ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ

Նկարիչ Ալեքսանդր Սադոյեանի աշխատանքների թեման զգացմունքներն են, որոնք դառնում են պատկեր եւ ընդունակ են տրամադրութիւն փոխանցելու: Գոյներն ու պատկերների ակնարկները ուշադրութիւն են գրաւում ու կենտրոնացնում հայեացքը: «Երաժշտութիւն եմ նկարում, որոշակի պատկերներ չկան, իմ նպատակը իմ յոյզերը հասկանալն է ու արտայայտելը: Եւ եթէ իմ գործը կարողացաւ բարութիւն փոխանցել, ուրեմն՝ յաջողել եմ», պարզաբանում է հեղինակը:
Ալեքսանդր Սադոյեանը ծնուել է Երեւանում, աւարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը: 1996 թուականին տեղափոխուել է Միացեալ Նահանգներ: Նա ՀՀ նկարիչների միութեան անդամ է, 1995 թուականից անդամակցում է ԵՈՒՆԵՍՔՕին կից Միջազգային արուեստի ասոցիացիային: Սադոյեանը ունեցել է աւելի քան հարիւր ցուցադրութիւններ աշխարհի տարբեր ծայրերում, արժանացել մի շարք հեղինակաւոր մրցանակների:
Սեպտեմբերի 27ին, Իրանահայ միութեան հետ համատեղ կազմակերպւում է Ալեքսանդր Սադոյեանի անհատական ցուցահանդէսը: «Սա իմ գրեթէ քսաներորդ անհատական ցուցադրութիւնն է, ուրախ եմ, որ դարձեալ առիթ ունեմ նոր աշխատանքներ ցուցադրելու», հպարտանում է նկարիչը:
Այս անգամ եւս Սադոյեանը հաւատարիմ է իր ոճին՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմին (վերացական արտայայտչապատշութեան-Խմբ.): «Հրաւիրում եմ բոլորին, կ՛ուզեմ ներկայ լինեն իմ բոլոր ընկերները», ասում է նա: Հեղինակը ուրախ է կիսելու իր բացայայտած աշխարհը, ուր ասելիքը փոխանցւում է գոյներով ու հարթութիւններով, ուր ամէն ինչ թէեւ զուսպ է, սակայն փիլիոսփայական խորութիւն ունի: «Արդիւնքների մասին չեմ մտածում, ես նուիրուած եմ իմ աշխատանքին եւ նկարում եմ սիրով, դա, իմ կարծիքով, լաւ գործեր ստեղծելու ճանապարհն է», խոստովանում է նկարիչը:
Ցուցահանդէսը տեղի կ՛ունենայ Սեպտեմբերի 27ին, Իրանահայ միութեան շէնքում, երեկոյեան 7-11ը: