Ռաճըր Գիւբէլեանի «Լեռներում գտնուող մութ անտառ» վաւերագրական ֆիլմը ցուցադրուեց Ազատամարտիկի տարուայ ձեռնարկների շրջանակում:
Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը 2012 թուականը յայտարարել է հայ Ազատամարտիկի տարի: Այս առիթով կազմակերպութիւնն անցկացնում է տարաբնոյթ ձեռնարկներ, որոնց ընթացքում հաւաքուած ողջ հասոյթը տրամադրուելու է արցախեան պատերազմի ազատամարտիկներին:
«Մեր ձեռնարկների նպատակն է համայնքի, մանաւանդ հայ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկութիւնը Արցախի ազատագրական շարժման, յաղթանակում իրենց անձնուէր ներդրումն ունեցած անհատների մասին», նշում է Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան գործադիր տնօրէն Սերուժ Աբրահամեանը:
Ապրիլի 5ին, տեղի ունեցաւ Ազատամարտիկի տարուայ շրջանակներում անցկացուող հերթական ձեռնարկը, որ Հայ երիտասարդաց Դաշնակցութեան հետ միասին կազմակերպել էին UCLA համալսարանի եւ Գլենդէյլի Հանրային Քոլեջի հայ ուսանողական միութիւնները, եւ ՀՅԴ Շանթ ուսանողական միութիւնը: Հոլիվուդի Հայ կենտրոնում ցուցադրուեց Ռաճըր Գիւբէլեանի՝ «Լեռներում գտնուող մութ անտառ» վաւերագրական ֆիլմը: 1994 թուականի նկարահանուած Արցախեան պատերազմի մասին պատմող այս ֆիլմում ներկայացւում է արցախեան հակամարտութեան ծագումը, զարգացումները, որ մեկնաբանում են նաեւ ոլորտի պատմաբանները:
Ֆիլմը կառուցուած է պատերազմի ընթացքում նկարահանուած վաւերագրական տեսանիւթերի հիման վրայ, որտեղ պատկերուած է զինուորների եւ արցախի բնակիչների ամենօրեայ պայքարը:
Ֆիլմը սկսւում է Հայաստանի եւ Արցախի պատմական անցեալի մասին համառօտ տեղեկատուութեամբ, որտեղ նշւում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Ռաճըր Գիւբէլեան ներկաներին պատմեց ֆիլմի ստեղծման մասին, խօսեց ներկայում Արցախում տիրող իրավիճակի մասին:
«Վերջերս ես Արցախում այցելեցի ֆիլմում նկարահանուած վայրեր, որտեղ, ցաւօք սրտի, մարդկանց չհանդիպեցի: Սահմանամերձ գիւղերում բնակիչներ չկան, ինչը խնդիր է եւ յաղթանակից յետոյ անտրամաբանական իրավիճակ», իր մտահոգութիւնները յայտնեց Գիւբէլեանը: «Ասպարէզ»ին տր-ուած հարցազրոյցում նա նշեց, որ հայ ժողովուրդը ազգովին պէտք է քաջալերի հայ զինուորին, ազատամարտիկին՝ այս դէպքում ուշադրութեամբ եւ հոգածութեամբ վերաբերուելով նրանց:
«Հայ զօրավարները մշտապէս մեծ դեր են ունեցել մեր ժողովրդի համար ճակատագրական իրավիճակներում եւ այսօր էլ, մենք կարիք ունենք ռազմական արուեստին տիրապետող հմուտ զինուորականների», նշեց Գիւբէլեանը: Ըստ նրա, աշխարահսփիւռ հայ ազգը պէտք է միաւորուի ընդհանուր արժէքների ու խորհրդանիշների մեր լեզուի, եկեղեցու, մշակոյթի շուրջ, ստեղծի նոր գաղափարներ, որ կը համախմբի գալիք սերունդներին:
Ֆիլմի ցուցադրութեանը հետեւեց Գիւբէլեանի եւ հաւաքուածների միջեւ աշխոյժ քննարկում՝ նշուած հարցերի շուրջ: Ձեռնարկի ընթացքում վաճառւում էին նաեւ հայ ազատամարտիկի նկարով շապիկներ: Սերուժ Աբրահամեանը յայտնեց, որ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կապեր ունի Հայաստանում գործող ազատամարտիկ-վետերանների միութիւնների հետ եւ տեղեակ է նրանց խնդիրներից: Ամերիկեան ձեռնարկներից ստացուած ֆինանսական միջոցներն, ըստ այդմ, յանձնուելու են նրանց առողջապահական կարիքների համար, տեղեկացրեց Աբրահամեանը:
«Նրանք իրենց առաւելագոյնը տուեցին յանուն Արցախի ազատագրման, եւ այսօր արդէն մեր հերթն է աջակցել մեր զինուորներին, այստեղ՝ հայ համայնքում իւրաքանչիւրի սրտում սերմանել Արցախը զօրացնելու եւ միասնաբար մեր հողերին տէր կանգնելու գաղափարը», նշեց Աբրահամեանը:
Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, կրթական-տեղեկատուական նպատակով ստեղծել է նաեւ http://withoursoldiers.com կայքէջը, որտեղ ներկայացուած են Արցախեան ազատամարտի հերոսների մասին պատմող տեսանիւթեր, այլ տեղեկութիւններ: Այստեղ հնարաւոր է կատարել նաեւ նուիրատուութիւն:
Հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործի նուիրեալներին յարգելն ու աջակցելը իւրաքանչիւր հայի պարտքն է: Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան երիտասարդների նախաձեռնութիւնը նաեւ կենսական է՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող պատերազմի սպառնալիքների ֆոնին բարոյահեգոբանական մթնոլորտ ստեղծելու առումով: