
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
Ձօն Հայաստանի Անկախութեան
21ամեակին
Իմ հայրենիքը
Միակ օրրանս է,
Արեանս բոսորն ու հոգուս աղօթքն է
Անցեալի վէրքը,
Ներկայ պարծանքը,
Իմ ճակատագրի փրկուած էջն է…
Իմ հայրենիքը
Օրհնուած տաճար է
Յոյսերի ակունք, ճախրող տենչանք է,
Յոյզ ու կարօտս,
Երգիս ղօղանջը,
Բիւր անուրջներիս վեհ հանգրուանն է…
Իմ հայրենիքը
Բացուող սուրբ օրս է
Մեր եռագոյնի խրոխտ ծփանքն է
Սրտիս թրթիռը,
Բազուկիս ուժը,
Իմ լոյս գալիքը, յաւերժութիւնն է…
—————————————————————-
ՍԷՐ ԵՒ ԱՆՈՒՐՋ
Իմ մէջ շունչ առնող
Բոլոր սէրերից,
Կայ մէկը որ իմ՝ հոգին է լցնում,
Հայրենի հողի
Սէրն է մշտարթուն,
Որ նման յոյսի՝ իմ մէջ է ապրում:
Իմ մէջ թեւ առնող
Բիւր անուրջներից,
Կ’այ մէկը որ իմ՝ սիրտն է սփոփում,
Հայոց լեռների
Արքան է վսեմ,
Որ մեծ երազիս՝ կանթեղն է վառում:
ԲՈՍԴՈՆ