ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Մեծարգոյ նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների,
Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, յարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
Մենք դրական ենք գնահատում պատրաստուած հռչակագիրը եւ մեր համաձայնութիւնն ենք տալիս նրա բովանդակութեանը: Ինչպէս յանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշուի առնելով ժողովի պատկառելի ներկայացուածութիւնը, հռչակագիրը կարող է խօսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել յստակ եւ համահայկական տարողութեան հիմնահարցեր:
Մեր գնահատումով՝ հռչակագրի ներկայ, վերջնական բովանդակութեամբ դա իրագործուել է: Հռչակագիրը տալիս է մեր յանձնաժողովի «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի ամբողջական բացատրութիւնը, ինչն էլ հանդիսանում է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի քաղաքական համատեքստը:
Մնում է մենք բոլորս, պետական յանձնաժողովը՝ որպէս այդպիսին եւ յանձնաժողովի իւրաքանչիւր անդամը՝ որպէս հայ ժողովրդի այս կամ այն հատուածի ներկայացուցիչներ, համակարգուած ծրագրով եւ համադրուած ճիգերով կեանք տանք այդ քաղաքականութեանը:
Մենք աշխատանք ենք տարել ներազգային ճակատում հատուցման հարցով տեսակէտների բիւրեղացման եւ միջազգային իրաւունքի ու նորմերի համաձայն թղթածրարի պատրաստման ուղղութեամբ:
Պատուիրել ու արդէն հրապարակել ենք Հայոց Ցեղասպանութեան հատուցումների ուսումնասիրման խմբի վերջնական զեկոյցը՝ «Արդարացի լուծում-հատուցումներ Հայոց Ցեղասպանութեան դիմաց»: Զեկոյցում ներկայացուած է 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանութեան հատուցումների հարցի իրաւական, պատմական, քաղաքական եւ բարոյական կողմերին առնչուող աննախադէպ համապարփակ վերլուծութիւնը: Զեկոյցում ներառուած են նաեւ հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերեալ կոնկրետ առաջարկութիւններ:
Կարեւորում ենք նաեւ ուրիշների կողմից այս ուղղութեամբ տարուող աշխատանքները: Ասել ենք արդէն, որ այս ուղղութեամբ կարեւոր նախաձեռնութիւն էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գլխաւորած հայ իրաւաբանների խորհրդաժողովի որոշումը՝ ստեղծելու յատուկ յանձնախումբ, Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրների իրաւական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով: Այսօր լսելու ենք այդ աշխատանքների մասին զեկոյց:
Մենք կրկնում ենք 2012 թուականի Սեպտեմբերին, յանձնաժողովի երկրորդ նիստին մեր ներկայացրած առաջարկը՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նախաձեռնութեամբ հիմնադրել յատուկ կենտրոն, որը պէտք է իր աւարտին հասցնի միջազգային իրաւունքի եւ նորմերին համաձայն Հայոց Ցեղասպանութեան հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրաւունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթածրարի պատրաստումը եւ մշակի այն իրականացնելու համար ճանապարհային քարտէս:
Մեր այս առաջարկի մասին կարելի է մանրամասն քննարկել ձեր սկզբունքային համաձայնութեան դէպքում:
Չի կարելի չանդրադառնալ Թուրքիայի իշխանութիւնների արդէն լկտի պահուածքին, այն է՝ Գալիպոլիի ճակատամարտի 100ամեակը Ապրիլի 24ին նշելու եւ այդ առթիւ 102 պետութիւնների ղեկավարներին հրաւիրելու քայլին: Թուրքիայի այս քայլին համարժէք պատասխանը կը լինի Հայ-թուրքական արձանագրութիւններից Հայաստանի ստորագրութեան հետ վերցնելը:
Յարգելի ներկաներ, այսօրուայ իմ խօսքում կ՛ուզէի անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս:
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը պէտք է առիթ հանդիսանայ ոչ միայն ճշմարտութիւնը աշխարհին հասցնելու, այլեւ մէկ այլ կարեւորութեան ճշմարտութիւն ինքներս գիտակցելու համար. որ միայն ներազգային համախմբումը կարող է ճանապարհ բացել մեր նպատակների իրականացման առջեւ: Առանձին-առանձին խմբաւորուած, մասնատուած ու ծվատուած մենք ոչնչի չենք կարող հասնել:
Մեզ առաւել քան անհրաժեշտ է ներազգային համախմբում յատկապէս իրադարձութիւնների ներկայ փուլում, երբ մեր հանդէպ ցեղասպանութիւն իրականացնողի կրտսեր եղբայրը նորից մեզ պատերազմ է պարտադրում: Իրեն բնորոշ ճղճիմ ու ողորմելի դաւադրութիւններով Ադրբեջանը փորձում է շեղել աշխարհի ու իր հասարակութեան ուշադրութիւնը իր ներքին խնդիրներից եւ ինչու չէ՝ հէնց Ցեղասպանութեան 100րդ տարելիցից: Թէ որքանով է դա նրան յաջողւում, այլ հարց է, բայց կարեւորն այն է, որ Ադրբեջանի այդ թշուառ կեցուածքի պատճառով մենք պարբերաբար զինուորներ ենք կորցնում:
Այո, մեր զինուորները տալիս են իրենց կեանքը՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը: Իսկ ի՞նչ ենք անում մենք այստեղ: Ազգի համար այս ճակատագրական պահին ինչո՞վ ենք զբաղուած: Ո՞ւր են մեզ տանելու ինքնանպատակ բախում-պայքարները, որոնք առճակատման, ներքին պառակտման վերաճելու ներուժ են պարունակում իրենց մէջ:
Երբեք դրա ժամանակը չէ, բայց առաւել եւս դրա ժամանակը չէ հիմա: Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է:
Այսօր մենք պէտք է ամէնուր դատապարտենք Ադրբեջանին: Պէտք է միջազգային համայնքին ասենք, որ Ադրբեջանը փաստացի սկսել է պատերազմ, մաշեցնող պատերազմ՝ Հայաստանի ու Արցախի դէմ: Յատկապէս համանախագահող պետութիւններից պէտք է պահանջենք սաստել Ադրբեջանին, որպէսզի դադարեցնի իր կամայականութիւնները:
Բոլորս պարտաւոր ենք բացառել ներքին առճակատումը, երբ այն՝ առճակատումը առկայ է մեր սահմանի վրայ եւ մէկ մարդու պէս կանգնել պետութեան կողքին:
Սակայն պետութիւնն էլ իր հերթին պարտաւոր է հոգ տանել, որ այս բախտորոշ փուլում ժողովուրդն իրեն զգայ ոչ միայն պաշտպանուած արտաքին թշնամուց, այլեւ պաշտպանուած ներքին ապօրինութիւններից, անարդարութիւններից ու կամայականութիւններից:
Երբ մենք միասնական ենք եղել, ունեցել ենք միմիայն յաղթանակներ: Նման միասնականութեան արդիւնք է եղել նաեւ մեր վերջին յաղթանակը:
Մենք սա ենք պարտաւոր ասել մեր ժողովրդին:
Ու մենք պարտաւոր ենք ասել, որ այս պահից եւ այսուհետ մենք միահամուռ ենք ու հաստատակամ՝ արտաքին վտանգը դիմագրաւելու հարցում, մեր ազգային իղձերն իրականացնելու խնդրում:
Եւ պարտաւոր ենք ասել այնպէս, որ ժողովուրդը մեզ հաւատայ ու վստահի:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5ՐԴ ՆԻՍՏՈՒՄ