ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այս օրերին աշխարհի տնտեսական շրջանակները աւելի շատ են մատնանշում մի տերմին (եզր-Խմբ.), որին անդրադարձել ենք ամիսներ առաջ. Fiscal Cliff-ի մասին է խօսքը:
Շատերի կարծիքով աշխարհին իրական վտանգ է սպառնում, եթէ այս հարցը ժամանակին լուծում չստանայ: 2012ի վերջին մի շարք տնտեսական ծրագրեր իրենց աւարտին են մօտենում, եւ դրանց վերանայման խնդիրը ցաւոտ է բոլոր տեսանկիւններից: Նախագահ Բուշի օրօք որդեգրուած նախահաշուային այս ծրագրերի վերջնաժամկէտը 2012 թուականի Դեկտեմբերի 31ն է: Այս ծրագրերի թուին են պատկանում Բուշի հարկային արտօնութիւնները, աշխատավարձերի հարկային արտօնութիւններն ու գործազրկութեան յատուկ նպաստները: Սրան գումարուելու են պաշտպանութեան եւ առողջապահութեան բնագաւառներում որդեգրուած նախահաշուային կրճատումները, որ մաս էին կազմում պարտքի այսպէս կոչուած առաստաղի շուրջ ծաւալուած կարգաւորման բանակցութիւնների հիմնահարցին:
Ամերիկեան Կոնգրեսի յատուկ յանձնաժողովի հրապարակած տուեալների համաձայն, այս հարցերի յետաձգումը ոչ միայն երկիրը, այլ երկիր մոլորակի տնտեսութիւնը մօտեցնելու է անդունդի եզրին, որին անխուսափելիօրէն կը հետեւի գահավիժումը՝ իր հետ բերելով խիստ քաոսային իրավիճակ՝ աշխարհի շուկաներում: Այս ծրագրերի «վերացումը» երկրի նախահաշուային բացը կը նուազեցնէն 607 միլիարդ դոլարով, կամ 4 տոկոսով՝ 2012ից 2013 թուականն ընկած ֆինանսական տարում: Արդիւնքում, սակայն, տնտեսութիւնը կը տկարանայ, որի հետեւանքով հարկային դաշտը խիստ երերուն կը դառնայ: Տնտեսութեան թուլացումը իր հետ կը բերի աշխատատեղերի կորուստ, եւ գործազրկութեան նպաստների համար նախատեսուած ֆոնդերի աննախադէպ աճ, որը թարգմանւում է որպէս դրամի արտահոսք, առանց արժէքի ստեղծման:
Եթէ երկիրը այս աննախադէպ փոթորիկը հրաշքով շրջանցի, ապա 2013 թուականին երկրի տնտեսութեան աճը կը կազմի 5.3 տոկոս: Սակայն համապատասխան ճիշդ որոշումներ չկայացնելու դէպքում, տնտեսութեան աճը կը կազմի մօտաւորապէս 1.3 տոկոս, որը սարսափելի ցուցանիշ է: Տնտեսագէտներից շատերը հետեւեալ պարզ օրինակն են բերում. եթէ ոչինչ չձեռնարկուի, ապա դրամ վաստակող ընտանիքը աւելի քիչ բիւջէ պիտի ունենայ, քանի որ հարկերի բարձրացման արդիւնքում աւելի քիչ դրամ է տնից ներս մտնելու: Մարդիկ, համապատասխանաբար, աւելի քիչ պիտի ծախսեն, իսկ գործարանները շատ աւելի պահպանողական մարտավարութիւն պիտի որդեգրեն, իրենց պատուէրները կատարելու՝ նախապատրաստական շրջանում յատկապէս: Արդիւնքում սպասւում է նոր ճգնաժամ, որից իբր թէ արդէն դուրս էինք եկել:

Fiscal Cliff տերմինը բոլորի շուրթերին է, իսկ երկրի Կոնգրեսի շատ անդամներ փաստօրէն պնդում են, թէ Կոնգրեսը այս հարցը կը քննարկի միայն նախագահական ընտրութիւններից յետոյ, այսինքն՝ այսքան կարեւոր հարցը քննարկելու համար ընդամէնը 6 շաբաթ ժամանակ կը տրամադրուի: Հաշուի առնելով, թէ երեբեմն որքան դանդաղ է աշխատում ամերիկեան կոնգրեսը, հասարակ մարդկանց մնում է միայն աղօթել: Ոմանք առաջարկում են հարցի քննարկումը «յետաձգել»: Սա գրեթէ բացառւում է, քանի որ երկրի պարտքը այժմ կազմում է Համախառն ներքին արտադրանքի 73 տոկոսը, իսկ խնդրի յետաձգման պարագայում այն կը կազմի ՀՆԱի 93 տոկոսը 2022 թուականին, մի բան՝ որ թոյլատրելի չէ: Որքան հարցը յետաձգուի, այնքան ցաւոտ է լինելու լուծումներ որոնելու ճանապարհը, յայտարարում են մասնագէտները: Եւ որո՞նք են այդ հետեւանքները.
– Ճգնաժամի պարագայում երկիրը չի կարող պատշաճ վարկ ապահովել: Օրինակ՝ եթէ անհատի ինքնաշարժը արկածի է ենթարկւում, մարդը իր «քրեդիտ քարտ»ով կարող է այն վերականգնելու ծախսերը հոգալ, բայց եթէ «քրեդիտ քարտ»ը այլեւս տեղ չունի ծախսելու, ապա ստիպուած պիտի լինի առանց մեքենայի «եոլա գնալ»: Երկիրն էլ այդ վիճակում կարող է յայտնուել, եթէ պարտքերը մարելու քաղաքականութիւն չորդեգրի:
– Պարտքի առաստաղի բարձրացման արդիւնքում հարկատուների վճարած հարկերից աւելի խոշոր կտոր ստիպուած կը գնայ պարտքի տոկոսները մարելուն: Տոկոսները մարելու համար տրամադրուած որեւէ փող էական արժէք չի ստեղծում, պետութիւնը ի վիճակի չի լինի նոր ճանապարհներ կառուցել, նոր գործարաններ ստեղծել, եւ այլն: Արդիւնքում երկրի առաջընթացը կտրուկ արգելակման առջեւ կը կանգնի: Երբ նման իրավիճակ ստեղծուի, ներդնողները կարող են խրտնել, եւ կարող են պահանջել բարձրացնել ապառիկ գումար ձեռք բերելու տոկոսները, այս պարագայում ծախսերի դրամատիկ (էական-Խմբ.) կրճատումը անխուսափելի կը դառնայ, մի բան, որին ականատես ենք դարձել արդէն իսկ՝ Յունաստանի եւ Եւրոպական այլ երկրների օրինակներով:
– Գործարար շրջանների վստահութիւնը կը կոտրուի, անհատ եւ խմբային ներդրումները կը նուազեն՝ արդիւնքում է՛լ աւելի տկար դարձնելով տնտեսութեան առողջացման տեսլականը:
Ոմանք կանխատեսում են, թէ այս տարուայ Դեկտեմբերին «ժամանակաւորապէս» կը յետաձգեն այս հարցերի քննարկումները, եւ դրա մէջ ինչ որ իմաստ կայ, քանի որ նման հարցերը շատ արագ լուծելը կարող է աւելի վատ հետեւանքների յանգեցնել:
Սրանք հարցեր են, որ սովորական մահկանացուների որոշումներից վեր են: Իսկ ի՞նչ անենք, կը հարցնէք, եթէ այսպիսի մութ պատկեր է գծագրւում: Միակ բանը որ կարող ենք անել՝ դա հնարաւորին չափ նախապատրաստուած լինելն է, որը եւս յարաբերական հասկացութիւն է՝ ինչ որ տեսանկիւնից: Ինչպէս ժողովուրդն է ասում՝ կ՛ապրենք, կը տեսնենք: