«Հայկական բանակը, որը հսկայական զոհողութիւնների գնով կայացաւ ու յաղթեց Արցախեան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելութիւնը փայլո՛ւն կատարելիս ամէն րոպէ թիկունքում զգաց յիրավի համաժողովրդական աջակցութիւն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառոյցն է:
Եւ որպէս Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, ամէն վայրկեան զգալով Հայաստանի ու Արցախի սահմանները երիզող մարտական յենակէտերում հակառակորդին դէմ յանդիման կանգնած 18ից 20 տարեկան զինուորների, պայմանագրային զինծառայողների ու երիտասարդ սպաների վստա՛հ շնչառութիւնը, տեսնելով նրանց երիտասարդ, բայց խուճապի նշոյլ իսկ չկրող համարձակ դէմքերը, մտովի յիշելով նրանցից առաջ այդ խրամատներում կանգնած մարտիկներին, եւ բոլորիդ շնորհաւորելով Երիտասարդութեան միջազգային օրուայ առթիւ, պարզ մարդկային շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ՝ Հայրենիք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու, Հայաստան ու Արցախ բառերը լսելիս՝ մեր սերնդի պէս ամէն զոհողութեան պատրաստ լինելու համար:
Դժուարին պահերին երիտասարդութիւնն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կեանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու աւագների հետ, ովքեր իրենց իմաստնութեամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձութիւններից՝ թիկունք են կանգնում ձեզ:
Ձեր աւիւնն ու եռանդը, ձեր նուիրուածութիւնը ազգային ու համամարդկային արժէքներին, եւ միաժամանակ նոր, յաճախ առաջին հայեացքից առաւել քան համարձակ թուացող գաղափարներն են, որ կամրջում են հայութեանը՝ ստեղծելով այն հիմքը, որի վրայ է խարսխուելու Հայկական համաժողովրդական բանակը ու դիմագրաւելու է հայութեանը սպառնացող ամենատարբեր նենգ վտանգներին:
Անկախ սերունդներից, մենք նոյն ուղին ենք ընտրել, ու վստահ եմ, որ ոչ մի գայթակղութիւն կամ փորձութիւն որեւէ մէկիս չի շեղելու այդ դժուարին, բայց ճակատագրով մե՛զ վերապահուած ճանապարհից»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.