ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ապրիլի 2ին կայացած Գլենդելի քաղաքապետարանի ընտրութիւններում մի շարք պաշտօններում ընտրուեցին հայ թեկնածուներ: Մեր հայրենակիցների յաղթանակը նաեւ նախընտրական գրագէտ մշակուած ընտրարշաւի արդիւնք էր, որ իրականացուեց եւ յաջող ելք ունեցաւ նախընտրական գրասենեակների նուիրեալ անձնակազմի շնորհիւ: Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ ընտրուած Զարեհ Սինանեանի գրասենեակում շուրջ երկու ամիս ոգեւորիչ եռուզեռ էր տիրում տասնեակ կամաւորների շնորհիւ, որոնց թւում մեծամասնութիւն էին կազմում աւագ դպրոցներից ու քոլեջներից հայ պատանիներ ու երիտասարդներ:
Նախնըտրական արշաւի ետնաբեմում տեղի ունեցող իրադարձութիւնները «Ասպարէզ»ի էջերում բացայայտում է Զարեհ Սինանեանի նախընտրական գրասենեակի տնօրէն Էլեն Ասատրեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ընտրարշաւ ղեկավարելը մեծ պատասխանատուութիւն է, որ պահանջում է մեծ փորձառութիւն: Որքան ժամանակ է, որ ներգրաւուած էք նման գործընթացներում:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Գլենդելի Հերբերտ Հուվեր հայ սքուլի աշակերտ էի եւ միաժամանակ՝ հայկական ակումբի նախագահն էի, երբ առաջին անգամ մասնակցեցի նախընտրական արշաւի:
1999ին Րաֆֆի Մանուկեանն իր թեկնածութիւնն էր առաջադրել Գլենդելի քաղխորհրդում եւ, ներկայում Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանը, որ ղեկավարում էր նրա արշաւը՝ եկաւ մեր ակումբ եւ կամաւորների հաւաքագրեց: Ինձ շատ հոգեհարազատ դարձաւ այս գործը եւ այնուհետեւ, որպէս կամաւոր մասնակցեցի Փոլ

Գրիգորեանի, Ադամ Շիֆի, Նաիրի Նահապետեանի, Րաֆֆի Մանուկեանի տարբեր տարիների ընտրարշաւներին՝ կատարելով տարբեր աշխատանքներ, եղել եմ կամաւորների համակարգող: UCLA համալսարանի Քաղաքագիտութեան եւ փիլիսոփայութեան բաժինն աւարտելուց հրաւէր ստացայ աշխատելու Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի գրասենեակում, այնուհետեւ՝ գլխաւորեցի Գլենդելի մասնաճիւղը: Այս պաշտօնում, ես բնականաբար ակտիւօրէն մասնակցել եմ 2007, 2009, 2011թթ.ին տարբեր թեկնածուների արշաւների, գլխաւորել եմ Հայ Դատի յանձախմբի «Հայ վոթս» ծրագիրը: Ի դէպ, այս նախաձեռնութեան շրջանակներում հնարաւոր եղաւ ընտրութիւնների համար արձանագրել Գլենդելում բնակուող շուրջ չորս հազար հայերի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նախընտրական արշաւն ի՞նչ առանձնայատկութիւններ ունի:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Չափազանզ կարեւոր է ռազմավարութիւնը, որտեղ նշւում են տուեալ ընտրապայքարին յատուկ առաջնահերթութիւնները: Անհրաժեշտ է կարողանալ ճիշդ բաշխել ֆինանսները, որ հաւաքւում են դրամահաւաքների միջոցով: Զարեհ Սինանեանն այս հարցում առաջ էր իր բոլոր մրցակիցներից, ինչը նպաստեց մեր յաջողութեանը: Չափազանց կարեւոր է հանրութեան հետ ակտիւ հաղորդակցութիւնը, որ տեղի էր ունենում լրատուամիջոցների, սոցիալական ցանցերի եւ անհատական շփումների միջոցով: Սինանեանը շատ կարճ ժամանակահատուածում առաւել ճանաչելի եւ սիրուած դարձաւ գրեթէ ողջ Գլենդելի համար: Ընտրապայքարի առանցքային կէտերից է քաղաքացիների խնդիրներին ծանօթ լինելը եւ թեկնածուի կողմից դրանց լուծման յստակ մեխանիզմների առաջադրումը: Ըստ այդմ, ուսումնասիրութիւններ էինք անցկացնում՝ ծանօթանալու Գլենդելի տարբեր շրջաններում բնակիչներին մտահոգող հարցերին եւ արդիւնքում, թեկնածուն ձեւաւորում է իր ծրագիրը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ի՞նչ դեր է վերապահուած կամաւորներին նախընտրական գործընթացներում:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Նախընտրական արշաւի համար հաւաքուած անձնակազմի հիմնական մասը կազմում են կամաւորները: Նրանք, անձնակազմի հիմնական այլ անդամների հետ միասին, արշաւի ողջ ընթացքում զանգահարում էին Գլենդելի բնակիչներին եւ նրանց ծանօթացնում մեր թեկնածուին, միաժամանակ՝ յորդորում էին մասնակցել ընտրութիւնների: Մենք նաեւ արձանագրում էինք ընտրութեան իրաւունք ունեցող քաղաքացիներին, աջակցում՝ եթէ ընտրելու համար աջակցութեան կարիք ունէին: Մեր կամաւորների միւս խումբը դռնեդուռ մարդկանց իրազեկում էր ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին եւ ներկայացնում էր Սինանեանին: Քուէարկողներին իրենց իրաւունքների եւ ընտրութիւնների մասին կրթելու ծրագրի շրջանակներում, մեր գրասենեակի կամաւորների համակարգող Աննա Առաքէլեանը նաեւ այցելում էր տարբեր կրթօջախներ, հասարակական կազմակերպութիւններ՝ միաժամանակ հրաւիրում էր կամաւորների: Արդիւնքում, մեր ընտրարշաւին մեծ ոգեւորութեամբ միացան աւագ դպրոցի, քոլեջների հարիւրաւոր ուսանողներ, տարբեր կազմակերպութիւններից անհատներ: Մեր նպատակն է նաեւ նոր սերնդին կրթել ու պատրաստել որպէս ակտիւ քաղաքացիներ եւ գործիչներ, ովքեր ապագայում իրենք կը գլխաւորեն նախընտրական արշաւներ: Կամաւորների համար յատուկ դասընթացներ էինք անցկացնում, փոխանցելով մեր փորձն ու գիտելիքները, այսինքն՝ նախընտրական մեր գրասենեակը նաեւ կրթական դարբնոց էր երիտասարդների համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչը նպաստեց ձեր նախընտրական արշաւի յաջող անցկացմանը:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Չափազանց կարեւոր է թեկնածուի կերպարը: Զարեհ Սինանեանը Գլենդելի քաղաքապետարանում եւ Հայ Դատի յանձնախմբում իր գործունէութեամբ մեծ հեղինակութիւն եւ յարգանք է վայելում քաղաքում բոլոր համայնքների կողմից: Նա քաջատեղեակ է բնակիչների խնդիրներին եւ իր ծրագրում խոստանում է հասնել դրանց լուծմանը: Նախընտրական գրասենեակը գլխաւորող անձն էլ պէտք է տեղեկացուած լինի քաղաքի խնդիրներին: Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղում իմ աշխատանքի շնորհիւ, ես մանրամասն ծանօթ եմ մեր համայնքի մտահոգութուններին: Այս հանգամանքը օգնեց, որ մենք կարողանանք յստակ ձեւակերպել Գլենդելի տարբեր հատուածներում բնակիչներին յուզող հարցերն ու տալ դրան լուծման ճանապարհները: Ի դէպ, Զարեհը նախընտրական արշաւի ողջ շրջանում ակտիւ հանդիպումներ ունեցաւ իր ընտրողների հետ՝ թէ՛ լրատուամիջոցներով, թէ՛ անհատական հանդիպումներով, եւ անձամբ հեռախօսազանգեր էր իրականացնում ու պատասխանում էր իւրաքանչիւր դիմողի հարցին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞վ էին այս ընտրութիւնները տարբերւում նախորդներից:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Իւրաքանչիւր ընտրութիւնների ժամանակ մեզ դիմում են հազարաւոր քաղաքացիներ՝ խնդրելով օգնել ընտրութիւնների ժամանակ: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ այս անգամ մեզ դիմողների թիւը շատ քիչ էր, այսինքն՝ հայ համայնքը ինքնուրոյն է այլեւս կարողանում ընտրել: Սա, նշանակում է, որ մեր հանրութեանը ընտրութիւնների մասին կրթելու եւ իրազակելու Հայ Դատի եւ թեկնածուների երկարամեայ ջանքերը տալիս են իրենց պտուղները եւ սա մեծ ձեռքբերում է բոլորիս համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նոյնը կարելի՞ է ասել մասնակցութեան մասին:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Ակնկալում էի, որ հայ համայնքը առաւել ակտիւ կը լինէր եւ մասնակիցների թիւը կը հասնէր 14 հազարի, սակայն ոչ պաշտօնական տուեալներով մեր թեկնածուի օգտին քուէարկել է շուրջ 7 հազար ընտրող: Հարկ է նշել, որ Սինանեանին իրենց ձայնն էին տուել նաեւ բազմաթիւ կորէացիներ: Գլենդելում արձանագրուած հայ ընտրողների թիւը շուրջ 30 հազար է, եւ եթէ մեր համայնքը առաւել ակտիւ լինի՝ մեր թեկնածուի ձայնն առաւել բարձր կը լինի քաղաքապետարանում: Նշեմ, որ նախընտրական շրջանում Զարեհ Սինանեանի դէմ մրցակցի՝ Լորա Ֆրիդմանի յարձակումը ադեկուատ պատասխան եւս չունեցաւ: Այդ միջադէպի արդիւնքում տուժեց մեր նախընտրական արշաւը՝ քանզի մօտ երկու շաբաթ մեր ողջ ուժերը կենտրոնացրինք յարձակումը չէզոքացնելու համար: Սա, իրականում հարուած էր ոչ միայն Զարեհին, այլ՝ ամբողջ մեր համայնքին: Մրցակիցները չեն հանդուրժում մեր ուժը եւ ամէն կերպ փորձեցին կասեցնել մեր յաղթարշաւը: Մեր համայնքի համապատասխան արձագանգը կը լինէր ակտիւ մասնակցութիւնը, որ համախմբուածութեան, խտրականութեան դէմ եւ մեր իրաւունքների համար պայքարի վկայութիւնը կը դառնար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ կոչ կ՛ուղղես հայ համայնքին:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Իւրաքանչիւր ձայն հաշւըւում է: Կոչ կ՛անեմ մեր հայրենակիցներին պատասխանատուութիւն ստանձնել սեփական ապագայի նկատմամբ եւ մասնակիցը դառնալ որոշումների կայացման: Շատ յաճախ ընտրողներն իրենց անտարբերութիւնը պայմանաւորում են պաշտօնեաների կոռումպացուած լինելու հանգամանքով, բայց պէտք է յիշեցնեմ, որ այդ նոյն պաշտօնեաններն ընտրւում են, որովհետեւ իրենք չեն խոչընդոտում՝ ընտրելով արժանի թեկնածուի: Ընտրովի պաշտօնեաները պէտք է հաշուետու լինեն համայնքի առաջ, բնակիչներն էլ՝ տէր կանգնեն իրենց ձայնին ու հետեւողական թեկնածուների խոստումների կատարման հարցում: Քաղխորհուրդը իւրաքանչիւր Երեքշաբթի բաց նիստ է անցկացնում, որտեղ ներկայացւում եւ քննարկւում են քաղաքին վերաբերող կարեւորագոյն հարցեր: Բաց լսումներին ուղիղ միացմամբ կարելի է հետեւել նաեւ կայքից: Այս կերպ, բնակիչը կարող է հետեւել իր ընտրեալին, դիմել խնդիրների լուծման համար եւ ինքնին դառնալ հարցերի լուծման խրախուսողը: Մեր մասնակցութեամբ, մենք նաեւ ուժեղացնում ենք մեր համայնքը: