
Ապրիլի չորսից վեցը Քալիֆորնիայի Սան Դիեգօ քաղաքում կայացաւ Ամերիկայի Միացեալ Նահանգների աւագ դպրոցականների 2014 թուականի շախմատի առաջնութիւնը (National High School Chess Championship 2014), որտեղից շախմատի Նորթ Հոլիվուդի դպրոցի մանուկ մարզիկները վերադարձան յաղթողների 4 գաւաթներով:
Ամերիկայի տարբեր նահանգներից ժամանած մօտ 1000 աւագ տարիքի դպրոցական շախմատիստներ եկել էին վիճարկելու ինչպէս թիմային, այնպէս էլ անհատական առաջնութեան 2014 թուականի յաղթողներին: Այստեղ Քալիֆորնիայի նահանգը ներկայացնողների թւում էին Լոս Անջելեսի երեք հանրակրթական տարրական դպրոցները՝ Քիթրիջ Սթրիթ Էլեմենթըրի, Դիքսի Քանիըն Էլեմենթըրի եւ Ըրուին Սթրիթ Էլեմենթըրի, ինչպէս նաեւ անհատ շախմատիստներ Յակոբ եւ Գրիգոր Չեբիշեան եղբայրներն ու աւագ դպրոցական Օնիկ Կաւուկչեանը:
Յատկանշական է, որ վերոյիշեալ դպրոցների բոլոր շախմատիստները մարզւում են Նորթ Հոլիվուդի (7339 Varna Avenue, North Hollywood, CA 91605) եւ Փասադինայի (1060 North Allen Avenue, Pasadena, CA 91104) հասցէներում գործող շախմատի դպրոցի ACO (Advanced Chess Organization) ակումբում:
Չնայած աւագ դպրոցականների այս մրցաշարը Լոս Անջելեսի վերոյիշեալ տարրական դպրոցների աշակերտների համար չափազանց դժուարին պայքար էր խոստանում, այնուամենայնիւ մարզիչ Արթուր Աղաջանեանը շատ համարձակ փորձ արեց իր մանուկ սաների ուժերը չափելու թէ՛ տարիքով եւ թէ հասակով իրենցից շատ բարձր պատանիների ու աղջիկների հետ: Առաջ անցնելով պէտք է խոստովանել, որ այդ փորձը յաջողութեամբ պսակուեց, եւ բոլոր երեք դպրոցների մանուկներն ի վերջոյ արժանացան թիմային գաւաթների:
ACO շախմատի ակումբի մարզիկ Օնիկ Կաւուկչեանը, ով սովորում է Իւլիսիս Գրանտ Հայսքուլ աւագ դպրոցում, իր գրագէտ ու հասուն խաղով հիացրեց բոլորին: Նա եօթ հնարաւորից հինգ անգամ առաւելութեան հասաւ իր դժուարին մրցակիցների նկատմամբ, վաստակեց իր անհատական գաւաթը՝ ընգրկուելով Ամերիկայի Միացեալ Նահանգների աւագ դպրոցական շախմատիստների լաւագոյն տասնեակում:
Ուշագրաւ էին յատկապէս Դիքսի Քանիըն դպրոցից՝ Զաւէն եւ Անդրանիկ Գէօզալեան եղբայրների, Արթուր Ալեքսանեանի, Ալեքս Գեւջեանի եւ Էմիլ Սարգսեանի շահած գաւաթը մինչեւ 800 վարկանիշ ունեցող պատանիների առաջնութիւնում: Մանուկների այս հրաշալի հնգեակը, որը մէկ ամիս առաջ իր հասակակիցների ազգային առաջնութիւնում արդէն նուաճել էր երրորդ տեղը, այս անգամ եւս շահեց իր հերթական թիմային գաւաթը՝ ամրապնդուելով Ամերիկայի Միացեալ Նահանգների, այս անգամ, արդէն աւագ դպրոցականների առաջին եօթնեակում իրենից ետ թողնելով 21 այլ նահանգներից եկած թիմերին եւ իրենց աւագ մրցակիցներին:
ACO-ի միւս մանուկ ներկայացուցիչները՝ Լոս Անջելեսի տարրական Քիթրիջ Սթրիթ Էլեմենթըրի դպրոցի աշակերտներ Ալեքս եւ Յակոբ Թագուորեան եղբայրները, Գրիգոր եւ Դաւիթ Տօնիկեան եղբայրները, Մայքլ Թագուորեանը եւ Աշոտ Թաթինցեանը, ովքեր առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ մրցաշարին եւ մինչ այդ չունէին վարկանիշներ, յաջողութեամբ աւարտեցին իրենց անդրանիկ մրցաշարը՝ վաստակելով ոչ միայն իրենց առաջին թիմային գաւաթը, այլեւ իրենց առաջին անհատական վարկանիշները: Թիմային եօթերորդ տեղը Ամերիկայի Միացեալ Նահանգների աւագ դպրոցականների առաջնութիւնում անշուշտ մեծ յաջողութիւն է այս մանուկ շախմատիստների համար:
Նոյն խմբում էին նաեւ Ըրուին Սթրիթ Էլեմենթըրի տարրական դասարանների աշակերտները: Նրանք նոյնպէս առաջին անգամ էին ներկայացնում իրենց դպրոցը նմանատիպ ազգային առաջնութիւնում: Այստեղ դպրոցի շախմատի թիմի առաջատար Նազարէթ Չուքուլեանը կարողացաւ իր գերազանց խաղով ոգեշնչել իր թիմակիցներ քոյր եւ եղբայր Նարինէ եւ Վարդան Պետրոսեաններին, ինչպէս նաեւ Արթուր եւ Դաւիթ Պետրոսեան եղբայրներին, որոնք էլ իրենց հերթին, կարեւոր միաւորներ վաստակելով, նպաստեցին իրենց թիմի ընդհանուր յաջողութեանը: Այս սկսնակների թիմը ընդգրկուեց երկրի աւագ դպրոցականների շախմատի լաւագոյն տաս թիմերի կազմում՝ նուաճելով շատ պատուաւոր գաւաթը: Նրանք եւս կը ստանան իրենց անհատական շախմատային առաջին վարկանիշները:
ACO-ի միւս ներկայացուցիչները՝ Գրիգոր եւ Յակոբ Չեբիշեան եղբայրները, ովքեր մասնակցում էին անհատական մրցաշարին, տօնեցին երեքական յաղթանակներ իրենց աւագ մրցակիցների նկատմամբ եւ նոյնպէս ստացան իրենց առաջին վարկանիշները:
Ամերիկայի Միացեալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի (դաշնակցութեան-Խմբ.) ազգային առաջնութիւնների տնօրէն Փաթ Սմիթը (Pat Smith) շնորհաւորելով Նորթ Հոլիվուդի տարրական դպրոցների աշակերտներին, բարձր գնահատական տուեց նրանց մարզիչ Արթուր Աղաջանեանի կատարած աշխատանքին՝ նշելով նրա վաստակը իր սաների յաջողութեան մէջ:
ՖԻԴԵ միջազգային կարգի մարզիչ Արթուր Աղաջանեանին շնորհուեց առաջնութեան շնորհակալական պատուաւոր կրծ-քանշանը:
Մրցանակը յանձնեց մրցաշարի կազմակերպիչ Էնրիքէ Հուերթան (Enrique Huerta):
Արթուր Աղաջանեանը մեծ երախտագիտութեամբ ու պատասխանատուութեամբ կրելով յանձնուած պարգեւը նշեց, որ աւագ դպրոցականների ազգային առաջնութեանը տարրական դպրոցի աշակերտների մասնակցութիւնն արդէն իսկ մեծ երեւոյթ է ամէն մի դպրոցականի կեանքում: Մինչդեռ, այս մրցաշարում ACO-ի մանուկ շախմատիստները ոչ միայն ուղղակի մասնակցեցին, այլեւ շահեցին թիմային 3 եւ անհատական 1 գաւաթ: Նրանք ցոյց տուեցին բարոյակամային բարձր յատկանիշներ, եւ որ աւելի կարեւոր է, յաղթահարեցին հոգեբանական մեծ պատնեշներ:
«Այս մրցաշարին մեր մանուկների մասնակցութիւնը ոչ միայն կարեւոր, այլ նաեւ անհրաժեշտ քայլ էր՝ նրանց յետագայ յաջողութիւնների հասնելու ճանապարհին», ասաց վաստակաշատ մարզիչը:
Դպրոցը կատարում է ընդունելութիւն բոլոր տարիքային խմբերում:
Մանրամասն տեղեկութիւնների համար զանգահարել (818) 793-6302 հեռախօսահամարով:
Սան Դիեգօ