
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- 2005-2007 թուականներին, իրաքա-ամերիկեան վերջին պատերազմից յետոյ, բազմաթիւ հայորդիներ, ովքեր տասնամեակներ շարունակ ապրում ու Իրաքի հայկական խոշոր համայնքի մասն էին կազմում, բռնեցին գաղթի ճանապարհը: Իրաքահայերից 700ը հաստատուեցին Հայաստանում, որոնցից գրեթէ 200ը Արարատի մարզի Դարբնիկ գիւղում: Դարբնիկում հաստատուած հայկական ընտանիքներից մէկի երիտասարդ հայրերից է Վարուժան-Հայկ Փահրադեանն՝ իր նորաստեղծ ընտանիքով, ով զրուցեց «Արմէնփրէս»ի աշխատակից Գէորգ Ղազարեանի հետ Հայաստանում իր կեանքի եւ կենսափորձի մասին:
ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ.- Ինչպէ՞ս հաստատուեցիք Հայաստանում:
ՎԱՐՈՒԺԱՆ-ՀԱՅԿ ՓԱՀՐԱԴԵԱՆ.- Հայաստան ենք տեղափոխուել երեք հոգով՝ ես, կինս ու մեր երեխան: Տղաս չորս տարեկան է: Հայաստան եմ տեղափոխուել Բաղդադից՝ իրաքեան պատերազմը սկսուելուց յետոյ: Մեր ընտանիքի ապագան որոշեցինք կառուցել Հայաստանում: Ամուսնացել ենք Հայաստանում: Կինս եւ տղաս այժմ Հայաստանի քաղաքացի են, իսկ ես դեռ Իրաքի քաղաքացի եմ:
ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ.- Ինչպիսի՞ն են պայմանները Հայաստանում: Հե՞շտ է արդեօք ձեզ այստեղ ապրել:
ՎԱՐՈՒԺԱՆ-ՀԱՅԿ ՓԱՀՐԱԴԵԱՆ.- Այստեղ պայմանները մի փոքր աւելի դժուար են: Բաղդադում հնարաւորութիւններն աւելի շատ էին: Սակայն պատերազմը սկսելուց յետոյ ամէն ինչ փոխուեց. բոլորը բոլորի թշնամի դարձան: Իհարկէ, այդ պայմաններում ոչ միայն ընտանիք կազմելն է դառնում անհնարին, այլեւ պարզապէս ապրելը: Սադամ Հուսէյնի իշխանութեան տարիներին հայերի համար շատ աւելի հեշտ էր թէ՛ աշխատելը, թէ՛ կրթութիւն ստանալը: Իհարկէ, նաեւ հանգիստ էինք ապրում, քանի որ վստահ էինք մեր անվտանգութեան համար: Իսկ հիմա, երբ հետեւում եմ լուրերին, ամէն օր մի հարեւան միւսին ահաբեկում է:
ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ.- Հեշտութեա՞մբ է տրւում ձեզ շփումն ու աշխատանքը Հայաստանում այստեղի հայերի հետ:
ՎԱՐՈՒԺԱՆ-ՀԱՅԿ ՓԱՀՐԱԴԵԱՆ.- Հայաստանում շատ յաճախ դու քեզ զգում ես օտար իւրայինների շրջանում: Փոքր-ինչ բարդ է շփումը, քանի որ մտածելակերպի որոշ տարբերութիւններ կան տեղի հայերի եւ արաբների հետ մեծացածների միջեւ: Ի հարկէ նաեւ հանգիստ ես քեզ զգում, քանի որ քո ազգակիցների շրջապատում ես ու ոչ թէ այլազգիների: Այստեղ ապրելն, այդ տեսանկիւնից ունի, թէ՛ դրական եւ թէ՛ բացասական կողմեր:
ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ.- Որպէս ի՞նչ էք աշխատում ու ինչպէ՞ս էք ապահովում ձեր օրուայ ապրուստը:
ՎԱՐՈՒԺԱՆ-ՀԱՅԿ ՓԱՀՐԱԴԵԱՆ.- Այստեղ, կ՛ասէի, միակ բարդութիւնը աշխատանքի բացակայութիւնն է, յատկապէս նրանց համար, ովքեր նոր են տեղափոխուել Հայաստան եւ խնդիր ունեն հայ հասարակութեանը ինտեգրուելու (մերուելու-Խմբ.): Շինարար եմ, աշխատանքս սեզոնային (եղանակային-Խմբ.) բնոյթ է կրում: Աշխատում եմ, երբ կանչում են: Այսպէս աշխատելը բարդ է, սակայն այլ ելք պարզապէս դեռ չկայ:
ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ.- Որպէս յետգրութիւն. ի՞նչ կը ցանկանայիր, որ փոխուէր Հայաստանում:
ՎԱՐՈՒԺԱՆ-ՀԱՅԿ ՓԱՀՐԱԴԵԱՆ.- Չեմ կարող որեւէ բան յստակ նշել: Պարզապէս ցանկանում եմ, որ ամէն ինչ գնայ դէպի լաւը, որ կարողանանք աւելի բարեկեցիկ ու արժանապատիւ ապրել մեր հայրենիքում: