
ԱԼՎԱՐԴ ՈՒԶՈՒՆԵԱՆ
Մարտի 16ին, ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանի ծնողները, ուսուցիչները, աշակերտները, հովանաւորները եւ հիւրերը հաւաքուել էին «Տաղլեան» մշակութային կենտրոնում՝ տօնելու համար դպրոցի 31րդ տարեկան պարահանդէսը, որը կազմակերպուել էր ծնողաուսուցչական անձնակազմի կողմից, իսկ ուտեստները մատակարարուել էին «Դիվայն Քէյթրինգ»ի կողմից: Ներկայ գտնուողներից էին տէր եւ տիկին Մկրեանները, պատուոյ հիւրեր էին հովանաւորներ Պետրոս Տաղլեանը, Հմայեակ Բալթայեանը եւ դպրոցի հոգաբարձական կազմը:
Հանդիսութիւնը բացուեց ծնողաուսուցչական անձնակազմի նոր նախագահ Հուրի Տաղլեան-Գուրուեանի ողջոյնով, որն ուղղուած էր հիւրերին եւ հոգեւոր հովիւ Մանուկ Ա. քհնյ. Մարգարեանին: Երեկոն հայ ժողովրդական երգերով խանդավառեց յայտնի երգիչ Գագիկ Բադալեանը, որից յետոյ «DJ Switch»ը նուագեց օտար եւ հայկական պարեղանակներ:
Պատուոյ հիւրերը հրաւիրուեցին կտրելու վարժարանի 31րդ տարեդարձի առթիւ՝ «Մասիս» անուշեղէնի խանութի կողմից պատրաստուած հրաշալի կարկանդակը: Դրանից յետոյ, Հուրի Տաղլեան-Գուրուեանը ներկայացրեց վարժարանի «Կենաց Ծառը» խորհրդանշող մի ծաղկող ծառ, եւ հրաւիրեց տնօրէն Վարդգէս Գուրուեանին, որպէսզի նա ներկայացնի այն մարդկանց, ովքեր կամենում են կախել դպրոցի նուիրատուութիւնները խորհրդանշող ժապաւէններ:
«Ես ցանկանում եմ իմ խորին երախտագիտութիւնը յայտնել տէր եւ տիկ. Վարդան եւ Քրիստինէ Մկրեաններին եւ մեր բոլոր հովանաւորներին՝ իրենց ներդրումների համար», նշեց Հուրի Տաղլեան-Գուրուեանը: Նա աւելացրեց. «Ես նաեւ շնորհակալ եմ ծնողաուսուցչականի անդամներին՝ այս միջոցառմանը իրենց անձնազոհ նուիրումի համար: Շնորհակալ եմ այս յաջողակ երեկոյի համար»: Նա նշեց, որ Կարէն Տաղլեանը՝ «Տաղլեան» մշակութային համալիրի ղեկավարը եւ «Արշակ Տիգրանեան»ի շրջանաւարտը, մեծ զեղչ է առաջարկել դահլիճը վարձելու գործում: Երեկոյի խօսնակը աւելացրեց, որ ճաշկերոյթի ողջ հասոյթը կը յատկացուի վարժարանի կրթաթոշակների հիմնադրամին:
Ի վերջոյ, երիտասարդ թէ տարեց, լցրեցին պարահրապարակը՝ պարելով եւ ուրախանալով մինչեւ ուշ երեկոյ: