Քառորդ դար առաջ՝ 1988թ. Փետրուարի 20ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչութիւնը պետական իշխանութեան լիազօր մարմնի՝ ժողովրդական պատգամաւորների մարզային խորհրդի միջոցով բարձրացրեց ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մէջ մտցնելու հարցը՝ փորձելով օրինական ընթացակարգերի միջոցով իրագործել իր ազատ ինքնորոշման իրաւունքը:
Ի հակակշիռ իր իսկ հռչակած ժողովրդավարական բարեփոխումների եւ վերակառուցման ուղեգծի, Խորհրդային Միութեան ղեկավարութիւնն ընկալունակ չգտնուեց հարցի հանդէպ, իսկ Ադրբեջանը որդեգրեց թշնամական կեցուածք ոչ միայն ԼՂԻՄի, այլեւ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի հանդէպ: ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանի ընդունած որոշման պատասխանը եղան հակահայկական հիստերիան ու գործողութիւնները, որոնց ամենավայրագ դրսեւորումը հանդիսացաւ Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան սպանդը եւ բռնի տեղահանութիւնը:
Այդ պահից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Ադրբեջանական ԽՍՀ տարածքում էթնիկական զտման է ենթարկուել աւելի քան 500,000 հայ, ովքեր ապրում էին իրենց հայրենիքում եւ ունէին սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրաւունք: Միայն բացառիկ ինքնակազմակերպուածութեան, տոկունութեան, ողջ հայ ժողովրդի եւ միջազգային հանրութեան աջակցութեան շնորհիւ արցախահայութիւնը կարողացաւ դիմագրաւել ամենադաժան մարտահրաւէրները եւ գոյատեւել իր սեփական բնօրրանում:
1991թ. Օգոստոսի 30ին Ադրբեջանը, հրաժարուելով խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդը լինելուց, դէ-իւրէ ու նաեւ փաստացի կորցրեց Լեռնային Ղարաբաղի հանդէպ պետական իշխանութիւն իրականացնելու իրաւունքը, իրեն յայտարարեց 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւայաջորդ, որի իրաւազօրութիւնը Լեռնային Ղարաբաղի վրայ երբեւէ ոչ մի ձեւով չի տարածուել:
Փոփոխուած աշխարհաքաղաքական միջավայրում հիմք ընդունելով նաեւ այդ իրողութիւնը՝ 1991թ. Սեպտեմբերի 2ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Նոյն թուականի Դեկտեմբերի 10ի համաժողովրդական հանրաքուէի արդիւնքների ուժով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հռչակուեց որպէս անկախ պետութիւն՝ իրեն պարտադրուած պատերազմում կասեցնելով Ադրբեջանի զինուած նախայարձակումը, դառնալով հակամարտութեան գօտում հրադադարի հաստատման 1994թ. համաձայնութիւնների լիիրաւ կողմ:
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կայացած անկախ, ինքնիշխան ժողովրդավարական եւ սոցիալական պետութիւն է, որն ինքնուրոյն է որոշում իր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, հարեւանների հետ յարաբերութիւններին առնչուող բոլոր հարցերը: Այս հիմքի վրայ է մեր ժողովուրդը պատկերացնում իր ներկայ եւ գալիք սերունդների խաղաղ կեանքը սեփական հայրենիքում:
Հիմնուելով վերոյիշեալի վրայ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովը, որպէս երկրի օրէնսդիր իշխանութեան մարմին, հաւատարիմ մնալով Ղարաբաղեան շարժման ոգուն եւ որդեգրած արժէքներին, իր պատրաստակամութիւնն է յայտնում դրանք հետեւողականօրէն շարունակելու եւ պաշտպանելու գործին եւ յայտարարում, որ՝
– գլուխ է խոնարհում Շարժման երախտաւորների անուան ու գործի, հայրենիքի ազատութեան, ինքնիշխանութեան համար նահատակուածների անմար յիշատակի առջեւ,
– հետամուտ է Ադրբեջանի Հանրապետութեան հետ առկայ խնդիրների խաղաղ-բանակցային կարգաւորմանն այն իրաւական հիմքով, որ ամրագրուած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Սահմանադրութեամբ,
– պատրաստակամ է ծանրակշիռ աւանդ բերել տարածաշրջանում կայուն խաղաղութեան, պետութիւնների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատմանն ուղղուած բոլոր այն ջանքերում, որոնք հիմնուած կը լինեն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի վրայ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.