«ԵՐԿԻՐ»
Մեր հասարակութեան մեծամասնութիւնը առաջնորդւում է այն սկզբունքով, որ ոչինչ հնարաւոր չէ փոխել, ինչը յանգեցնում է խոր նիհիլիզմի, յարմարուողականութեան կամ արտագաղթի:
Մաշտոցի պուրակում հաւաքուած երիտասարդներն իրականում կռիւ են տալիս ոչ թէ մի քանի կրպակների ապամոնտաժման (կազմաքանդման-Խմբ.), այլ այս կարծրատիպը փշրելու համար: Նրանք, նոյնիսկ ծայրայեղ միջոցների դիմելով, փորձում են ցոյց տալ, որ անհնարին թուացողը կարելի է ու պէտք է դարձնել հնարաւոր: Սա այն ծիլն է, որն անհրաժեշտ է հասարակութեան առողջացման համար:
Նախկինում բոլոր առողջ նախաձեռնութիւնները ձախողուել են՝ առաջին հերթին անհարկի շահարկումների, ամբիցիաներին (փառասիրութեանց-Խմբ.) յագուրդ տալու, փոխադարձ անհանդուրժողականութեան պատճառով: Երիտասարդների այս նախաձեռնութիւնը սնւում է միայն առողջ ու համընդունելի մտածողութիւնից, քաղաքին, երկրին, սեփական իրաւունքներին տէր լինելու բնական պահանջից:
Նրանց աննահանջ կեցուածքը, հետեւողականութիւնը, իրենց ուժերին վստահ լինելու իրողութիւնը, ռոմանտիզմը ապահովում են այն լաւագոյն հանգրուանը, որը կարող է բերել այս խնդրի շուրջ հասարակական բիւրեղացմանը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ այդ որակեալ փոքրամասնութիւնը քանակական մեծամասնութեան վերածուի: Իսկ դա կախուած է բոլորիցս, իւրաքանչիւրիցս…