
Գլենդելի քաղխորհրդի անդամի թափուր տեղի համար այս տարի տեղի կ՛ունենան յատուկ ընտրութիւններ Յունիսի 3ին: Ըստ այդմ, ընտրական գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխութիւններ:
Հայ Դատի Գլենդելի յանձնախումբը Մարտի 5ին հանդիպում էր կազմակերպել հայ համայնքի լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելու առաջիկայ ընտրութիւնների մանրամասների մասին: Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար Արդի Քասախեանը խօսեց նախատեսուած փոփոխութիւնների մասին: «Այս ընտրութիւններն անցկացւում են քաղխորհրդի արդէն նախկին անդամ Րաֆֆի Մանուկեանի տեղի համար, ով ընտրուեց քաղաքապետարանի գանձապահ: Յատուկ ընտրութիւններն անցկացուելու են ոչ թէ Գլենդելի քաղաքապետարանի, այլ Լոս Անջելեսի գաւառի կողմից, եւ այդ պատճառով կը լինեն որոշ տարբերութիւններ: Նախ, Ապրիլի փոխարէն ընտրութիւնները կ՛անցկացուեն Յունիսին՝ նահանգի խորհրդարանի նախնական թեկնածուների եւ մի շարք այլ ընտրովի պաշտօնների ընտրութիւնների հետ համատեղ: Այս առումով, մեր ընտրողները պէտք է ուշադիր լինեն մի շարք հարցերում. տնից քուէարկողները հնարաւոր է ստանան նոր ձեւի քուէաթերթիկներ Ապրիլի 24ից Մայիսի 24ի ժամանակահատուածում: Երկրորդ՝ քաղխորհրդի մէկ թափուր տեղի համար յայտ են ներկայացրել մի քանի թեկնածուներ, սակայն ի տարբերութիւն նախորդ ընտրութիւնների՝ պէտք է ընտրել միայն մէկին: Քանի որ ընտրութիւններն անցկացուելու են Լոս Անջելեսի գաւառի կողմից, հայերէն լեզուով քուէաթերթիկներ չեն լինի: Նաեւ, այն քաղաքացիները, ովքեր արձանագրուած չեն, պէտք է գրանցուեն մինչեւ Մայիսի 19ը», յայտնեց Արդի Քասախեանը:
Այս առումով չափազանց օգտակար կը լինի Հայ Դատի յանձնախմբի «Հայ Վոթս» կոչուող նախաձեռնութիւնը: «Ընտրութեան գործընթացը հայ քուէարկողների համար դիւրացնելու նպատակով, Ապրիլի երկրորդ կէսից աշխատանքները կը սկսի «Հայ Վոթս»ը, որ կ՛օգնի իւրաքանչիւր հայ ընտրողի՝ լեզուի հետ կապուած հարցերում, թեկնածուների մասին տեղեկութիւններ տրամադրելով եւ արձանագրման հարցում», նշեց Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետեանը, ով կարեւոր է համարում հայ ընտրողներին քաղաքական գործընթացների եւ իրենց իրաւունքների հարցերում հնարաւորինս իրազեկելու գործընթացը: «Մեր յանձնախումբը կազմակերպել է այս հանդիպումը համայնքի ԶԼՄների հետ խօսելու համար արտահերթ ընտրութեան կարեւորութեան մասին եւ համատեղ ջանքերով աշխատելու՝ հայ քուէարկողներին հնարաւորինս ներգրաւուելու ուղղութեամբ: Վերջին ամիսներին, հետեւելով Գլենդելի քաղխորհրդի անդամների գործունէութեանը, կարող ենք նշել, որ քաղաքացիների համար առաջնային նշանակութեան շատ հարցերի քուէարկութեան ժամանակ քաղխորհրդի երկու անդամի ձայնը բաւարար չէ: Ուստի պէտք է աշխատենք այս ընտրութիւններում քուէարկել այնպիսի թեկնածուի օգտին, ով իսկապէս մտահոգ է գլենդելցիների խնդիրներով, նաեւ՝ կ՛արծարծի հայ համայնքի շահերը», յայտնեց Կարապետեանը:
Այս նպատակով, յանձնախումբը հանդիպել է քաղխորհրդի թեկնածուներից մի քանիսին՝ տեղեկանալու ծրագրերից եւ ճշդելու նրանց դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերեալ: «Մենք հանդիպեցինք թեկնածուների հետ, ովքեր ցանկութիւն են յայտնել ստանալու Հայ Դատի եւ հայ համայնքի աջակցութիւնը: Սա նախնական հանդիպում էր, որի ժամանակ բոլոր թեկնածուներին բաժանեցինք հարցաթերթիկներ՝ քաղաքի եւ հայ համայնքի համար մի շարք կարեւոր խնդիրների վերաբերեալ հարցերով: Նպատակն է՝ պարզել, թէ ինչ լուծումներ են առաջարկում թեկնածուները տարբեր, ինչպէս՝ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար բնակարանային պայմանների, հոսանքի եւ ջրի գների բարձրացման հարցերի շուրջ: Մի քանի հանդիպումներից յետոյ, Հայ Դատի յանձնախումբը, հիմնուած թեկնածուների պատասխանների եւ դիրքորոշման վրայ, կը կայացնի որոշում եւ համայնքին կը ներկայացնի այն», տեղեկացրեց Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի տնօրէնների խորհրդի անդամ Դաւիթ Գէորգեանը:
Ձեռնարկի կազմակերպիչները կարեւորեցին հայ համայնքի ակտիւ մասնակցութիւնն առաջիկայ ընտրութիւններում, քանզի Յունիսի 3ին յաղթող թեկնածուն առաւել մեծ հնարաւորութիւն կ՛ունենայ յաղթելու նաեւ 2015 թուականի Ապրիլին նախատեսուած Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններում, այդպիսով նաեւ աջակիցը դառնալով քաղաքացիների խնդիրներով իսկապէս մտահոգ քաղխորհրդի միւս անդամներին: Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած հանդիպման մասնակիցներն ընդգծեցին, որ եթէ հայ համայնքի մեծամասնութիւնը պաշտպանի մէկ միասնական թեկնածուի՝ վերջինիս յաղթելու հաւանականութիւնը մեծանում է, ինչպէս տեղի ունեցաւ Գլենդելի քաղխորհրդի նախորդ ընտրութեան ժամանակ, երբ հայ համայնքի թեկնածուները կարողացան հաւաքել քուէների մեծամասնութիւն: