ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ձեզ ենք ներկայացնում Վլադիմիր Աբաջեանի 80ամեակի առթիւ՝ «TV ալիք» շաբաթաթերթին տուած բացառիկ հարցազրոյցը:
80 ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Մայիս ամսին պատրաստւում են նշել իմ 80ամեակը: Ես ինձ 8 տարեկան եմ զգում: Լակոտներ էինք, Վահրամ Փափազեանին հարցրեցինք. «Քանի՞ տարեկան էք», պատասխանեց. «Մանչս, դերասանին տարիք չեն հարցնի: Այնքան եմ, որքան երեւում եմ բեմում»: Եթէ մարդը կենսունակ է, թող լինի: Իմ տարիքում բոլոր տաղանդաւոր մարդիկ մեռած պէտք է լինէին, տարաբախտաբար ես ապրում եմ: Չժխտելով տարիքիս առկայութիւնը՝ ասեմ, որ 80 տարեկանի զգացողութիւն չունեմ: Ես ապաւինում եմ մեր գրողներին՝ Նարեկացի, Սեւակ, Չարենց, Թումանեան, եւ իմ հանդիսատեսին. նրանց ասելիքը հասցնում եմ ձեր հոգիներին: Կարծեմ դա յաջողւում է:
ՄԱՆԿՈՒՑ՝ ԴԵՐԱՍԱՆ
Իմ կեանքի ամենամեծ իրադարձութիւնը դերասան դառնալս է: 9 տարեկանից չհասկանալով կարդում էի Թումանեան, «Աբու-Լալա Մահարի»: Յետոյ բախտս բերեց՝ մեծացայ մեր մեծ դերասանների կողքին: 3րդ կուրսից եկայ թատրոն. Արմէն Գուլակեանի սանն եմ եղել: Նա ասում էր. «Մազալու բան անելը արուեստի հետ ոչ մի կապ չունի»:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՈՈՒՆԵՐՆ
ՈՒ ՍՐԱՄՏՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ
Դէմ չեմ շոուներին, թէեւ դրանք իմ նախասիրութիւններին չեն համապատասխանում: Ես նախընտրում եմ լուրջ արուեստ, բայց խնդրում եմ այնպէս չհասկանաք, թէ ես անհամ դերասան եմ եւ կատակ չեմ ընդունում: Գիտէ՞ք, խաշից ու խորովածից խօսելը սրամտութիւն չէ: Շիրազին յիշեցի: Նա 12 տարեկանում Գիւմրիում գրում է մի բանաստեղծութիւն եւ ուղարկում Երեւան՝ Գրողների միութիւն: Այստեղ զարմանում են, թէ ով է այս հրաշամանուկը եւ նրան հրաւիրում են իրենց մօտ: Դէ, Շիրազն էլ՝ շուկայում թրեւող տղայ. մէկից մի տաբատ է խնդրում, մէկից մի պիջակ, բայց փողկապ չի գտնում: Քրոջն է դիմում, վերջինս էլ մի կանաչ փողկապ է գնում եղբօր համար: Գալիս է Գրողների միութիւն, բացում առաջին սենեակի դուռը եւ տեսնում, որ ծխի մէջ մարդիկ բանավիճում են: Համարձակութիւն չի գտնում ներս մտնելու, նորից է բացում ու փակում, երրորդ անգամից յետոյ ներսից մէկն ասում է. «Էդ ո՞վ է դուռը չարչարում, կամ ներս արի, կամ գնայ»: Շիրազն առաջանում է: Ներս «հրաւիրողն» ասում է. «Այ տղայ, կանաչ փողկապ ես կապել, չե՞ս վախենում՝ էշերը վրադ արածեն»: Շիրազը վեհերոտ պատասխանում է. «Դրա համար էլ ներս չէի մտնում»: Հասկանում ես, սիրելիս, սրամտութիւնն էլ պէտք է ասելիք ունենայ:
ԴԵՐԱՍԱՆԸ ԵՒ ՀԱՅԸ
Մարդն ամէն ինչ իր ներսում պէտք է փնտռի, գտնի, ունենայ՝ ոչ միայն ցանկութիւն, այլեւ տուեալներ: Բալա ջան, տաղանդը Աստծոյ տուած բան է: Փափազեանն իր գրքերում շատ է շեշտում՝ «եթէ նա դերասան է, եթէ նա…», միշտ «եթէ»ն կայ: Աւետ Աւետիսեանին, ում դուք տեսել էք միայն ֆիլմերում, ջահէլներով հոգու հետ խաղալով հարցրինք. «Աւետ Մարկիչ, մենք կարո՞ղ ենք դերասան դառնալ»: Պատասխանեց. «Երեխէք, դերասանի առաջին 20 տարին է դժուար, երկրորդ 20 տարին աւելի է դժուար, դրանից յետոյ առհասարակ ոչինչ չի լինում»: Դերասանը ողջ կեանքում պէտք է աշխատի: Շնորհքով երիտասարդներ շատ կան, որոնք խոստումնալից ապագայ ունեն:
Մի 30 երկիր շրջագայելուց յետոյ ես հասկացայ, որ չեմ կարող ապրել ուրիշ տեղ: Ամէն տեղ էլ լաւ են ընդունում, վաստակածս էլ՝ նիւթական իմաստով, աւելի շատ կարող էր լինել: Բայց ես չեմ կարող արմատներիցս հեռանալ: Այստեղ ես ապահով եմ թէկուզ քեզ հետ հանդիպելիս:
ԸՆՏԱՆԻՔ ԵՒ ՏՈՒՆ
Մօտաւորապէս ճիշդ են ասում, որ դերասանները ընտանիք չպէտք է կազմեն, որովհետեւ թատրոնն արդէն ընտանիք է: Թատրոնը կախարդական բան ունի իր մէջ: Անգամ նորմալ ընտանիք ունեցող դերասաններն իրենց տունը թատրոնն են համարում: Ամէն օր Դաւիթ Մալեանը գալիս էր թատրոն, թէեւ գործ չէր ունենում: Ես այն երջանիկներից եմ, որ ունեմ եւ տուն-ընտանիք, եւ տուն-թատրոն: Երկու դուստր ունեմ, մէկ թոռ: Թոռս սիրում է արտասանել: Կինս՝ Նելլի Յարութիւնեանը, կիրթ անձնաւորութիւն է, 20 տարի դասախօսել է թատերական ինստիտուտում, աշխատել է ռադիօյում: Աղջիկս՝ Նանա Աբաջեանը, ինձնից լաւ է կարդում, բայց ամօթխած է, զուսպ, ինչը դերասանին պէտք չէ: Թոռնուհիս՝ Աննան, այդպէս չէ, նա ժամանակի ծնունդ է:
Տանը մէկ-մէկ սուրճ չեն տալիս, մէկ-մէկ էլ գոռում են վրաս (կատակում է): Երբ բոլորը քնած են լինում, ես 2-3 հատ սուրճ եմ խմում, ապա բաժակս լուանում, որ չտեսնեն: Երբ նրանք արթնանում են, սուրճ եմ ուզում: Կնոջս պատրաստած սուրճն ամենաշատն եմ սիրում: Դու եթէ գայիր մեր տուն, կը զգայիր իմ տան հրաշալի մթնոլորտը:
ՏԵԽՆԻԿԱ ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ՈՒ ԵՍ
Դժուար հասկանալի ժամանակ է: Դրսում ինձ CD-ների ապարատուրա (սարքեր-Խմբ.) են նուիրել, էլի ուրիշ բաներ, բայց ես դրանք չեմ կարողանում օգտագործել, դրանցից թոռս է գլուխ հանում: Իսկ բջջային հեռախօսն ինձ համար ազատութիւնը սահմանափակող բան է, դրանով ես կարծես հետախուզման մէջ գտնուող յանցագործ լինեմ: Ունէի, նուէր էի ստացել, էլի տուեցի թոռնուհուս:
ԵՐՋԱՆԻկ ԱՌՕՐԵԱՅ
Ամէն առաւօտ մարդիկ ինձ բարեւում, ժպտում, լաւ խօսքեր են ասում: Մի օր եթէ այդպիսիք չեն լինում, ես վիրաւորւում եմ, ասում եմ՝ այսօր օրս լաւ չանցաւ: Ես չեմ զլանում զրուցել ոչ միայն քեզ պէս գեղեցիկ ու հաճելի աղջիկների հետ, այլեւ պատահական անցորդների: Չեմ մերժում նաեւ մասնակցել միջոցառումների, թէկուզ անհատոյց: Վ. Փափազեանն ասել է. «Արուեստագէտին ռոճիկի մի կապէք, դա նոյնն է, թէ արշաւի ձիուն արօրի լծէք»:
Ուրիշ ի՞նչ ասեմ, բալայ, շատ չխօսեցի՞…