Նիւթը Համադրեց Եւ Շարադրեց՝
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Ստորեւ բերուած գրութիւնը հիմնուած է Խաչատուր Աւագեանի թոռան՝ Խաչիկ Աւագեանի գրաւոր եւ բանաւոր տեղեկութիւնների վրայ, որոնք, իր խնդրանքի համաձայն՝ համադրել եւ շարադրել ենք, ներկայացնելով նիւթը «Ասպարէզ»ի խմբագրութեան, օգտագործելով նաեւ նրա եղբօր՝ Արամ Աւագեանի կողմից Ռուսաստանում հրատարակուած «Ճանապարհ Դէպի Տուն» գրքոյկի տեղեկութիւններն ու լուսանկարները:
Գովելի է այն, որ պատկանելով վերապրողների երրորդ սերնդին, պր. Խաչիկի որդին՝ Վրէժը եւս, մասնակցելով զրոյցին, որոշ յաւելումներ կատարեց իր հօր պատմածին, ապացուցելով իրազէկ լինելը իր նախահայրերի եւ ընդհանրապէս՝ հայ ժողովրդի անցեալի պատմութեան: Նման մօտեցումը անհրաժեշտ է մեր հաւաքական յիշողութիւնը մշտապէս վառ պահելու համար:
ԽԱՉԻԿ ԱՒԱԳԵԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Մեծ հայրս՝ Խաչատուր Աւագեանը, հարիւրաւոր համաքաղաքացիների հետ միասին նահատակուել է 1915ին: Այդ ժամանակ հայրս՝ Յովհաննէսը տասներեք տարեկան էր, որ ականատես է եղել կատարուած դաժան սպանութեան: Հայրս տեղեկացնում է հետեւեալը. որպէս Խարբերդ քաղաքի դատաւոր եւ ճանաչուած անձնաւորութիւն, մեծ հօրս եւ հարիւրաւոր համաքաղաքացիների թուրք ոստիկանները՝ պատրուակելով Տիգրանակերտի նահանգապետի կողմից եղած հրամանը, տանում են քաղաքից դուրս գտնուող մի վայր, ուր անխնայ սպանում են բոլորին՝ կրակելով նրանց ականջների մէջ, յետոյ նրանց դիակները նետում են ճանապարհի եզրին գտնուող փոսի մէջ: Մի քանի օր անց, պատանի Յովհաննէսը, իրենց ծանօթ թուրքի միջոցով գնում եւ ականատես է լինում կատարուած բարբարոսութեան. սպանուածների մէջ ճանաչում է իր հօրը:
Կարճ ժամանակ անց, գիշերով թուրքերը դարձեալ գալիս են եւ դռները թակելով, հրամայում են բոլորին՝ լապտերներով գնալ մօտակայ ձորը, որտեղ եւ սկսւում է շուրջ երեք հարիւր հայերի կոտորածը: Ի տես կատարուած վայրագութիւնների եւ քուրդ ընտանիքի կողմից մահուան մշտական սպառնալիքի, հայրս ստիպուած է լինում քրդի տարազ հագնել եւ հեռանալ հայրենի բնօրրանից: Նախ հաստատւում է Հալէպ, ապա՝ Իսկենտերուն, որտեղ կազմելով ընտանիք, բախտաւորւում է երեք որդիներով՝ Խաչիկ, Դանիէլ եւ Արամ:
1939ին մեր ընտանիքը տեղափոխւում է Լիբանան, իսկ 1946ին՝ ներգաղթում Հայաստան: Անողոք ճակատագիրը դարձեալ սկսում է հալածել հային: Գալիս է 1949 թուականը՝ հալածանքի, բռնաճնշումների եւ աքսորի տարին: Շատերի նման, հայրս նոյնպէս, ընտանեօք աքսորւում է հեռաւոր Սիբիր՝ Ալթայի երկրամաս, ուր ապրեցինք բազում դժուարութիւնների յաղթահարման վեց տարիներ: Այս մասին կարելի է շատ խօսել, բայց այլ առիթով:
Այնտեղ ես հանդիպեցի իմ ապագայ կողակցին, համեստ եւ բարի մի հայուհու, արաբկիրցի ծնողների՝ Գրիգորի եւ Վարսենիկի դուստր Արաքսիին: Այժմ, մեր որդու՝ Վրէժի եւ մեր դուստրերի՝ Վերոնիքայի ու Մերիի հետ ապրում ենք Լոս Անջելըսում: Եղբայրս՝ Արամ Աւագեանը, այժմ ընտանեօք ապրում է Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում: Անցեալ տարի նա ռուսերէնով լոյս է ընծայում մեր ընտանիքի պատմութիւնը, որ կրում է «Ճանապարհ Դէպի Տուն» խորագիրը: Գրքի վերջում, խօսքն ուղղելով իր հարազատներին ու բարեկամներին, նա պատգամում է հետեւեալը. «Անցնելով իմ կեանքի ճանապարհը, ես հասկացայ մի բան, որ ինչպէս էլ դասաւորուեն պարագաները եւ ինչ էլ պատահի, պէտք է մեր մէջ ուժ գտնենք յաղթահարելու բոլոր դժուարութիւններն ու անյաջողութիւնները, պատուով եւ արժանապատուութեամբ, երբեք վայր չդնել ձեռքերը եւ համոզուած լինել, որ մարդու ճակատագիրը կախուած է իրենից, իր արած գործից եւ վարմունքից: Պէտք է ապրել ազնուօրէն եւ օրինաւոր կերպով»:
Այսքանը մեր ընտանիքի մասին համառօտակի: Այս պատմութիւնը միայն մէկ ընտանիքի պատմութիւն չէ, այլ՝ մի ամբողջ ազգի ճակատագիր:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Օրենճ Քաունթի
-Ս. Քառասնից Մանկանց Եկեղեցի
-Արի-Կիրակոս Մինասեան Ազգային Վարժարան
———————————-
-ՀՕՄի «Կարս» Մասնաճիւղ
-Մէկ ու կէս միլիոն նահատակներու յիշատակը վառ պահել պահանջատիրական ոգիով
Ս. Երրորդութիւն ԵկեղեցիՌ Ֆրեզնօ