
Վարեց՝ ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը «Ազատութիւն» ռադիօկայանին տուած բացառիկ հարցազրոյցում արձագանքում է Ռուսաստանի գլխաւորած Մաքսային միութիւն մտնելու որոշմանը հետեւած եւրոպացի պաշտօնեաների յայտարարութիւններին եւ ներկայացնում է Հայաստանի յետագայ դիրքորոշումը Եւրամիութեան հետ Ասոցացման համաձայնագրի հարցում:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Պարոն Սար-գսեան, երէկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Մոսկուայում յայտարարեց, որ Հայաստանը պատրաստւում է անդամակցել Մաքսային միութեանը: Արդեօք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը հրաժարուեց Վիլնիւսում ստորագրել Եւրամիութեան հետ Ասոցացման համաձայնագիրը:
ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մաքսային միութեանը Հայաստանի Հանրապետութեան միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եւրոպական միութեան հետ մեր քաղաքական երկխօսութեան դադարեցում կամ ընդհատում: ՀՀ նախագահը բազմիցս յայտարարել է եւ երէկ իր ռուս գործընկերոջ տուած համատեղ ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Հայաստանի համար այն բարեփոխումները, որ իրականացւում են Եւրամիութեան աջակցութեամբ, չափազանց կարեւոր են: Դրանք հասարակական, քաղաքական արդիականացմանն ու պետական կառավարման համակարգի ուժեղացմանն ուղղուած բարեփոխումներ են: Մենք շատ շնորհակալ ենք եւրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին եւ նպատակ ունենք շարունակել այդ ճանապարհը: Հետեւաբար, մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնիւսում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եւրամիութեան հետ Ասոցացման համաձայնագիրը:
Ի հարկէ, յայտնի է այն կարծիքը եւ մօտեցումը, որ Մաքսային միութեանը անդամակցութիւնը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտի ձեւաւորելու մասին համաձայնագրին: ՀՀի դիրքորոշումը յայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պէտք է փորձել համադրել այդ դրոյթները: Դրա անհնարինութեան պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցութիւնից այն ամենակարեւորը, որ կար եւրոպական ուղղութեան վրայ, այն է՝ մեր քաղաքական երկխօսութիւնը, արժեհամակարգային այն փոխգործակցութիւնը, որը թոյլ է տալիս արդիականացնելու երկիրը, եւ մենք համարում ենք, որ այդ դրոյթները հիմնականում ամրագրուած են Ասոցացման մասին համաձայնագրում: Հետեւաբար, մեր օրակարգում մնում է Վիլնիւսում նախաստորագրելու խնդիրը:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Պարոն Սարգսեան, արդէն իսկ կան առաջին արձագանքները եւրոպական կառոյցներից: Մասնաւորապէս, տեսակէտներ են հնչում, որ Հայաստանի վրայ բաւական լուրջ ճնշումներ են գործադրուել Ռուսաստանի կողմից: Եւրախորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահը «Ազատութիւն» ռադիօկայանին ասել էր. «Ես շատ եմ ցաւում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրայ ահռելի ճնշումներ են գործադրուել Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի շուրջ դժուար իրադրութեան հետ կապուած, եւ որ այդ ճնշումները օգտագործուել են Հայաստանի նման փոքր պետութեանը շանտաժի ենթարկելու համար»: Կա՞յ արդեօք շանտաժ, ճնշումներ Հայաստանի եւ Սերժ Սարգսեանի վրայ:
ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ի հարկէ, յայտնի է շրջանառութեան մէջ եղած այն կարծիքը, որ Հայաստանը որոշումը կայացրել է ճնշման կամ վերջնագրերի ազդեցութեան տակ: Ուզում եմ վստահեցնել բոլորին, որ Հայաստանի Հանրապետութեան գործընկերներից ոչ մէկը Հայաստանի հետ չի խօսում վերջնագրերի կամ պայմանների լեզուով: Տուեալ դէպքում իրավիճակը ճիշդ հակառակն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը ի սկզբանէ շահագրգռուած է եղել եւ յայտնել է հանրայնօրէն այդ շահագրգռուածութեան մասին՝ մասնակցելու Մաքսային միութեան ստեղծմանը: Դեռ տարիներ առաջ այդ մասին խօսուել է բաց եւ յստակ: Մեզ ասուել է այն ժամանակ, որ ընդհանուր սահմանի բացակայութիւնը լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին եւ մենք աշխատանքային մակարդակում ունեցել ենք փորձագիտական խմբեր, որոնք աշխատել են այդ իրավիճակում լուծումներ գտնելու համար: Վերջին փուլում նրանք կարողացան ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք թոյլ են տալիս յաղթահարել այդ բարդութիւնը եւ Մաքսային միութեանը մասնակցութիւնը դարձնել արդիւնաւէտ եւ օգտակար Հայաստանի տնտեսութեան համար՝ հաշուի առնելով մեր տնտեսութեան այսօրուայ կառուցուածքը եւ առաջիկայ տարիների զարգացման հեռանկարները: Հետեւաբար, այս որոշումը կայացուել է Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով:
Ուզում եմ նորից կրկնել, որ մենք կարեւորում ենք, որպէսզի տարանջատուի ԵՄի հետ մեր փոխգործակցութեան տնտեսական եւ քաղաքական բաղադրիչը, որովհետեւ նպատակը եւ միջոցը պէտք է իրարից միշտ տարբերուեն: Եթէ նպատակն է ստեղծել աւելի արդիւնաւէտ, արդիական կառավարման համակարգ, իրականացնել բարեփոխումներ եւ դրանք արդիւնաւէտ հասցնել եզրագծին, ապա Ասոցացման համաձայնագիրը ամբողջութեամբ թոյլ է տալիս հասնել այդ նպատակներին: