ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐԵԱՆ
Յունուարի 11ը ճակատագրական էր մեր հայրենակից, Եւրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչեանի համար: Բելգիայի թագաւորութեան Լիէժ քաղաքի Country hall նշանաւոր համալիրում կայացաւ բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչեանի եւ ֆրանսիացի Սոֆիան Տակուշի մրցամարտը:
Խաղն ուղիղ եթերով հեռարձակւում էր նաեւ բելգիական Club RTL ալիքով:
Մեր հայրենակցին յատուկ իր աջակցութիւնն էր բերել ֆրանսիացի դերասան, համաշխարհային հոչակ վայելող Ժան Պոլ Բելմոնդոն: Հետաքրքիրն այն էր, որ մեր հայրենակցի հակառակորդը ֆրանսիացի էր, սակայն դահլիճում մրցման կազմակերպիչները բարձրախօսով յաճախակի յիշեցնում էին ներկաներին, որ Ժան-Պոլ Բելմոնդոն հայ չեմպիոնի երկրպագուն է:
Դահլիճի բարձրակարգ սպասարկման սրահն այնքան լեցուն էր, որ տեղաշարժուելը գրեթէ անհնարին էր:
Հայ-բելգիական առեւտրաարդիւնաբերական պալատի աջակցութեամբ մեր հայրենակցին սատարելու էին եկել Բելգիայի արտգործնախարար Դիդիէ Ռանդէյը, քաղաքական եւ գործարար աշխարհի նշանաւոր դէմքեր, Բելգիայում ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչներ եւ, իհարկէ, բազմաթիւ հայ եւ բելգիացի երկրպագուներ:
Ալեքս Միսկիրտչեանին յատուկ սատարելու ուղերձ էր յղել նաեւ ծագումով բելգիացի համաշխարհային յայտնի դերասան Ժան Քլոդ Վան Դամը:
Ըստ նախատեսուածի՝ կայացան մի քանի մրցամարտեր: Մեր հայրենակցի մրցապայքարը վերջինն էր: Ալեքսի մուտքը դէպի հարթակ ուղեկցուեց յոտնկայս բուռն ծափահարութիւններով: Երեւի թէ բառերն անզօր են ամբողջովին նկարագրելու, թէ ինչ ցնծութիւն էր տիրում դահլիճում: Բոլորը միահամուռ «Ա-լեքս», «Հա-յաս-տան» էին վանկարկում: Դահլիճի իւրաքանչիւր հատուածում ծածանւում էին հայակական դրօշները:
Ծանր եւ դժուարին էր մեր հայրենակցի մրցամարտը. աոաջինից մինչեւ 12րդ ռաունդը անհամբեր լարուածութիւն էր, խաղի սկզբից մինչեւ վերջ հակառակորդը դիմադրում էր, բայց «Միայն յաղթանակ, միայն յաղթանակ» հոգեբանութեամբ էր զինուած Ալեքսը: Ծանր եւ վճռական պայքարում նա կարողացաւ վերջապէս կոտրել հակառակորդի դիմադրութիւնը եւ նուաճել յաղթողի տիտղոսը: Յաղթանակը ճակատագրական էր Ալեքսի համար. այսպիսով մեր հայրենակիցը վաստակեց աշխարհի առաջնութեանը մասնակցելու խաղաքարտը:
Առաջիկայ վեց ամսում Ալեքսը հանդէս կը գայ աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչում՝ աշխարհի չեմպիոն Եւգենի Գրադովիչի հետ:
Խաղավերջում, չնայած անտանելի յոգնածութեանը, նա մօտեցաւ իր երկրպագուներին եւ բոլորի հետ լուսանկարուեց:
Շնորհիւ մեր հայրենակցի՝ Բելգիան մեծ քայլ կատարեց դէպի բռնցքզմարտի համաշխարհային պատմութիւն: