ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ

Անդրադարձն ու Ստուերը ազատութիւն էին տուել իրենց լեզուներին… Աբեղան նոյնիսկ չէր էլ ուզում ընդհատել նրանց, բայց եւ այնպէս ասաց.
Եթէ մարդն ինչ որ տեղ է գնում, նոյնիսկ դէպի մահ, ապա այդ գնալն ինքը նոյնքան կարեւոր է, որքան տեղ հասնելը: Այդ ճանապարհին բազմաթիւ ճշմարտութիւններ փակում են դէպի միակ Ճշմարտութիւնը տանող ճանապարհը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ. Ճշմարտութեան եւ ստի տարբերութիւնն այն է, որ նոյն բանի մասին հազարաւոր ճշմարտութիւններ կան, այնինչ՝ ճշմարտութիւնը մէկն է, այն էլ… չկայ:
ՍՏՈՒԵՐ. Դա նրանից է, որ երբ մարդն ի վերջոյ կարողանում է սուտն ու ճիշդը տարբերել իրարից, նրանք ուղղակի տեղերը փոխում են: Մարդուն աւելի յաճելի են ճշմարտակումները, քան ճշմարտութիւնը, որովհետեւ ճշմարտութիւնը կրակի նման այրում է մարդու միտքը, սիրտը, լեզուն:
ԱԲԵՂԱՅ. Սուտը կարող է փրկել մի ամբողջ աշխարհ, բայց մի հոգու չի կարող փրկել:
ՍՏՈՒԵՐ. Սուտը բախտաւոր է, որովհետեւ շատ ու շատ նշանաւոր ճշմարտութիւններ նրա շուրջն են պտտւում, սիրաշահում նրան…
ԱՆԴՐԱԴԱՐՁ. Մարդն ինչքա՛ն պիտի ստի, որ ճիշդ խօսել սովորի:
ՍՏՈՒԵՐ. Ճի՜շդ է, ստի ոտքերը կարճ են, բայց գայթակղիչ են. նրա ոտքերն ընկած ինչքա՛ն երկրպագուներ կան:
ԱՆԴՐԱԴԱՐՁ. Որովհետեւ ստին դիմանում են բոլորը, ճշմարտութեանը՝ ոչ ոք: Մարդը չի կարող ոչ դիմանալ, ոչ էլ ընդդիմանալ ճշմարտութեանը:
ՍՏՈՒԵՐ. Մարդիկ սիրում են կրկնել, որ սուտը խաւարն է, ճշմարիտը՝ լոյսը, բայց ճշդի միջոցով է սուտն իրեն տեսանելի դարձնում:
Անդրադարձը դիմեց Աբեղային.
Երբ պատրաստւում ես ճշմարտութիւնը գրկաբաց ընդունելու, մտածի՜ր՝ կարող ես կողերդ ջարդել:
ԱԲԵՂԱՅ. Ճշմարտութեան գր-կում շունչդ կը կտրուի: Դու ինքդ կամ պիտի ճառագես ճշմարտութիւնը, կամ ձուլուես նրան:
ԱՆԴՐԱԴԱՐՁ. Ես կարող եմ ասել, որ ճշմարտութիւնը մի անպարտ վիշապ է, յարատեւ մի կուռք, յանուն որի շատերն են կռուի գնում, որի անունից շատերն են շատերին կռուի առաջնորդում, որի դէմ շատերն են կռուի ելնում:
ԱԲԵՂԱՅ. Ճշմարտութիւնն անվերջ մի ճանապարհ է, որն ամէն պահի փոխում է իր ուղղութիւնը, հազար ու մի ճիւղեր տալիս: Բոլորս այդ ճանապարհի վրայ ենք, ու նա կարող է ոմանց հազարադէմ վիշապ թուալ եւ նոյնիսկ դառնալ կուռք:
ՍՏՈՒԵՐ. Ճշմարտութեան ճանապարհին բոլորն են մեռնում: Եւ չկայ այլ ճանապարհ: Եւ ամէն մեռնողի հետ մի ճշմարտութիւն մեռնում է: Սակայն ճշմարտութիւնն անմահ է մնում:
ԱԲԵՂԱՅ.- Այո, անմահ է ճշմարտութիւնը, իսկ մենք բոլորս էլ ապրելով մեռնում ենք նրա ճանապարհին: Բայց ինչո՞ւ մեռնելով ապրել. գալիք ամէն մի օր հազար անցեալ օր արժէ…
ԱՆԴՐԱԴԱՐՁ. Եւ չարժէ ակնթարթային ձեր կեանքում տրուել վշտին, քանզի նա այդպէս է բազմանում եւ խժռում գալիք օրը, ճշմարտութիւնը, հաւատը, ձե՜զ…
ԱԲԵՂԱՅ. Աշխարհն ամբողջական է իր խինդով եւ վշտով. բաժանես՝ կը վերանայ, ինչպէս պղպջակը՝ կիսելիս:
ՍՏՈՒԵՐ. Մարդն էլ աշխարհի նման մի պղպջակ է, որը ծովի յատակից բարձրանում է, բարձրանում ու… վերանում: