղրանկարը միայն:
Անազատութեան հիմնական պատճառներից է նաեւ հոգեմտաւոր կեանքի նուազ զարգացումը: Մշակութային եւ, յատկապէս, գիտական նուաճումները արդէն սկսել են հեքիաթ թուալ: Այստեղ եւս, պետական պատասխանատուները, բնաւ հաշուի չառնելով զարգացած երկրների փորձը, կամենում են Հայաստանի հոգեմտաւոր կեանքի ոլորտները տնօրինել «ազատ շուկայի» մոդելներով, չգիտես ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցելու սիրոյն:
Անազատութեան եւ անարդարութեան այսպիսի պայմաններում էապէս տուժում են Հայաստանի անկախութիւնը, նրա ընթացքը, տեմպերը եւ ուղղուածութիւնը: Նման պայմաններում ծայրայեղ ընդդիմութիւնը փորձում է իշխանութեան հետ իր խնդիրները լուծել եւրոհամակարգերի միջոցով: Իսկ իշխանութիւնները, կառչելով նոյն այդ համակարգերից բխած ինչ որ փորձագիտական կարծիքից, յօդս են ցնդեցնում, ասենք, Ընտրական օրէնսգրքի բարեփոխման առաջարկների փաթեթը: Արտաքին գործերի բնագաւառում եւս անկախ քաղաքականութեան խիստ պակասն իրեն զգացնել է տալիս ամէն քայլափոխին:
Ըստ էութեան հարց է ծագում՝ ազգովին առաւել հաստատակամ ու յստակ չէի՞նք քայլի անկախութեան պահպանման ու ամրագրման ճամբով, եթէ ներքնապէս լինէինք ազատ, եթէ ունենայինք սոցիալապէս արդար հասարակութիւն:
Անկախութեան գաղափարի կերտումը եւ նրա կեանքի կոչելու փորձը բաւական չէ: Այսօր հրամայական է նրա պահպանումը, ամրապնդումը, ինչն այլեւս պէտք չէ վստահել ազատութեան եւ արդարութեան գաղափարների նկատմամբ հաւատ չընծայող հոսանքներին:
Մեր այսօրուայ քաղաքական պայքարը, իրականում, ազգային պայքար է վասն անկախութեան, վասն ազատութեան եւ վասն արդարութեան: