ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Վերջերս լոյս է տեսել վաստակաւոր մտաւորական, դոկտոր մեծատառով, լաւ հայ՝ Ալֆրէդ Դանիէլեանի «Ժամանակակից Հիւանդութիւնների Ճանաչում» շատ արժէքաւոր եւ օգտակար, հանրամատչելի, շատ պարզ եւ հասկանալի լեզուով ու ոճով գիրքը: Հիացմունքս եւ խանդավառութիւնս արտայայտելու համար հոգուս պարտքը համարեցի գրել, իմ առաջին գրախօսական փորձի միջոցով յայտնել իմ կարծիք-գնահատականը. ծանր եւ հաճելի մի պարտականութիւն, որ յոյսով եմ կը կարողանամ կատարել:
Ա. Դանիէլեանը մէկ անգամ եւս հարստացրել է մեր աղքատ գրականութիւնը այս՝ բժշկական ասպարէզում. դա կարող է աւիշը դառնալ բազմաթիւ հիւանդութիւնների դէմ պայքարելու, վասնզի եթէ շուտ է կատարւում ախտորոշումը, աւելի հեշտ է դառնում դարմանումը, եւ ես գնահատում եմ իր այն միտքը, որ բժիշկները մեծ պատասխանատուութիւն ունեն այդ ոլորտում: Ի դէպ, այս իր առաջին բժշկական աշխատութիւնը չէ: Նախապէս հրատարակել էր երկու գրքեր՝ անգլերէնից հայերէն բժշկական բառարանը եւ դեղորայքների մասին գիրքը, որոնցից օգտւում են բժիշկներ, մասնագէտներ եւ բազմաթիւ հիւանդներ: Նա հարիւրաւոր յօդուածներ է հրատարակել մամուլում՝ ստանալով ընթերցողների գոհունակ գնահատանքը: Սոյն հատորում հեղինակը մանրամասնօրէն բացատրում է հիւանդութիւնների առաջացման ախտանշանները եւ բուժման միջոցները՝ որպէս Հիպոկրատի ազնիւ երդուեալ: Շատ դիպուկ է Դանիէլեանի նշանաբանը՝ «Հիւանդութեան ճանաչումը բուժման կէսն է»: Ժողովածուն տարիների ընթացքին հեղինակի կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքն է:
Թող քո մուսաները միշտ արթուն լինեն: Քո մարմնի մէջ կայ կամքի եւ խոյանքի փոթորիկ՝ դա շարունակական անմար հրաբուխ է: Քո գրուածքները կարդացւում են ինչպէս լոյս ու զուարթ գրքերը սրբոց: Յօդուածներդ այնպէս են, կարծես ընթերցողը ներկայ է ու ականատես: Թող արեւը միշտ ժպտայ քեզ: Քո գրուածքները պատգամ են անգնահատելի: Քո լեզուն մտքից առաջ չի խօսում. դա ղեկավարւում է անձիդ արթուն խելքով:
Այս աշխատութիւնը անհրաժեշտ է այսօրուայ եւ վաղուայ կեանքի կառուցման համար եւ երաշխիքն է առողջ լինելու: Ունես պատիւ եւ յարգանք՝ դասուելու ազնիւ մարդոց կարգին: Դու քո գիտակցական կեանքը նուիրել ես բժշկութեան ուսումնասիրութեան:
Մենք մեր առողջութեան արժէքը գիտակցում ենք, երբ առողջներից ենք:
Առանց լաւ առողջութեան չի կարող լինել իրական ուրախութիւն եւ լաւ տրամադրութիւն, երջանկութիւն: Եթէ դու ընթերցես այս գիրքը, այն կ՛օգնի քեզ գտնելու ճանապարհ՝ երկարատեւ բարեկեցութեան համար, նաեւ համոզելու, որ ծերութիւնը ունի իր դրական կողմերը: Մենք կրքոտ ցանկանում ենք եւ փորձում ենք դանդաղեցնել ծերանալու կենսաբանական օրէնքը: «Ծերութիւն»ը լաւ է գինու համար, այլ ոչ թէ մեր դէմքի: Առողջութեան հիմքը դրւում է մանկութեան ժամանակ՝ լաւ հոգեկան դաստիարակութեամբ եւ ճիշդ սննդականով, որ դառնում են երաշխիքը առողջութեան եւ երկարակեցութեան: Եւ եթէ յառաջացած տարիքում մարդիկ մտածում են առողջ մարմին ունենալու մասին, ապա դրա հիմքերը դրուած պէտք է լինէին:
Սակայն երբէք ուշ չէ, եւ Ալֆրէդ Դանիէլեանի «Ժամանակակից Հիւանդութիւների Ճանաչում» հատորը միշտ կարող է օգնութեան հասնել առողջ մնալու համար:
Յարգանքներս: