Հ. ԾՈՒԼԻԿԵԱՆ

Յաջորդ տարուայ Մարտի 14-20ը Նիւ Եորքում պետական մակարդակով կայանալու է նոր կինօփառատօն նուիրուած «Հասարակական հնչեղութեան ֆիլմերի» ցուցադրմանը: Նախաձեռնողն է, ըստ ստացուած տեղեկութիւնների, ճանաչուած դերասանուհի, ֆիլմարտադրիչ եւ ռեժիսոր Նորա Արմանին, համագործակցութեամբ Upstate pendents, Inc. ընկերութեան հիմնադիր անդամ եւ նախկին նախագահ Մայք Քեմոյնի (Mike Camoin) եւ Ռենսելերվիլում (Նիւ Եորք) Carey Center for Global Good կենտրոնի նախագահ Քերոլ Աշի (Carol Ash):
Գաղնիք չէ, որ ժամանակակից ֆիլմերի մեծ մասն առնչւում է վայրագութիւնների, բռնութիւնների եւ յարակից այլ բացասական երեւոյթների հետ, որոնցից հասարակութիւնը ձանձրացել է: Արմանիի մտայղացմամբ, փառատօնում ներկայացուելու են մարդկային դրական յատկանիշներ պարունակող պատմութիւններ, վերցուած թէ՛ քաղաքային եւ թէ գիւղական վայրերից: Սենսացիաներից եւ բռնութիւններից հեռու լինելով, դրանք դաստիարակչական, լուսաբանական նշանակութիւն են ունենալու, դրական էմոցիաների արտայայտմանն ու հոգեւոր արժէքների գնահատմանն են միտուած լինելու: Դրանք նաեւ միաժամանակ լինելու են զուարճալի, հետաքրքրաշարժ եւ, անշուշտ, կոմերցիոն տեսակէտից՝ մրցունակ:
Անկախ հարցախոյզերի ուսումնասիրութիւնները պարզել են, որ կինոդիտող հասարակութեան մէջ մեծ է պահանջը նման ֆիլմերի նկատմամբ:
Արմանին մեծ փորձ ունի փառատօնի կազմակերպման ասպարէզում: Նա կինոցուցադրութեան շաբաթներ է կազմակերպել ինչպէս Մ. Նահանգներում, այնպէս էլ Էդինբուրգում, Քեմբրիջում եւ Ռոտերդամում:
Նա այս տարի հրաւիրուած է եղել մասնակցելու Կաննի կինոփառատօնի «Պրոդիւսերների համացանցի» աշխատանքներին, որտեղ Մայք Քեմոյնի հետ հանդիպելով առաւել մանրամասն է քննարկել իր մտայղացումը:
Յաջողութիւն մաղթենք մեր տաղանդաւոր հայրենակցուհուն: