ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Մեր նախորդ ակնարկներից մէկում արդէն քննարկել ենք ամուսնութեանը վերաբերող որոշ թեմաներ: Ցաւօք, ճգնաժամը չի խնայում նաեւ կեանքի այս բնագաւառը: Այն ստիպում է մարդկանց վերանայել իրենց ապրելակերպը: Երիտասարդ զոյգերի ընտանիք կազմելու հարցը եւս զերծ չէ հնարաւոր վերանայումներից: Երբ զոյգերն ամուսնանում են, ապահարզանը (ամուսնալուծութիւն-Խմբ.) վերջինն է, որի մասին մտածում են նրանք: Սակայն մասնագէտները պնդում են, որ ապահարզանների քանակը գնալով աւելանում է, եւ դրա հետ մէկտեղ աճում է ունեցուածքը պահպանելու ձգտումը, եթէ յանկարծ մի բան «այնպէս չընթացաւ»: Ընդունում եմ, որ շատերի համար խորթ կը թուան այս ակնարկում հնչած որոշակի դրոյթներ, բայց ստիպուած եմ խնդրելու, որ հանդուրժողականութիւն դրսեւորէք որոշ մտքերի կապակցութեամբ, որոնց մի մասի հետ ինքս էլ համաձայն չեմ:
Ամերիկեան մասնագէտների մի խումբ պնդում է, թէ ամուսնութիւնը շատ յատկանիշներով յիշեցնում է փոքր կամ մեծ գործատեղի հիմնելու ընթացքն ու արդիւնքը: Այն կամ սահուն է, յաջող եւ որոշակի պաշտպանուածութիւն ունի հանդիպակաց քամիներից՝ ապահովագրուած լինելու պատճառով, կամ էլ պարզապէս անպտղաբեր է եւ իւրաքանչիւր ելեւէջից յետոյ կարող է դադարել գոյութիւն ունենալուց: Այդ իսկ պատճառով վերոյիշեալ մասնագէտները խորհուրդ են տալիս հարսանիքի կամ ամուսնութեան ապահովագրութիւն գնել: Նրանք պնդում են, թէ իրաւաբանի ժամական աշխատավարձն այսօր տատանւում է 250-1000 դոլարի սահմաններում, ուրեմն արժէ ապահովագրուել:
Վերջին տուեալների համաձայն, ամերիկացի չափահաս կանանց 22 տոկոսը, իսկ տղամարդկանց 21ը՝ առնուազն մէկ անգամ հասցրել է բաժանուել իր կողակցից: Ապահարզանների թիւը կազմում է 3.5 տոկոս ամէն 1000 անձի շրջանակում: Ոմանք այնքան հեռու են գնում, որ խորհուրդ են տալիս առնուազն 6 ամսուայ կանխիկ դրամ ապահովել՝ զոյգերի աշխատավարձի գումարի չափով, ճիշդ այնպէս, ինչպէս «լաւ գործատէրերն» են նախապատրաստւում, երբ ցանկանում են նոր գործ հիմնել: Խորհուրդ են տալիս բազմաթիւ համաձայնագրեր կնքել, թէ ինչպէս պիտի բաժանուի ընդհանուր ունեցուածքը ապահարզանից յետոյ, ինչպէս պիտի զոյգերն իրենց դրսեւորէն այս կամ այն իրավիճակում: Համաձայնագրերի մէջ կարող է նշուած լինել, թէ ով ինչպիսի դրամական պարտաւորութիւն կ՛ունենայ, եթէ ամուսիններից մէկը … անհաւատարիմ վարք դրսեւորի:
Վերջերս կատարուած հարցման ընթացքում իրաւաբանների մի զգալի բանակ խոստովանել է, թէ նախաամուսնական պայմանագրերի նկատելի աճ է գրանցուել վերջին մի քանի տարիների ընթացքում: Այդպիսի պայմանագրի կնքման համար պահանջուող գումարը տատանւում է 800-7000 դոլարի սահմաններում՝ կախուած դրա բարդութեան աստիճանից եւ այն ձեւակերպող փաստաբանի վճարումից: Վերջերս մի ապահովագրական ընկերութեան ներկայացուցիչ խոստովանել է, թէ շատերին դուր չի գալիս ապահարզանի ապահովագրութեան գաղափարը, քանի որ դրա մէջ բաւական ժխտական շեշտ կայ: Միեւնոյն անձն աւելացրել է, թէ իր ընկերութիւնը պատրաստւում է յատուկ ապահովագրութիւն ստեղծել, որ ամուսիններին մի կլորիկ գումար վճարի, եթէ վերջիններս իրար հետ ամուսնացած մնան որոշակի տարիների ընթացքում: Զարմանալի՞ է, կ՛ասէք: Ոչ միայն: Սա նաեւ ինչ-որ տեղ զաւեշտական է. միասին կեանքը շարունակելու համար դրամական պարգեւատրում է սպասւում:
Մեր համայնքում ահագնացել է ապահարզանների թիւը. այսօրուայ երիտասարդներն առաջին իսկ «ալեկոծութեան» ընթացքում որոշում են «բաժանուել». չէ՞ որ «մի անգամ ենք ապրում…»: Արդիւնքում սկսւում է մի խառնաշփոթ՝ ոսկեղէնի փոխանակում, օժիտի պահանջ եւ շատ յաճախ այս անհամաձայնութիւնը վերածւում է իսկական թշնամութեան՝ յղի անկանխատեսելի հետեւանքներով: Բազմաթիւ են դէպքերը, երբ հարսնացուի եղբայրը «կենաց ու մահու» կռիւ է տուել փեսացուի հետ, երբ զոյգերը որոշել են իրարից բաժանուել:
Ընդհանուր առմամբ ապահարզանը տհաճ երեւոյթ է, եւ շատ հազուադէպ է լինում այնպէս, որ բաժանուող զոյգերը գիտակցեն, թէ աւելի լաւ է համերաշխ յարաբերութիւններ պահպանել, գոնէ երեխաների հոգեկան հաւասարակշռութեան համար, քան թուր ու թուանքով հեռանալ իրարից: Տնտեսական ճգնաժամն աւելի է բարդացնում ընտանիքի յարատեւման հնարաւորութիւնը, եթէ անդամները միայն հետաքրքրուած են նիւթական բարգաւաճման հեռանկարներով: Որքան էլ զոյգերը հարուստ լինեն, նրանք չեն կարողանայ վարել երբեմնի անհոգ կեանքը, քանի որ պայմաններն արդէն իսկ թելադրում են նոր մարտավարութեան որդեգրում, իսկ շատ յաճախ այս նոր կենսակերպը որոշակի զոհողութիւններ է պահանջում: Այնինչ իրական արժէքների տէր երիտասարդների համար նման փորձութիւնների դիմագրաւելն աւելի քան երբեք կարող է ամրացնել ընտանիքի հիմքը: Եւ գաղտնիք չէ, որ ապրում ենք մի միջավայրում, ուր նիւթական արժէքները շատերի համար կուռք (պաշտամունք) են դարձել: Այստեղ կ՛ուզէի մի թեմա քննարկել, որը շատերին է յուզում:
Մի տարօրինակ միտում է նկատւում հայ երիտասարդների շրջանում՝ յատկապէս վերջին տարիներին: Հայ տղաների մի զգալի մաս հրաժարւում է ամուսնանալ հայ աղջիկների հետ՝ պնդելով, որ հայ աղջիկները «չափից աւելի շատ են ուշադրութիւն դարձնում թանկարժէք իրերի, ինքնաշարժի, «brand name» հագուստի եւ նման այլ առարկաների վրայ: Հայ աղջիկները, իրենց հերթին, պնդում են, թէ հայ տղաները «կոպիտ են եւ միանգամից մի քանի աղջկայ հետ կարող են սիրավէպ խաղալ»: Նմանօրինակ պնդումների հետեւանքով երկու կողմի մօտ էլ ստեղծւում է սխալ կարծրատիպ, որի ազդեցութեան տակ երիտասարդները ենթագիտակցաբար իրենցից վանում են հայի հետ զոյգ կազմելու հնարաւորութիւնը՝ սխալմամբ կարծելով, թէ օտարազգի աղջիկը նիւթապաշտ լինել չի կարող, կամ օտարազգի տղան կոպիտ կամ դաւաճանող լինելու հնարաւորութիւն չի ունենայ: Իւրաքանչիւր ընդհանրացում ցաւալի սխալի կարող է հասցնել այն կրողին: Բայց ինչո՞ւ են ստեղծւում այս ընդհանրացումները/ կարծրատիպերը:
Վերջերս զրուցում էի մի շատ համակրելի, կրթուած ու համեստ հայ աղջկայ հետ, ով պնդում էր, թէ երբեք չի ամուսնանայ, քանի որ իր 3 ընկերուհիներն էլ մի քանի ամիս յետոյ բաժանուել են իրենց ամուսիններից՝ վերջիններիս դաւաճանութեան պատճառով: «Ինչո՞ւ կոտրեմ սիրտս, աւելի լաւ չի՞ լինի մենակ մնամ, քան անցնեմ նման ալեկոծութիւնների միջով», ասում էր 26ամեայ հայուհին:
Յատկանշական օրինակ էր նաեւ ամիսներ առաջ մի հայ երիտասարդի հետ ունեցած փորձառութիւնս, երբ վերջինս փորձում էր ապացուցել. «թէ կարգին հայ աղջիկ չի մնացել, բոլորի մտքին շուտափոյթ հարստանալն է»: Նրան ասացի, որ իր բացարձակ մօտեցումը սխալ է, եւ մէկ կամ երկու տհաճ փորձառութիւնը չի կարելի ընդհանրացնել, բայց լսողն ո՞վ էր:
Վերը նշուած կարծրատիպերի մէջ կայ ինչ-որ մի տեսակի ահազանգ. նիւթապաշտ հասարակութեան մաս կազմելով՝ որքանո՞վ ենք մենք սովորեցնում երիտասարդներին, որ դատարկ է աչք շլացնող ոսկեղէնն ու սարերի պալատների պաշտամունքը, հիւանդագին է «աւելի գեղեցիկ եւ տրփամոլի ձգտելը», չի կարելի կնոջ վրայ ձեռք բարձրացնել՝ անկախ որեւէ հանգամանքից, չի կարելի նսեմացնել տղամարդու եւ կնոջ ինքնասիրութիւնը: Քանի՞ անգամ ենք այս մասին զրուցել երիտասարդների հետ:
Չնայած ինձ յատկացուած բաժինը տրամադրուած է տնտեսական հարցեր բարձրացնելու, համարձակւում եմ ահազանգել հայ երիտասարդների շրջանակում առկայ այս վտանգաւոր մտածելակերպի առումով: Միգուցէ ժամանա՞կն է, որ հայկական կազմակերպութիւնները եւս ուշադրութիւն դարձնեն ահագնացող այս խնդրի վրայ, եւ աշխատանք տանեն հայապահպանման իրենց առաքելութիւնն աւելի օգտաւէտ դարձնելու համար: Ժամանակն է, որ որոշ ծնողներ սթափուեն եւ խուսափեն իրար վրայ ձայն բարձրացնելու գայթակղութիւնից, էլ չեմ ասում ձեռք բարձրացնելու մասին: Ընտանիքում առկայ անչափահասները գրանցում են տան պատերի մէջ տեղի ունեցող իւրաքանչիւր իրադարձութիւն եւ որոշակի եզրայանգումներ են կատարում:
Որոշ հոգեբաններ առաջարկում են որքան հնարաւոր է հեռու վանել ապահարզանի գաղափարը ամուսնութեան նախաշեմին, քանի որ ապահարզանից ապահովագրուելու իւրաքանչիւր փորձ ապահարզանի սերմեր կարող է ներդնել ապագայ զոյգի ուղեղներում: Այստեղ մնում է ընտրութիւն կատարել. իրապաշտ լինել եւ ապահովագրուե՞լ, թէ՞ ռիսկի դիմել եւ փորձել աւելի հաստատուն հիմքերի վրայ ստեղծել ընտանիքի առաջին քայլերը:
Այս մասին առաջիկայում դեռ կը զրուցենք:
Գրէք ինձ:
khachigmelekyan@aol.com