ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Ցանկացած իրավիճակում մարդիկ ձգտում են բարեկեցիկ կեանքի. սա է նրանց գլխաւոր նպատակը: Սակայն յաճախ այնպէս է պատահում, որ ինչ-ինչ պատճառներով այդ նպատակին հնարաւոր չէ հասնել: Այդ դէպքերում գլուխ է բարձրացնում աղքատութիւնը եւ իր կործանարար ազդեցութիւնն ունենում տնտեսութեան վրայ: Եթէ բնակչութիւնը դրամ չունի ապրանք ձեռք բերելու համար, տնտեսութիւնը չի կարող աճել, ինչն էլ իր հերթին յանգեցնում է աւելի խորը աղքատութեան:
Տնտեսական ճգնաժամի սկսուելու պահից թէ՛ կառավարութիւնը, թէ՛ ղեկավար այլ կառոյցներ ձգտում են սահմանափակել աղքատութեան տարածումը, եւ մինչեւ վերջին ժամանակներն այնպիսի տպաւորութիւն էր ստեղծւում, թէ նրանց ջանքերը յաջողութեամբ են պսակուել: Սակայն Ամերիկեան մարդահամարի բիւրոյի ներկայացրած տուեալների համաձայն Միացեալ Նահանգներում գնալով աճում է աղքատների թիւը: Անցեալ տարի այս ցուցանիշն աւելացել է 2,6 միլիոնով: Վիճակագրութիւնը երբեւէ այսքան խօսուն չէր եղել: Միջին խաւի ընտանիքների եկամուտն անցեալ տարի իջել է 1996թ. գրանցուած մակարդակին: Մեծ Ճգնաժամից (great depression) մինչ օրս առաջին անգամ է, որ այսքան երկար ժամանակ միջին եկամտի աճ չի գրանցուել: Ո՞վ կարող էր մտածել, որ ներկայումս միջին խաւի ընտանիքն աւելի վատ վիճակում է, քան 1990ականների վերջին:
Փաստօրէն, վերջին տասնամեակների բոլոր զարգացումները չկարողացան որեւէ կերպ մեղմացնել այն ցնցող հարուածը, որն ամերիկացիները ստացան 2007թ.: Ցաւալին այն է, որ այս պարագայում ամենամեծ կորուստները կրում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքները: Մարդահամարի բիւրոյի տուեալները ցոյց են տալիս, որ 2010թ. աղքատութեան շեմից ցածր եկամուտ ստանում էր ընտանիքների 15,1 տոկոսը, մինչդեռ այդ շեմը կազմում է ընդամէնը $22,314 դոլար: Այս մակարդակը հաւասար է 1993թ. արձանագրուած տուեալներին: Տպաւորութիւն է ստեղծւում, որ ղեկավարութեան քայլերը էլ աւելի են բարդացնում իրավիճակը: Ո՛չ տոկոսադրոյքի ցածր մակարդակի պահպանումը, ո՛չ նոր աշխատատեղերի ստեղծման ծրագիրը չկարողացան օգնել միջին եւ ցածր խաւին վերականգնել իրենց «յարաբերական անդորրը». նրանք պայքարում են գոյատեւման համար եւ յոյս չեն կարող փայփայել, որ մօտ ժամանակներս իրավիճակը կը շտկուի: Իսկ եթէ յիշենք ճգնաժամի սկիզբը, կը տեսնենք, որ այս տնտեսական խնդիրները նոյնիսկ ճգնաժամ չէին ցանկանում որակել, սակայն, ինչպէս տեսնում ենք, ըստ բոլոր ցուցանիշների սա իսկական ճգնաժամ է:
Ինչպէս ցանկացած տնտեսական ճգնաժամի դէպքում, ամենաբարձր եւ ամենացածր խաւերի եկամուտների միջեւ հսկայական անդունդ է ստեղծուել: Հասարակութեան ամենացածր շերտի եկամուտները նուազել են 12 տոկոսով, մինչդեռ նոյն ցուցանիշն ամենաբարձր խաւի համար կազմում է ընդամէնը 1,5 տոկոս: Այս տուեալը ակնառու կերպով ցոյց է տալիս, որ հարուստները իրենց ունեցուածքի միջոցով կարողանում են համեմատաբար կայուն վիճակ պահպանել, իսկ աղքատները, ովքեր մեծապէս կախուած են պետութեան կողմից ֆինանսաւորուող սոցիալական ծրագրերից, աւելի ու աւելի են մխրճւում աղքատութեան անդունդը: Եթէ ինչ-որ մէկը դեռեւս յոյս ունի, որ այս տարին աւելի պայծառ հեռանկար է խոստանում, ապա պիտի հիասթափեցնենք նրան՝ յայտնելով, որ ոչ մի տնտեսագիտական կանխատեսում դրական տեղաշարժներ չի ակնկալում: Արդէն իսկ վերջացել են տնտեսութեան զարգացումը խթանող միջոցները, դաշնային եւ տեղական կառավարական մարմինները մեծապէս կրճատել են իրենց անձնակազմը, իսկ սոցիալական ծրագրերի նախահաշիւը սարսափելի ծանր վիճակում է:
Ի լրումն այս ամէնին պէտք է նշել, որ փոքրամասնութիւններն աւելի մեծ կորուստներ են կրում. դեռ 2009թ. սեւամորթների եւ իսպանախօսների շրջանում աղքատութեան մակարդակը կազմում էր 25 տոկոս, իսկ ներկայումս այդ ցուցանիշն աճել է, կազմելով համապատասխանաբար 27 եւ 26 տոկոս: Սպիտակամորթների հատուածում այս թիւը կազմում է ընդամէնը 9,9 տոկոս, որը 2009թ.ից աճել է ընդամէնը 0,5 տոկոսով: Ասիացիները գուցէ ամենաշահաւէտ վիճակում են, քանի որ նրանք չեն աղքատացել. ցուցանիշը նոյնն է՝ 12,1 տոկոս:
Նախկինում յուսով էինք, որ ճգնաժամի ամենադաժան պահն արդէն ետեւում է, իսկ իրականում եթէ նոյն միտումը շարունակուի, մինչեւ 2015թ. գրեթէ 10 միլիոն մարդ աղքատ կը համարուի: Անցեալ տարի գրեթէ 48 միլիոն մարդ (18-64 տարեկան) ամբողջ տարուայ ընթացքում չի աշխատել նոյնիսկ մէկ շաբաթ. իսկ ինչպէ՞ս կարող է վերջինս գոյատեւել, եթէ չի կարողանում աշխատանք գտնել: Ընդամէնը մէկ տարուայ ընթացքում նման կարգավիճակում գտնուող մարդկանց թիւն աճել է 3 միլիոնով. ցնցող վիճակագրութիւն, որը թոյլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը՝ ստիպելով բնակչութեանը խուճապի մատնուել: Չէ՞ որ երկար ժամանակ չաշխատելու դէպքում աշխատանքային ոլորտ վերադառնալիս դժուարութիւններն անխուսափելի են: Իսկ ամենավտանգաւորն այն է, որ երիտասարդների շրջանում (15-24 տարեկաններ) միջին եկամտի անկումն ամենամեծն է եղել՝ կազմելով 9 տոկոս:
Մեր նախորդ ակնարկում արդէն խօսել էինք, թէ ի՛նչ մեծ վտանգ է այս անկումը ներկայացնում տնտեսութեան ընդհանուր զարգացման հարցում: Նման իրավիճակը բացասաբար է ազդում ժողովրդագրական պատկերի վրայ. 25-34 տարեկանները չեն կարողանում բաւականաչափ գումար վաստակել, կայուն աշխատանք չունեն, հետեւաբար ստիպուած են վերադառնալ եւ ապրել իրենց ծնողների հետ, ինչը կրճատում է նոր ընտանիքների ստեղծման հաւանականութիւնը: Եթէ նրանք շարունակեն ապրել միայնակ, ապա կը դասուեն աղքատների շարքին՝ ունենալով ընդամէնը $11,344 դոլար կա՛մ աւելի ցածր եկամուտ: Ի՞նչ կարելի է ակնկալել այսպիսի հասարակութիւնում:
Իսկ ամենատարօրինակն այն է, որ այս անկմանը նախորդող թուացեալ տնտեսական վերելքի շրջանը ոչնչով չի օգնել միջին խաւի ներկայացուցիչներին: Պաշտօնական տուեալների համաձայն աղքատութեան մակարդակը 2007թ. աւելի բարձր էր քան 2001թ.: Ցաւալի է նաեւ լսել, որ անցեալ տարի աւելի շատ մարդիկ ծայրայեղ աղքատութեան մէջ են յայտնուել. նրանք, ում թիւը կազմել է 20,5 մլն. ինչը ամբողջ բնակչութեան 6,7 տոկոսն է, տարեկան $11,000 դոլարից ցածր եկամուտ են ստացել: Այս ամէնի հետեւանքով աղքատութեան մէջ ապրող երեխաների թիւն աճել է, հասնելով 16,4 տոկոսի. սա 1962թ.ից մինչ օրս գրանցուած ամենաբարձր ցուցանիշն է: Երեխաները մեր ապագան են, եւ եթէ նրանք ապրեն աղքատութեան մէջ, հնարաւորութիւններ չեն ունենայ զարգացնել իրենց ունակութիւնները: Հետեւաբար, նրանց ապագան էլ աղօտ կը լինի, ինչն իր հերթին կարող է կործանարար ազդեցութիւն ունենալ մեր տնտեսութեան վրայ:
Հրապարակուած տուեալներից պարզ է դառնում, որ ներկայիս իրավիճակի մէջ դրական փոփոխութիւններ կարող է մտցնել միայն կտրուկ միջոցների կիրառումը: