
ՍՊԱՀԱՆ.- Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանէն գողցուած են երկու սրբապատկերներ: Այս մասին լուրը հրապարակուեցաւ վերջերս թէ՛ մամուլով եւ թէ՝ համացանցի մէջ շրջագայող նամակներով:
Սպահանի Հայոց թեմի առաջնորդարանը առաջին անգամ այս լուրերուն արձագանգեց Յուլիս 9ին հրապարակած հաղորդագրութեամբ մը, ուր կ՛ըսէր.
«Սպահանի հայոց Թեմական խորհուրդը մեր ժողովրդին յայտնում է, որ տեղեկացել է՝ Անգլիայում աճուրդի են դրուել Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչութեան էջեր:
«Անմիջապէս կապուել ենք մեզ վստահած մասնագէտ անձանց հետ՝ աւելի մօտից ստուգելու հարցը եւ մեզ տեղեակ պահելու, որպէսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք:
Առ այդ՝ հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ յանցագործին ի յայտ բերելու՝ գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկայ փուլում ստուգւում են հանգամանքները՝ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով:
Այսու մեր ժողովրդին դիմում ենք, որ անհիմն մեկնաբանութիւններից խուսափեն եւ վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները առաջնորդ սրբազան հօր գլխաւորութեամբ նախանձախնդիր են եւ այս հարցը հետապնդելու են մինչեւ բարւօք լուծում:
Հինգշաբթի, 14 Յուլիսին, Սպահանի Հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի դիւանը բացատրական երկրորդ հաղորդագրութիւն մը հրապարակեց, զոր կը ներկայացնենք հանրութեան:
«Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները չեն խուսափում պատասխանատւութիւնից ու վճռական են, որպէսզի վերադարձուեն թանգարանից անհետացած պատառիկները եւ բացայայտուի յանցագործութիւնը:
«Ստորեւ փոխանցում ենք որոշ լուսաբանութիւններ՝ տեղի ունեցած դէպքի եւ մեր կողմից իրականացուած աշխատանքների կապակցութեամբ:
«Շուրջ երեք շաբաթ առաջ ստացուեցին ելեկտրոնային նամակներ՝ Անգլիայում եւ Ֆրանսիայում մեր բարեկամներից, որով հաղորդւում էր, թէ Անգլիայի աճուրդի կենտրոններից մէկում աճուրդի են դրուել երկու սրբապատկեր-կտաւներ եւ հայկական գրչագիր մատեանների պատառիկներ, մանրանկարչութիւն՝ 5 էջեր: Նամակագիրները մեր ուշադրութեանն էին յանձնում ստուգել դրանց պատկերները, թէ արդեօք դրանք պատկանում են Նոր æուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի՞ն թէ՝ ոչ:
Առաջնորդ սրբազան հօր եւ պատկան պատասխանատուների միջոցով անյապաղ սկսուեց ստուգման գործը, որով վերոնշեալ եօթը ցուցանմուշներից երեքի պարագան անմիջապէս հաստատուեց՝ հիմք ընդունելով Սիրարփի Տէր Ներսիսեանի եւ Արբակ Մխիթարեանի «Սպահանի հայոց մանրանկարչութիւնները» գրքում լոյս տեսած լուսանկարները: Իսկ մնացեալ երկու մանրանկարչութիւն էջերի եւ սրբապատկեր կտաւների ստուգումը երկար ժամանակ պահանջեց, յատկապէս պատառիկների պարագայում՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ խօսքը վերաբերում էր ոչ թէ ամբողջ մատեանին, այլ առանձին էջերի, որի ստուգումը տասնեակ մատեանների յիշատակարանների ու ոճի մասնագիտական քննութիւն եւ ժամանակ էր պահանջում: Երկու սրբապատկեր-կտաւների ստուգման համար՝ հիմք ընդունուեց թանգարանի իրերի հին եւ նոր ցուցակ-մատեանները, որով հնարաւոր չեղաւ հաստատել դրանց պատկանելութիւնը, թէեւ դրանց նկարչութեան ու շրջանակների ոճով այլ սրբապատկերներ ներկայիս էլ գոյութիւն ունեն թանգարանի իրերի մէջ: Հետեւաբար՝ ձեր ազնիւ ուշադրութեանն ենք յանձնում, որ առաջին փուլում մեզ անհրաժեշտ էր հաստատել կամ մերժել նշեալ իրերի պատկանելութիւնը, այնուհետեւ համապատասխան քայլերը ձեռնարկել:
«Հարկ ենք համարում նշել նոյնպէս, որ մանրանկարչութիւն էջերի անհետացման մասին մենք տեղեկացել ենք վերոնշեալ ելեկտրոնային նամակներն ստանալուց եւ անհրաժեշտ ստուգումները կատարելուց յետոյ միայն, որը չի նշանակում, թէ դրանք անհետացել են ներկայ օրերում: Մեր պրպտումներն այս ուղղութեամբ եղել են տարիներ առաջ մի քանի առիթով արուած լուսանկարների համեմատութեամբ, որով պարզուել է, որ գրչագիր մատեանների նշեալ էջերի անհետացումը վաղեմութիւն ունի եւ նոր դէպք չէ, սակայն նոր է ի յայտ գալիս, իսկ դրա յստակ թուականի ճշգրտումը դեռեւս հնարաւոր չէ: Այդուհանդերձ՝ թեմիս ազգային մարմինները, անկախ դէպքի թուականից, չեն խուսափում պատասխանատուութիւնից եւ վճռական են իրենց ազգային յանձնառութեան մէջ՝ վերադարձնել պատառիկները եւ բացայայտել յանցագործութիւնը: Միաժամանակ, սակայն, գտնում ենք, որ անհիմն ու առանց ապացոյցների՝ մարդկանց անունների շահարկումն ու նրանց մեղադրելն անընդունելի են եւ բուն գործին վնասաբեր: Յայտնում ենք, որ այս ուղղութեամբ եւս թեմիս ազգային մարմինները օրինական միջոցներով հարկ եղած քայլերը կը ձեռնարկեն:
«Թեմիս պատասխանատուները մի առ ժամանակ լռութիւն են պահպանել եւ հասարակութեանն իրազեկ չեն դարձրել կատարուածի մասին, քանի որ, ինչպէս նշեցինք, նախ պահանջուել է որոշ ժամանակ՝ կատարելու ստուգումները եւ ուսումնասիրելու մեր որդեգրելիք քայլերն ու հնարաւորութիւնները՝ գործը աւելի ազդու կերպով առաջ տանելու համար, որով կարեւորուել է առաջնահերթաբար զբաղուել պատառիկների վերադարձման գործով, որի համար հաշուի է առնուել այս բնագաւառում մասնագէտ անհատների փորձն ու խորհուրդները, առ այն, որ որեւէ սխալ քայլ կամ տեղեկատուութիւն կը վտանգի պատառիկների վերադարձը՝ արտասահմանեան նշեալ աճուրդի կենտրոնից եւ դրա շարունակութեամբ՝ կը խանգարուի յանցագործութեան բացայայտման գործընթացը, որը զուգահեռաբար եւ օրինական միջոցներով հետապնդուել ու հետապնդւում է մեր կողմից:
Վերջում մեր ժողովրդին կրկին դիմում ենք խուսափել անհիմն ու շփոթեցնող մեկնաբանութիւններից: Վստահ եղէք, որ այս գործում որեւէ նոր առաջընթացի մասին, յարմար ժամանակում, տեղեակ կը պահենք ձեզ, ինչպէս անցեալում՝ նմանօրինակ ցաւալի դէպքերի պարագայում:
ԴԻՒԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Նոր Ջուղա
14 Յուլիսի 2011 թ.