ՆՈՒԱՐԴ ՄԱՏԻՆԵԱՆ
Աստծոյ տուած բարիքները վայելում ենք ու բաժանում մարդկանց:
Ասում են, որ ինչպէս նոր տարին դիմաւորում ես, այնպէս էլ ամբողջ տարին է անցնում։ Չգիտեմ, չե՛մ կարծում։ Միայն մի ճշմարտութիւն լաւ գիտեմ, որ գրուած է Աստուածաշնչում. «Ահա՛ կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, անոր անունը Էմմանուէլ պիտի կոչեն, որ կը թարգմանուի Աստուած մեզի հետ»։ Ուրեմն՝ Աստուած ամէն օր մեզ հետ է ու նաեւ ամէն օր Հոլիվուտի Ս. Կարապետ Մայր եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցի ուսուցչական կազմի ու աշակերտների հետ։ Այս ճշմարտութիւնն իրենց գործերով են վկայում նրանք։
Կիրակի, Դեկտեմբեր 15ին, Ս. Ծննդեան տօնի առիթով, «Աւետաբեր» երգչախմբի անդամները, որոնք դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ էին, այցելեցին մեր ազգի մեծահասակներին՝ «Արարատ Տուն»ի մէջ, դպրոցի տնօրէն Ռաֆֆի Թորոսեանի առաջնորդութեամբ։ Նրանց նպատակը մէկն էր՝ բարի լուրը տանել հիւանդ, միայնակ, ծեր, անկարող ու տկար «Արարատ» տան բնակիչներին։
Այցելութեան խումբը բաւականին մեծ էր՝ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ։ Նրանք իրենց հետ տօնական օրերի ուրախ եւ բարձր տրամադրութիւն, նոր ու թարմ շունչ տարան իրենց հետ։ Ծննդեան տօնի պատգամ տարան, երգ ու սաղմոս, աղօթք ու յոյս տարան։
Սրահները տարբեր էին, բայց պատգամը մէկ.
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս։
«Աւետաբեր» երգչախմբի աշակերտները երգեցին «Թող հնչեն զանգերն ի լուր», «Այսօր տօն է», «Լուռ գիշեր», «Յիսուս Քրիստոս բարեկամ մանկանց» երգերը, աշակերտները արտասանեցին, պարեցին, դհոլ զարկեցին, իսկ «Արարատ Տուն»ի բնակիչները «Մանուկ Յիսուսի Ծնունդը» յուշանուէրները ստացան աշակերտների կողմից։ Կարճ պատգամներով հանդէս եկան Ռաֆֆի Թորոսեանը՝ դպրոցի տնօրէն, Աւետիս Կապակչուզեանը՝ երգի ուսուցիչ, Մարի Խաչերեանը՝ ուսուցչուհի։ Ֆիմի Գաջեանն ու Նուարդ Մատինեանը աղօթեցին, իսկ վերջում՝ դաշնամուրի վրայ նուագեց Արմինէ Սանթուրեանը )ծնող(։
Այսքանով չվերջացաւ «Աւետաբերի» եւ ուսուցիչների բարիքների բաժանումը։ Նրանք Յունուարի 3ին, 4ին եւ 5ին այցելեցին բարեկամների, աշակերտների, ուսուցիչների բնակարաններն ու բարի լուրը իրենց երգերով ու աղօթքներով տարածեցին Հոլիվուտում ու Հոլիվուտից դուրս՝ Կլենտէյլում, Պըրպանքում եւ Վեն Նայսում։