ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտօնակատար Դաւիթ Սարգսեանը գործադիրի Ապրիլի 10ին կայանալիք նիստի հաստատմանն է ներկայացրել «ՀՀ ֆինանսների նախարարութեան աշխատակազմի «Թանկարժէք մետաղների եւ թանկարժէք քարերի պետական գանձարան» գործակալութեան թանկարժէք մետաղների եւ թանկարժէք քարերի պետական պահուստների 2013թ. համալրման եւ ծախսման վերաբերեալ» հաշուետուութեան նախագիծը: ՀՀ կառավարութեան պաշտօնական «ՀՀ էլեկտրոնային կառավարում» կայքում հրապարակուած նախագծից տեղեկանում ենք, որ գանձարանի կողմից 2013թ. ընթացքում կատարուել են թանկարժէք մետաղների եւ թանկարժէք քարերի ընդունման թուով 7 գործարք:
Արդիւնքում, ՀՀ պետական պահուստները համալրուել են՝ 2609 հատ՝ 7 կիլոգրամ 674.26 գրամ ընդհանուր քաշով ոսկեայ իրերով, 107 հատ՝ 3 կիլոգրամ 948.84 գրամ ընդհանուր քաշով արծաթեայ իրերով, մէկ կիլոգրամ 344.78 գրամ մետաղական արծաթով, 2 կիլոգրամ 619.31 գրամ պլատինով, 23.79 գրամ պալադիումով եւ 4.32 գրամ օսմիումի օքսիդով:
Նոյն փաստաթղթից տեղեկանում ենք, որ ՀՀ պետական գանձարանում այս տարուայ Յունուարի 1ի դրութեամբ առկայ է մէկ միլիարդ 450 միլիոն 528 հազար 500 դրամ արժողութեամբ թանկարժէք մետաղներ, թանկարժէք քարեր, ինչպէս նաեւ դրանցից պատրաստուած իրեր: Ի դէպ, նշուած թանկարժէք մետաղներից 224 միլիոն 600 հազար դրամը ոսկի է, 5 միլիոնը՝ արծաթ, իսկ 49 միլիոն 700 հազարը պլատին:
ՀՀ պետական գանձարանը ՀՀ թանգարաններում հաշուառել է՝ ոսկի 63.9 կգ, արծաթ մէկ տոննա 468.4 կգ, պլատին կէս կիլոգրամ եւ պալադիում 0.03 գրամ, ինչպէս նաեւ իրեր՝ այլ թանկարժէք մետաղների համաձուլուածքից 178.7կգ:
Բացի այդ ՀՀ պետական գանձարանի կողմից հաշուառուել են պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպութիւնների եւ 100 տոկոս պետական մասնակցութեամբ իրաւաբանական անձանց հաշուեկշիռներում՝ ոսկի 1.2 կգ, արծաթ 17.5 կգ, պլատին 64.9 կգ, պալադիում 0.3 կգ, իրիդիում 10.9 կգ, ռոդիում 0.2 կգ եւ օսմիում 2.2 գրամ:
Հաշուառուել են նաեւ սարքաւորումների մէջ առկայ թանկարժէք մետաղները՝ ոսկի 4.4 կգ, արծաթ 479.0 կգ, պլատին 3.5 կգ, պալադիում 9.2 կգ, ռոդիում 0.1 կգ, թանկարժէք մետաղների համաձուլուածք 1.2 կգ, իրիդիում 0.03 գրամ:
Պետական հիմնարկների հաշուեկշիռներում հաշուառուել են մեդալներ՝ ոսկի 1.8 կգ եւ արծաթ 52.5 կգ: