«ՀՐԱՊԱՐԱԿ»
Փոքր երկրի պարագայում արտագաղթի հետեւանքներն աւելի ակնառու են լինում: Աչքիդ առաջ, օրեցօր արձանագրում ես մտքի, մասնագէտների, խիզախութեան, քաղաքացիական կեցուածքի նուազումը: Արձանագրում ես ու սարսռում՝ վերջը՞: Ումո՞վ ենք տնտեսութիւն պահելու, հող մշակելու, երեխայ կրթելու, օրէնք մշակելու, թերթ տպելու եւ վերջապէս, եթէ հարկ լինի՝ թշնամուն յաղթելու: Նօսրացող այս շարքերով ինչպէ՞ս ենք զարգանալու, երբ ամէն օր աւելի ու աւելի է պակասում հոգեւոր, ֆիզիկական, մտաւոր պոտենցիալը (կարողականութիւնը-Խմբ.): Գնում են լաւերը, ճարպիկները, առաջադէմները: Նրանք, ովքեր կը կարողանան յաղթահարել գաղթականի ու օտարի բարդոյթը եւ կը կարողանան դիմանալ դրսում տիրող դաժան մրցակցութեանը: Հասկանում եմ, որ ասուածի մէջ վիրաւորական բան կայ մնացողներիս հասցէին: Բայց նաեւ ամէն օր արձանագրում եմ, որ մի որակեալ ընթերցողով պակասեց մեր լսարանը, մի քիչ աւելի բարդացաւ շնորհալի լրագրող գտնելու գործը, գրեթէ անհնարին դարձաւ հմուտ փորձագէտ-մասնագէտ գտնելու, նրա կարծիքը թերթ բերելու խնդիրը: Եւ եթէ փոփոխութիւնների վեկտորն (ուղղութիւնը-Խմբ.) ի վնաս մամուլի է, ապա ինչո՞ւ պէտք է յօգուտ կրթութեան, տնտեսութեան, հողագործութեան, իրաւաբանութեան եւ միւս ոլորտների լինի: Կա՞յ արդեօք մի ասպարէզ, որտեղ չկայ որակեալ կադրերի (աշխատողներու-Խմբ.) պակաս: Վստահ եմ, որ ոչ: Բոլորն են բողոքում: Լաւ բժիշկների, դասախօսների, քաղաքագէտների, ծրագրաւորողների, դերձակների, շինարարների, «մենեջեր»ների, թարգմանիչների… բոլորին չթուարկեմ, պակաս կայ ամէնուրեք: Նրանց մի մասն այսօր տքնում է արտերկրում, յաճախ ոչ իր մասնագիտութեամբ: Եւ ո՞վ է հաշուել, թէ սա ի՛նչ է նստում մեր պետութեան վրայ եւ ինչքանո՛վ է բարդացնում մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծումը: