ՀԱՅԿ ԱՐԱՄԵԱՆ
Քրեսենթա հովիտի Հայց. առաքելական եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախումբի ամսական դասախօսութիւնների մաս կազմող եւ Միացեալ Նահանգների նախագահական ընտրութեանց ու հայոց շահերին նուիրուած ձեռնարկը տեղի ունեցաւ Դեկտեմբեր 23ին, առաջնորդարանի դահլիճին մէջ: Օրուան բանախօսն էր Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Զարեհ Սինանեան: Նա շնորհակալութիւն յայտնեց դաստիարակչական յանձնախմբին՝ այս հանդիպումը կազմակերպելուն համար, ինչպէս նաեւ՝ ձեռնարկը հովանաւորողներ տէր եւ տիկին Լեւոն եւ Մարիջան Գէորգեաններին:
Զեկոյցին նիւթը շատ յստակ էր. պէտք է ընտրութիւն կատարել երկու թեկնածուների եւ ԱՄՆի ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ անոնց դիրքորոշումներին ու խոստումներին միջեւ: Եթէ Միթ Ռամնի միայն տալիս է խոստումներ, որով պէտք է կողմնորոշուեն ընտրողները, ապա Պարաք Օպամայի դէպքում՝ քաղաքացիներին յստակ տեսանելի են նրա խոստումներն ու կատարած գործերի յարաբերութիւնը:
Շարունակելով իր խօսքը՝ զեկուցողը հանգամանալից կերպով վերլուծեց հայերիս համար երկու թեկնածուների տեսանելի միտումները: Այսպէս, եթէ Օպամա մինչեւ 2008ի ընտրութիւնները հայերիս ի նպաստ որոշակի խոստումներ էր տալիս, որոնք հիմնականում այդպէս էլ մնացին, ապա հանրապետականների թեկնածու Միթ Ռամնիի դէպքում՝ պատկերը այլ է: Հայահոծ Մեսեչուսեց նահանգի կառավարիչ եղած ժամանակից մինչեւ այսօր, իրմէ որեւէ տեսանելի հայանպաստ փաստի չենք հանդիպել:
Զեկուցողը նշեց, որ Հայ Դատը կապի մէջ է երկու թեկնածուների կազմերին հետ, հիմնականում քոնկրեսականների միջոցաւ: «Մենք միշտ զգում ենք հակահայ հոսանքների կարծրութիւնը, սակայն մեր պայքարը արդարութեան համար է եւ անկասելի», աւելացրեց զեկուցողը:
Ամփոփելով երկու տարաբնոյթ թեկնածուների քաղաքական կերպարների եւ յատկապէս հայութեան նկատմամբ նրանց դիրքորոշումների վերլուծումը՝ զեկուցողը հարկ համարեց դիմել հայ ընտրողներին՝ առաւել եւս մասնակցելու ոչ միայն նախագահական ընտրութեանց, այլեւ յատկապէս նահանգային ու տեղական ընտրութիւններին:
Զեկուցումէն ետք, ինչպէս սպասւում էր, կայացան բուռն հարցադրումներ, որոնց Զարեհ Սինանեանը եւ ներկայ գտնուող Արտաշէս Քասախեանը պատասխանեցին՝ որոշակի վերլուծութիւններով: