ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Մեր երկրին մէջ կ՛ապրէի ես մեր 9 անդամներէ բաղկացած ընտանիքում: Այժմ կը մնանք ես, եղբայրներս՝ Արշակ եւ Մուրատ, ընդամէնը 3 հոգի: Սպաննուած են հօրեղբայրներս՝ 3 հոգի, մեռած են մայրս, հօրեղբօրս կինը եւ աղջիկը՝ 3 հոգի: 1914թ.ի զօրահաւաքը սկսելուն պէս թուրք կառավարութեան ոստիկանութիւնը մեր գիւղը եւս եկաւ եւ հաւաքեց բոլոր զինուորացուները… մենք տանելով թուրք կառավարութեան բոլոր անարդարութիւնները, ապրեցանք մինչեւ 1915: Մեծ Զատիկէն շաբաթ մը անցաւ: Օր մը թուրք ոստիկանութիւնը մեր գիւղ եկաւ եւ բոլոր տղամարդկանց հաւաքելով 10-100 տարեկան եղողները Ականց տարաւ: Նոյն օրը հաւաքեցին շրջանի տղամարդկանց՝ 1300ից աւելի անձեր եւ նոր զօրանոցին մօտ սպաննեցին բոլորին, որոնց մէջ էին հօրեղբայրներս: Տղամարդկանց սպաննելուց յետոյ գիւղը եկան եւ կողոպտեցին: Մեզ հաւաքելով մի տեղ լցրին, բռնութեամբ մահմեդականացրին որին որ իրենց քէֆը կ՛ուզենար, իսկ բռնաբարութիւնը արդէն չափազանցութեան հասած էր: Մեզանից եւ ոչ մէկը ազատ չէր այդ խայտառակութիւնից: Թուրքերի ձեռքում մնացինք մօտ մէկ ամիս, անկէ յետոյ թուրքերը փախան՝ ջոկելով մեզանից գեղեցիկներին եւ իրենց համար տարան»:
Սա հատուած է Վանի գաւառի Արճէշի գաւառակի Օրօրան գիւղի կոտորածը վերապրած 17ամեայ Սէյրան Յովսէփեանի վկայութիւնից:
Փայլածու Ֆաբրիքաթորեանն էլ պատմում է Խարբերդի հայ բնակչութեան տեղահանութեան եւ կոտորածների մասին, որի ժամանակ կորցնում է գրեթէ ողջ ընտանիքին. «Ամուսնուս եւ նրա եղբայրների ու եղբօրորդիների թուից, որ 50ի մօտ էր, այսօր միայն ես եւ երկու պզտիկ տղաներս ենք ապրում: Մէկ տարում մօտ 45-48 անձերու կորուստը, միայն մեր շրջանակում ունենալ՝ որքան անտանելի վիճակ է: Մարդ անկարող էր դիմանալու, եթէ Աստուած այնքան սոսկալի դառնութեան հետ անչափ համբերութիւն չտար: Անիծուած լինեն այս կարդացող անձերը ցեղից ցեղ, որ վրէժ չլուծեն: Գուցէ համարեն մեզ խելագարներ կամ ոճրագործներ: Այն, որ մենք տեսանք, այն կեանքը, որ մենք ապրեցինք, չի կարող գտնուել մի մարդ՝ նոյնիսկ կմախքներէն, որ վրէժ չաղաղակէ», այս զգացմունքային կոչով սերունդներին է դիմում Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկուած Ֆաբրիքաթորեանը:
600ից աւելի Հաոց Ցեղասպանութիւնը վերապրածների բացառիկ վկայութիւնները ներկայացուած են «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում. Վերապրածների վկայութիւններ. Արխիւային փաստաթղթեր» եռահատոր աշխատութիւնում, որ հրապարակուել է Հայաստանի Ազգային արխիւի եւ «Վան» հասարակական կազմակերպութեան համագործակցութեան արդիւնքում 2012 թուականին:
Գրքերում ներկայացուած փաստաթղթերն առանձնայատուկ նշանակութիւն ունեն մի շարք առումներով, «Ասպարէզ»ի հետ հարցազրոյցում նշում է Հայաստանի Ազգային արխիւի տնօրէն, ժողովածուի գլխաւոր խմբագիր Ամատունի Վիրաբեանը:
«Այս փաստաթղթերը բացառիկ են, քանի որ ի տարբերութիւն Հայոց Ցեղասպանութեան մասին մինչ այսօր հրապարակուած պետական ու դիւանագիտական փաստաթղթերի, ներկայացնում են Ցեղասպանութիւնը տեսած եւ փրկուած մարդկանց իրական պատմութիւններն ու յիշողութիւններ, որ գրի են առնուել 1916թ.ին, երբ վերապրածների յիշողութիւնները դեռ թարմ էին: Միաժամանակ, այս վաւերագրերն իրաւական արժէք ունեն, որովհետեւ ստոյգ հասցէներ ունեցող մարդկանց վկայութիւններ են, ովքեր ներկայացնում են կոնկրետ իրենց բնակավայրերում ոճրագործութիւնը կազմակերպողների եւ իրագործողների անունները», նշում է Վիրաբեանը: Արխիւի տնօրէնն այս ժողովածուի իւրայատկութիւններից է համարում նաեւ, որ մարդն է առանցքում՝ իր հետ անմիջապէս պատահած դէպքերով, այսինքն՝ յանցագործութիւն է կատարուել կոնկրետ մարդու նկատմամբ:
«Երբ խօսւում է, որ ցեղասպանութեան տարիներին ոչնչացուել է մէկ ու կէս միլիոն հայ, թւում է գործ ունենք զուտ վիճակագրութեան հետ, բայց երբ ներկայացնում ես կոնկրետ մարդու ճակատագիրն այդ ողբերգութեան համատեքստում, դա արդէն այլ է՝ հաշուի առնելով նաեւ հանգամանքը, որ այսօր աշխարհում անհատի իրաւունքը դիտւում է առաջնայնութիւն», մեկնաբանում է Ազգային արխիւի տնօրէնը:
Գրքում տեղ գտած վերապրածների վկայութիւնները հաւաքուել են 1916 թուականին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բաքուի կոմիտէի նախաձեռնութեամբ:
Արեւմտեան Հայաստանի հայ բնակչութեան կոտորածների կազմակերպման եւ իրականացման վերաբերեալ հայ փախստականներից ստացուած տեղեկութիւնները ամփոփուել են «Վշտապատում» խորագրով, եւ որոնց հիման վրայ 2012թ.ին ստեղծուեց «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ. Արխիւային փաստաթղթեր» գիրքը: 1916-1917թթ.ին փաստահաւաք աշխատանքները ղեկավարել է Ռոստոմը, յանձնախմբի կազմում են եղել Զապէլ Եսայեանը, Վահան Թոթովենցը, զօրավար Անդրանիկը եւ շատ ուրիշներ:
«Տեղեկութիւնները հաւաքուել են յատուկ հարցաշարի միջոցով, որ պարզում էր անհատի տուեալները՝ մինչ տեղահանումը նրա բնակավայրը, ունեցուածքի չափը, տուեալ շրջանում բնակչութեան քանակը, եկեղեցիների, դպրոցների, մշակութային հաստատութիւնների թիւը: Հարցաշարում նաեւ ճշտւում էր հայերի կրած զրկանքները, նրանց այդ պահի իրավիճակը, փորձ է արուել հաւաքել թուրքերի կողմից հայերի զօրահաւաքների, բանակում հայ զինուորների վիճակի, կոտորածի եւ տեղահանութեան մասին վկայութիւններ, ինչպէս, նաեւ՝ ում հրամանով եւ ղեկավարութեամբ են տեղի ունեցել ջարդերը, ինչ ճանապարհներով են անցել տեղահանուածները եւ այլն: Փաստաթղթերում կան նաեւ վկայութիւններ ինքնապաշտպանական մարտերի մասին», ներկայացնում է Վիրաբեանը:
Հարկ է նշել, որ գրքում տեղ են գտել փաստեր, որ նոր լոյս են սփռում պատմութեան անցած էջերի վրայ: Վարչատարածքային առումով եռահատորեակում տեղ գտած վկայութիւնները բաժանուած են մասերի՝ Վանի, Բիթլիսի,

Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահագների եւ Պարսկահայքի:
Գրքում կան քարտէզներ, որ ներկայացնում են գաւառները գիւղ առ գիւղ՝ իրենց եկեղեցիներով, բերդերով ու ամրոցներով, խաչքարերով, սրբատեղիներով ու կամուրջներով: 127 լուսանկարի ու 48 վաւերագրերի լուսապատճէնների թւում են ընտանեկան լուսանկարներ, վկայողների բնօրինակ ձեռագրեր, ներկայում գոյութիւն չունեցող եկեղեցիների ու աւերուած գիւղերի պատկերներ:
«Այս վկայութիւնների արժէքն անգնահատելի է նաեւ, քանի որ դրանց վերլուծութիւնը թոյլ է տալիս վերհանել Օսմանեան կայսրութեան եւ յարակից տարածքների հայ բնակչութեան նկատմամբ համանման ցեղասպան վարքագծի ակնյայտ դրսեւորումը», նշում են գրքի կազմողները:
Եռահատորեակում տեղ գտած փաստաթղթերից պարզ է դառնում, որ ջարդերն իրականացնողները եղել են թուրք պաշտօնեաներ, ոստիկանապետներ, գաւառապետներ, նահանգապետներ, համիդական ջոկատներ, քրդական խուժան, չերքեզներ:
«Վանի նահանգում ջարդերի կազմակերպիչն ու իրականացնողը՝ Վանի նահանգապետ æեւդեթ բէյն էր, բանակի հրամանատար Խալիլ փաշան ու այլ պաշտօնեաներ», նշուած է վկայողների պատմութիւններում:
Տուեալ վաւերագրերը, նաեւ մեծ հետաքրքրութիւն կարող են ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով պատճառուած նիւթական վնասի ծաւալները գնահատելու եւ հանրագումարի համար, քանի որ դրանցում ամփոփուած են տուեալներ համապատասխան բնակավայրերի տնտեսական կարողութիւնների, մշակութային արժէքների մասին:
Միջազգային իրաւունքի փորձագէտ Վլադիմիր Վարդանեանը գրքի նախաբանում նշում է, որ ժողովածուում ամփոփուած տեղեկութիւնները հետաքրքրութիւն են ներկայացնում նախ եւ առաջ Հայոց Ցեղասպանութեան համար Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդին միջազգային իրաւական պատասխանատուութեան ենթարկելու համատեքստում:
«Այս վկայութիւնները ժամանակակից իմաստով համահունչ են վկաների կամ տուժողների ցուցմունքներին: Տուեալներ հաղորդողները, միաժամանակ ե՛ւ ցեղասպանութիւնից տուժած են ե՛ւ ականատես: Վկայութիւնները կարող են օգտագործուել Հայոց Ցեղասպանութեան որակման համար իրաւական նշանակութիւն ունեցող փաստեր ապացուցելու համար, օրինակ՝ Օսմանեան կայսրութեան եւ յարակից տարածքների հայ ազգային եւ կրօնական խմբի ամբողջութեամբ ոչնչացմանն ուղղուած յատուկ մտադրութիւն եւ դրանց իրագործման նպատակով մի շարք արարքների կատարում, ինչպիսին օրինակ՝ խմբի անդամների սպանութիւն, մարմնական եւ մտաւոր լուրջ վնասների պատճառում, այնպիսի պայմանների միտումնաւոր ստեղծում, որոնք ուղղուած են տուեալ խմբի ոչնչացմանը, երեխաների բռնի փոխանցում այլ մարդկային խմբերի», իր խօսքում նշում է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանեանը: Ըստ իրաւագէտի, նման վաւերագրերի իրաւաբանական նշանակութիւնը իր արդիականութիւնը չի կորցրել այսօր, աւելին՝ վերջին շրջանում տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման ակտիւացումը, ժխտման համար իրաւական պատասխանատուութեան նախատեսմանն ուղղուած օրինագծերի ընդունման փորձերը, տարբեր երկրների դատական մարմինների շրջանակներում Հայոց Ցեղասպանութեանն առնչուող յարակից իրաւական պահանջների բաւարարումը՝ Հայոց Ցեղասպանութեան հիմնահարցը կրկին վերադարձրել են իրաւական տիրոյթ: Այս միտումները պայմանաւորուած են նաեւ համաշխարհային զարգացումներով՝ ՄԱԿի միջազգային դատարանում «ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիայի» հիման վրայ նախաձեռնուած դատավարութիւններով: Նշուած զարգացումներն, ըստ Վարդանեանի առաւել կարեւորում են Հայոց Ցեղասպանութեանն առնչուող ապացուցողական նշանակութիւն ունեցող իրաւական փաստաթղթերի եւ այլ համանման նիւթերի վերհանումը:
ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը գնահատել է նաեւ ժողովածուի գիտաքաղաքական նշանակութիւնը՝ նշելով, որ Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին ընդառաջ մենք լուրջ կռուան ունենք թուրքերի դէմ պայքարելու համար: Ըստ նրա, այս վկայութիւնները եւս մէկ անգամ ապացուցում են, որ Հայոց Ցեղասպանութիւնը իրականացուել է ծրագրուած՝ հայութեանը հայրենազրկելու նպատակով:
Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին ընդառաջ, Հայաստանի Ազգային արխիւում մօտ մէկ դար պահուած այս չափազանց արժէքաւոր փաստաթղթերի հրապարակումը հնարաւոր է դարձել մոսկուայաբնակ բարերար Գագիկ Մելիքեանի ու նրա համախոհների ջանքերով:
«Ազգային արխիւի կայքէջում կարդացի, որ կան նման վկայութիւններ, որոնց շուրջ աշխատանքներ չեն իրականացւում, քանի որ պետութիւնն այդ պահին ի վիճակի չէր ֆինանսաւորել: Հաշուի առնելով այդ վկայութիւնների կարեւորութիւնը՝ Ամատունի Վիրաբեանին առաջարկեցի իմ աջակցութիւնը», պատմում է Մելիքեանը: Նա Ազգային արխիւին նուիրում է համակարգիչներ եւ ժամանակակից տեխնիկա (սարքեր-Խմբ.) եւ արխիւի աշխատակիցները սկսում են աշխատանքները: Միաժամանակ, Գագիկ Մելիքեանը համախոհների՝ Ռուբէն Գալչեանի, Լիպարիտ Պետրոսեանի, Խորէն Քոթանջեանի հետ հիմնադրում է «Վան» հասարակական կազմակերպութիւնը (ՀԿ) եւ տպագրւում է եռահատորեակը: Արդէն սկսուել են գրքի՝ անգլերէն եւ թուրքերէն լեզուներով թարգմանութիւնը, նախատեսւում է նաեւ այլ լեզուներով ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան մասին այս վկայութիւնները, ինչպէս նաեւ՝ պատրաստել դրանց էլեկտրոնային տարբերակները:

«Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ. Արխիւային փաստաթղթեր» եռահատորեակը արդէն կարելի է ձեռք բերել ԱՄՆում: Այն գնելու համար կարող էք դիմել «Արարատ» հիմնադրամին՝ (818)378-5657 հեռախօսահամարով, կամ «Ապրիլ» գրախանութին:
Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի միացեալ մարմինը եւս մասնակցում է գրքի մասին տեղեկատուութեան տարածման աշխատանքներին:
Հարկ է ընդգծել, որ գրքի վաճառքից գոյացած ողջ հասոյթը օգտագործուելու է եռահատորեակը տարբեր լեզուներով թարգմանելու եւ տարածելու, նոր հատորներ հրատարակելու, ինչպէս նաեւ՝ Ազգային արխիւում առկայ բազմաթիւ այլ փաստաթղթերը լոյս ընծայելու համար: Ձեռք բերելով պատմական նշանակութեան այս գիրքը, իւրաքանչիւրս նաեւ մեր ներդրումն ենք ունենում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Վան» հասարակական կազմակերպութիւնը հիմնադրուել է 2012թ. Հայաստանում եւ լինելով ոչ առեւտրային կազմակերպութիւն իրականացուող ծրագրերից շահոյթ չի հետապնդում:
«Վան» կազմակերպութեան հասցէով ստացուած բոլոր միջոցները կ՛ուղղուեն ծրագրային դրոյթներում ներկայացուած նպատակների իրականացմանը: Դրանցից առաջնային են «Հայոց Ցեղասպանութիւնը օսմանեան Թուրքիայում. վերապրածների վկայութիւններ» 4րդ հատորի՝ «Կիլիկիայի հայկական կոտորածները (1915-1922 թթ.)» եւ Պոլսում հաւաքագրուած նիւթերի հիման վրայ 5րդ հատորի հրատարակումը, թարգմանութիւնը եւ էլեկտրոնային տարբերակների պատրաստումը: «Վան» ՀԿի ծրագրերում է նաեւ հայերէնով լոյս ընծայել «1914-1918թթ. Հայերի կրած կորուստները որոշող յանձնաժողովի փաստաթղթեր»ը, որ հաւաքուել են 1918թ.ին Յովհաննէս Թումանեանի եւ Հողային միութեան կենտրոնական խոր-հրդի գլխաւորութեամբ ստեղծուած յանձնաժողովի կողմից, որը պատմութեան մէջ յայտնի է Կորուստների գնահատման յանձնաժողով» անուամբ: Հաւաքուել է տասնեակ հազարաւոր լրացուած հարցաթերթեր, որոնք խիստ արժէքաւոր տուեալներ են պարունակում Արեւմտեան Հայաստանում, Երեւանի նահանգում, Կարսի մարզում եւ մի շարք այլ վայրերում հայութեան կրած կորուստների մասին: Յետագայում այս նիւթերը ուղարկուել են Ֆրանսիա, որպէսզի Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի շրջանակներում հատուցման պահանջ ներկայացուի Թուրքիային: Այս փաստաթղթերի հրատարակումը եւս էապէս կը նպաստի հայոց պահանջատիրութեան փաստական բազայի հիմնաւոր ներկայացմանը:
«Վան» ՀԿի գործունէութեան մանրամասներին եւ ծրագրերին կարող էք ծանօթանալ կազմակերպութեան կայքում՝ www.van-arm.com հասցէով: