
2013 թուականի Յունուարի 22ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն կնքեց Ժենիկ Պօղոսեան-Իւանեանը, ով արեգակնային էներգիայի մասնագէտ է եղել: Նրա մահուան տարելիցի առիթով ներկայացնում ենք Ժենիկ Պօղոսեան-Իւանեանի կենսագրական տուեալները:
Նա ծնուել էր 1954 թուականի Յունուարին՝ Ուրմիա քաղաքում, տարրական ուսումը ստացել է «Հոմա» ոչ հայկական դպրոցում՝ միշտ հանդէս գալով որպէս գերազանցիկ:
Հայոց լեզուի ու գրականութեան նկատմամբ սէրը նրան մղում է դէպի մայրենի լեզուն, որը սովորում է Մեսրոպ Յովսէփեանի՝ դերասան Արմանի հօր մօտ:
Իր միջնակարգ ուսումը ստացել է «Շահանդուխտ» դպրոցում, որը դարձեալ աւարտում է գերազանցիկ եւ անմիջապէս ընդունւում է ժամանակի «Փարս» համալսարանի ֆիզիկայի բաժինը եւ իր բարձր ունակութիւնների շնորհիւ՝ գերազանց նիշով աւարտում է համալսարանը: Ապա, զինուորական ծառայութեան գծով, երկու տարի ծառայում է «Սեփահէ դանեշ»ում եւ դասաւանդում է պարսկական աղջկանց միջնակարգ դպրոցում: Իր զինուորական ծառայութեան շրջանը աւարտելուց յետոյ՝ նա աշխատանքի է անցնում Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան մէջ եւ արեգակնային էներգիան օգտագործելու առումով սկսում է ուսումնասիրութիւններ կատարելու եւ պատրաստում է մի սարք, որի միջոցով արեւի ճառագայթից էլեկտրահոսանք էր արտադրում: Նա ժամանակին, համագործակցաբար իր գործընկերների հետ, պատրաստում է արեւի ճառագայթով աշխատող կերակուր եփելու սարք:
1982 թուականին ամուսնանում է իր համակուրսեցի Սերոբ Պօղոսեանի հետ՝ բախտաւորուելով երկու զաւակներով:
Ժենիկ Պօղոսեանը իր գիտական աշխատանքներին առընթեր՝ լաւ արհեստաւոր էր: Դժբախտաբար, դաժան հիւանդութեան պատճառով, որից տառապեց չորս տարի, 2013 թուականի Յունուարի 22ին կնքեց իր մահկանացուն: Նա ծնուել էր Յունուարի 22ին եւ մահացաւ հէնց Յունուարի 22ին՝ սուգի մատնելով իր ընտանիքին ու հարազատներին:
ՔՈՅՐԸ