«ԹԵՐԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ
Tert. am-ի հետ զրոյցում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանն, անդրադառնալով սահմանին ծայրայեղ լարուածութեան վերջին օրերին, նշեց, որ հայ մարդու եւ քաղաքական ուժերի մէջ այսօր յաղթել է պետական, ազգային մտածողութիւնը :
«ԹԵՐԹ».- Շատերը հաճելիօրէն զարմացած են առկայ իրավիճակում բարոյահոգեբանական այս մթնոլորտում գտնուող մեր հասարակութեան կողմից ի ցոյց դրուած կամային յատկանիշներից, մեր ազատամարտիկների՝ 1ին գիծ մեկնելու պատրաստակամութիւնից՝ չնայած այն վիճակին, որ իրենց իշխանութիւնների կողմից անտեսուած են զգում, աղքատ ու յուսահատուած: Այսինքն՝ սրանք երեւոյթներ էին, որ բացայայտուեցին ու ոգեւորեցին: Սա ձեզ համար անակնկա՞լ էր:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ո՛չ, բացարձակապէս զարմացած չեմ, որովհետեւ հայրենիքն ամէն ինչից վեր է, եւ, փա՛ռք Աստծոյ, Հայաստանում այդպէս են մտածում: Չէր կարող հակառակը լինել… այսինքն՝ ինչպէ՞ս կարող ենք մտածել, որ մեր սահմանը Երեւանն է կամ Հայաստանի 29,000 քառակուսի կիլոմետր տարածքը: Չէ՛, մեր սահմանը՝ մեր տունը, մեր զարկերակը սկսում է այնտեղ, որտեղ հայ զինուորն է կանգնած: Մենք՝ հայերս, նախանձելի կոդ ունենք՝ հողի պաշտամունք, հողի սպառնալիքի ժամանակ զարմանալիօրէն միաբանւում ենք: Ես երկրի նկատմամբ այդ նոյն զգացողութիւնն եմ ունեցել 1988ին, Ազատութեան հրապարակում այդ նոյն թթուածինն էր: Նաեւ մի տեսակ հանգստութիւն իջաւ հոգուս, տագնապներս փարատուեցին: Չէ՛, այլ կերպ չէր կարող լինել: Ռուբէն Յովսէփեանն էր շատ լաւ մի տող գրել, եւ շատ լաւ է, որ մենք ունենք հայրենիքն ու իշխանութիւնը զատելու իմաստնութիւնը: Եւ նոյնիսկ սոցիալական ցանցերի պէս անպատասխանատու միջավայրում մի ներքին զգօնութեամբ բոլորը զուսպ են: Միգուցէ մեր գոյատեւման կոդերից մէկն էլ սա է:
«ԹԵՐԹ».- Այո՛, Ռուբէն Յովսէփեանը գրեց, որ մենք տեսանք, թէ ինչպէս Հայաստանի Հանրապետութիւնը դարձաւ Հայրենիք: Իսկ քաղաքական ուժերի պահուածքն ինչպէ՞ս կը գնահատէք: Նկատի չունեմ միայն ԱԺ բոլոր 6 խմբակցութիւնների յայտարարութիւնը, որը, ի դէպ, աննախադէպ էր:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Այլ կերպ չի կարող լինել, հայրենիքը մէկն է: Մենք հո Գանայի հաւաքակա՞նը չենք, որ գնանք աշխարհի առաջնութիւն եւ ասենք՝ մեր հոնորարը տուէք, խաղանք (ծիծաղում է ): Չէ՛, հայրենիքի հետ չեն խաղում, հայրենիքի համար զոհուո՛ւմ են, հայրենիքը պահո՛ւմ են: Խորհրդարանական բոլոր ուժերի համատեղ յայտարարութիւնը շատ բնական է՝ կենսական շեշտադրումներով: Ես նոյնիսկ ակնկալում եմ, որ արտաքին վտանգի պահին մեր երկու նախագահները ե՛ւ Լեւոն Տէր Պետրոսեանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարեանը հանդէս կը գան համապատասխան յայտարարութեամբ:
Երբ ուկրաինական դէպքերը նոր-նոր էին սկսուել, եւ Մայդանն անկառավարելի էր դառնում, ակնածանքի մի պահ ապրեցի, երբ այդ երկրի երեք նախագահները նստել էին մի սեղանի շուրջ՝ քննարկելու երկրին սպասուող վտանգները:
Այս պահին Հայաստանի՛, մեզանից իւրաքանչիւրիբ ճակատագիրն է սահմանին որոշւում : Եւ նաեւ խոցելի է այն զգացողութիւնը, որ գուցէ ոմանք ունեցել են, թէ պատերազմն աւարտուել էր: Չէ՛, պատերազմը չէր աւարտուել, պատերազմը շարունակւում է:
Բայց այս ամէնը մի երես էլ ունի՝ բոլոր ճգնաժամային իրավիճակները լրացուցիչ ուղիների եւ ելքերի բանալիներ որոնելու շատ դրական էներգիա կարող են ունենալ: Շատ կ՛ուզենայի, որ այս համախմբումը, ոգին, որ մենք ունենք հայրենիքի, հողի, զինուորի նկատմամբ, ունենանք նաեւ ներքին կեանքում: Արտաքին ճակատում, թէ սահմանի վրայ՝ մեր զէնքն աւելի զօրաւոր է, երբ ներսում միասին ենք:
Ես խորապէս համոզուած եմ եւ, իսկապէս, այլընտրանք չեմ տեսնում, յարգում եմ միջազգային կառոյցների տեսակէտները կամ դերակատարութիւնը, բայց մեր բոլոր խնդիրների լուծման բանալին կայացող, զարգացող, արժանապատիւ, ժողովրդավարական Հայաստանն է: Ես ուզում եմ լաւատես լինել, որ այն խոհեմութիւնն ու միասնականութիւնը, որ ունենք արտաքին սպառնալիքի նկատմամբ, կարող ենք գործադրել նաեւ երկրի իմունիտետը զօրացնելու համար:
«ԹԵՐԹ».- Իսկ ներքին կեանքում իշխանութեան եւ ընդդիմութեան պայմանական ասած՝ ճիշդ պահուածքը ինչպիսի՞ն պէտք է լինի: Օրինակ՝ մենք կենցաղից դէպքեր գիտենք, երբ մարդիկ իրար հետ կռուելուց ու հաշտուելուց յետոյ իրար նկատմամբ աւելի նրբանկատ են լինում, բայց յետոյ նորից իշխում են սովորական տրամադրութիւնները:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ներքին կեանքում քաղաքական ճիշդ պահուածքի անկիւնաքարը, մոտիվացիան Հայաստան պետութեան շահն է: Մեզ պիտի միաւորի «յանուն Հայաստանին»ը: Գաղափարախօսական տարաձայնութիւններն ու զանազանութիւնները դեռ յանուն Հայաստանի եւ Հայաստանի ազգային շահերի միաւորուելու ունակութիւն չունենալու հիմք չեն: «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակը, որն այս օրերին աւելի շատ «պատերազմ» կարգավիճակին է մօտ, դրդում է բոլոր գերակայութիւնների սանդղակում առաջնահերթութիւններ վերասահմանել: Հայ մարդու եւ քաղաքական ուժերի մէջ այսօր յաղթել է պետական, ազգային մտածողութիւնը: Կայ այլ մօտեցում, քան պաշտպանել հայրենիքը, կանգնել սահմանին: Պարզ ճշմարտութիւն եմ, չէ՞, ասում:
Արտաքին վտանգի, սպառնալիքի դէմ մենք իրաւունք չունենք ներքին բաժանարարներ ունենալ:
Հայաստանից՝ որպէս Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը երաշխաւորող երկրի, լրացուցիչ քաղաքական իմաստնութիւն է պահանջւում, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակում ապրող երկրի իշխանութիւնը պարտաւոր է այնքան ողջամտութիւն ունենալ, որ հասարակութիւնը չպառակտի սոցիալական անարդարութեան, որոշ «ընտրեալների» անպատժելիութեան ու ցինիզմի մթնոլորտում: Հաւասար իրաւունքներով հասարակութիւնն է առաւել պաշտպանուած արտաքին մարտահրաւէրներից:
Սոսկ մեր ոգուն, ոգեղէնականութեանն ու հայրենասիրութեանը ապաւինելն արդարացուած չէ, քաղաքական կլիման պէտք է սնել տնտեսական, սոցիալական, մարդկային ձեռբերումներով…
«ԹԵՐԹ».- Այ՝ հիմա աշունը գալու է, մարդիկ նորից թանկացած ելեկտրաէներգիայի վարձ են մուծելու, ու ակնյայտ է, որ է՛լ աւելի ծանր է լինելու:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Սա քաղաքական խոհեմութեան հարց է…
«ԹԵՐԹ».- Որը առաջին հերթին՝ ակնկալում էք իշխանութիւններից, որքան հասկանում եմ:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Սա առաջին հերթին՝ վերաբերում է քաղաքական մեծամասնութեանը, խորհրդարանում «մէկ կոճակի» տիրապետող մեծամասնութեանը, որը ներքին կեանքում շարունակում է խուլ մեծամասնութիւն լինել: Եւ, բնականաբար, ներքին կեանքի քաղաքական ձախողումների հիմնական պատասխանատուութիւնը իշխանութեանն է: Եւ ինչու չէ՝ արտաքին քաղաքականութեան մէջ մեր բազմաթիւ ձախողումները՝ նոյնպէս:
Տեսէ՛ք, երբ սահմանին դաւադիր թուրքի գնդակից 18ամեայ զինուոր է զոհւում, մեր ընտիր տղերքը սեփական կեանքով հող են պահում, օլիգարխներից մէկի լակոտը հերթական ցինիկութեան մէջ է: Այդ կոնտրաստներն անընդունելի են:
«ԹԵՐԹ».- Այդ օլիգարխը ասաց՝ լակոտի մեքենան վերացուած է, այսինքն՝ այս ցինիկութեան «գործիքը»:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ի՜նչ մեծ պատիժ… պէտք է վերացնել այդ արժէքային համակարգը, որը ծնում է այս անպատժելիութիւնն ու ցինիկութիւնը: Կրկնում եմ՝ քաղաքական իմաստնութիւնն ու խոհեմութիւնը հաւասար իրաւունքներով հասարակութիւն կերտելու մէջ է: Հայաստանից մեկնողների, փախչողների մեծ մասը մեկնում է ո՛չ այնքան հացի համար, որքան ստորացուած արժանապատուութեան ու անպաշտպանուածութեան:
Չաւարտուած պատերազմի երկրում ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրը կարեւոր է: Այսօր Հայաստանի ռազմավարական ռեսուրսը ո՛չ միայն զինուորն է, բանակն իր՝ մարտունակ, ժամանակակից զինատեսակներով, տնտեսութիւնն ու քաղաքական ինստիտուտների կայացման մակարդակը, այլ նաեւ՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Բայց ինչ լաւ է, որ այս երկու-երեք օրը վկայեցին, որ հայի ուժն իր ոգու մէջ է, «Ամէն բանէն վեր՝ ՀԱՅՐԵՆԻՔ», ինչպէս կ՛ասէր Աղբալեանը: