
Արնագոյն ցոլքը շիկնած արեւի,
Դանդաղ փշրուեց սարերի լանջին,
Թափառ ամպերն էլ
արտասուաթաթախ,
Երկնակամարից տրտունջ մաղեցին:
Նիրհեց լեռների պարը մթան մէջ,
Գիշերը դարձաւ ծանր, թախծագին,
Լուսինն ծանրացած իր կոպը բացեց,
Ինչպէս մոմի լոյս՝ յանձնուած մթին:
Ես էլ վշտահունց բնութեան նման,
Փնտռում եմ լոյսը արեգակներից,
Տագնապում եմ լուռ, դողում հոգեւին,
Շրջում եմ դէմքս՝ խռոված կեանքից:
Իմ հոգու բոլոր ճախրանքներն անեղծ,
Բախուել են անյոյս պատնէշին մթան,
Իմ կրծքի խորքում աշխարհ է թաղուել,
Խաւարածնունդ չարերից դաժան:
Ես դեգերել եմ երկիրներ անտուն,
Անլոյս, անարեւ ճամփեքով անցել,
Եւ տառապանքի անապատներում,
Ցամաք աչքերով վշտերս ողբացել:
Արդարութիւնը տուայտում է դեռ,
Լսում եմ անդարձ պատրանքը ստի,
Չսանձահարուող կեղծիքով անափ,
Տեսնում եմ անգայթ՝ մշուշն խաւարի:
Դեռ չէ խաղաղուել յոյզը իմ հոգու,
Ես պիտի փշրեմ վշտերիս շղթան,
Տխրութիւն ու լաց ինձնից վանելով,
Յառաջ պիտ գնամ հոգով յաղթական:
Թէկուզ փլուզուի խենթ դարը շուտով,
Ես պիտի ճեղքեմ պատնէշը մթան,
Յանուն բերկրածին լուսէ գալիքի,
Յանուն ճշմարիտի վերայայտնութեան:
Կը փայլատակի պահը սրբազան,
Լոյսը խաւարի հիմներն կը ցնցի
Կամքով անխարդախ, հաւատքով անխախտ,
Պիտի բերկրանքիս՝ գարունը բացուի:
Ինձ, պիտ գուրգուրի լոյսը վաղորդեան,
Ողջերթի հիմնով աշխարատարած,
Յոյսն իմ պիտ դառնայ վսեմ ախոյեան,
Այլ ուղի չունի՝ իմ լոյս ապագան:
ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Բոստոն