ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Պարոն Ռուստամեան, 1 օրից տեղի է ունենալու ԲՀԿի հրաւիրած համաժողովը, որին մասնակցելու հրաւէր ՀՅԴն չի ստացել, դուք տեղեկութիւն կամ ենթադրութիւններ ունէ՞ք, ձեր գործընկերները, որոնց հետ մինչեւ վերջերս սերտօրէն համագործակցում էիք, ինչո՞ւ ձեզ էլ չեն հրաւիրել:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ես տեղեակ չեմ՝ ինչպէս են որոշել, ինչ են որոշել, բայց այն, ինչ ենթադրւում է այնտեղ ներկայացնել, մենք մեր տեսակէտը յստակ ներկայացրել ենք. մեր կարծիքով, ելքը այս իրավիճակից ոչ թէ պարզունակ իշխանափոխութիւնն է, այլ ամբողջական իշխանափոխութիւնը, որը ենթադրում է համակարգի լուրջ փոփոխութիւն, որը թոյլ չի տայ, որ նորից նոյնը կրկնուի, եւ դրա համար մենք մեր ընթացքը հիմնել ենք սահմանադրական փոփոխութիւնների իրականացման միջոցով հասնել խորքային, արմատական փոփոխութիւնների եւ երկրում ստեղծել իսկապէս ժողովրդավարական միջավայր:
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Իրենք Դաշնակցութեանը մեղադրում են, ամէն դէպքում նրանց կայքերում այդպիսի մեղադրանքներ են հնչում, որ դուք համագործակցում էք իշխանութիւնների հետ, դուք պաշտօններ էք ստանալու: Ի դէպ, դուք յայտարարում էիք, որ Արա Նռանեանը պաշտօն չի ստանայ, բայց ստացաւ:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Մենք ասել ենք՝ նախարար չի դառնայ:
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Նաեւ խօսւում է, որ հնարաւոր է դեսպանների պաշտօններ ստանաք, ապագայում էլ կօալիցիա ձեւաւորէք իշխանութեան հետ:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ովքեր խօսում են Դաշնակցութեան մասին, բացարձակապէս կա՛մ տեղեակ չեն, կա՛մ չեն ուզում ներկայացնել այնպէս, ինչպէս ՀՅԴն պատկերացնում է ստեղծուած վիճակը եւ ելքեր է առաջարկում այդ վիճակից: Մենք ասել ենք, որ ՀՅԴն համագործակցում է բոլոր նրանց հետ, ովքեր համակարծիք են իր հետ յստակ ուղղութիւնների վերաբերեալ, որոնք սահմանուած են մեր 7 կէտերի մէջ: 12 թուականից այդ ընթացքն է որդեգրած, եւ չգիտես ինչու, մարդիկ չեն ուզում դա տեսնել: Մենք համակարգային փոփոխութիւն ենք ուզում անել, որն անհնար է առանց Սահմանադրութեան փոփոխութիւնների, մեր 7 կէտերի մէջ յստակ խօսւում է խորհրդարանական համակարգին անցնելու մասին, եւ դա այսօր իսկապէս հնարաւոր է դարձել իշխանութիւնների այդ մօտեցումը որդեգրելու պայմաններում:
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Իսկ եթէ պարզուի, որ եռեակն է ճիշդ, որ իշխանութիւնն իրականում այդ փոփոխութիւններով փորձում է վերարտադրուել, իսկ եռեակը փորձում է գնալ իշխանափոխութեան, բայց միւս ուժերը չեն սատարում իրեն:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Եթէ պահպանւում է գործող համակարգը, վերարտադրում տեղի է ունենալու այսպէս թէ այնպէս, անկախ նրանից, թէ ում անունը կը լինի նախագահի պաշտօնին: Մենք 3 նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանուել է: Սա չեն ուզում հասկանալ մարդիկ: Քանի այս համակարգը չի փոխուել, դա հէնց վերարտադրման ուղիղ ճանապարհն է:
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Այսինքն՝ դուք էլ եռեակի՞ն էք մեղադրում, որ իրենք են նպաստում իշխանութեան վերարտադրմանը՝ դէմ լինելով սահմանադրական փոփոխութիւններին:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ի հարկէ, որովհետեւ համակարգի պահպանումը նշանակում է վերարտադրման գործընթացի շարունակութիւն: Մենք դա ապացուցում ենք անցած մեր ամբողջ անկախութեան ընթացքով: Նոր փուլ պիտի սկսուի երկրում: Հակառակ պարագայում նոյն վիճակն է լինելու: Պարզ հարց եմ տալիս, մէկը թող ինձ բացատրի, թէ ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդը այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի 4րդից: Այ սա՛ է վերարտադրումը: Մենք էլ ասում ենք՝ ոչ, չպիտի թոյլ տալ, որ դա տեղի ունենայ: Այս պարզ բանը չեն ուզում հասկանալ, որովհետեւ մարդիկ ուզում են իրենց մանկութեան երազանքը կատարուի, դառնան նախագահ:
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Իսկ եթէ, այդուամենայնիւ, սահմանադրական փոփոխութիւններից յետոյ Սերժ Սարգսեանը դառնայ ԱԺ նախագահ, վարչապետը էլի ՀՀԿից լինի ու նախագահն էլ նոյն շրջանակից, չեղա՞ւ վերարտադրութիւն:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Այդպէս մեր առաջարկած համակարգում հնարաւոր չէ: Այդ անձինք կարող են մնալ համակարգում այս կամ այն տեղում, որովհետեւ իրենց չես կարող արտաքսել երկրից, եւ եթէ մէկն ասում է՝ գալու է դա անի, խաբում է, այդպէս չի լինելու: Իրականութեան մէջ մեր առաջարկը փոխում է իշխանութեան որակը այնպէս, որ այդ իշխանութիւնը դառնում է զսպուած, հակակշռուած, եւ այդ պարագայում ընդդիմութիւնը ունենում է շատ լուրջ հսկողութեան հնարաւորութիւն, այդպէս անձը որտեղ էլ լինի, նոյն որակի իշխանութիւն չի կարող ունենալ, ինչպէս հիմա, որ դա օգտագործի իր շահերի համար: Սա ուղիղ չեն ուզում հասկանալ կամ իրենց ձեռնտու չէ, որովհետեւ իրենք դէմ են միայն անձին, որ այդ մեծ լծակներն ունի, իրենք ասում են՝ ինչո՞ւ կորցնենք այդ լծակները, եթէ առիթ կայ, որ ես գամ եւ այդ նոյն լծակներն օգտագործեմ:
ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Եթէ 7 կէտերը կատարուեն, սահմանադրական փոփոխութիւններից յետոյ կօալիցիա կը կազմէ՞ք ՀՀԿի հետ:
ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Մենք ձեռքներս քշտած կը մտնենք այդ գործընթացի մէջ: Ամբողջ հարցն այն է, որ այն, ինչ կատարուելու է մեր ասածի արդիւնքում, դրանից օգտուելու են բոլորը, բայց այս ընթացքում հայհոյելու են, քարկոծելու են մեզ, ինչպէս եղել է մինչեւ հիմա, ոչինչ, մենք դրան սովոր ենք: ԱԺ յանձնաժողովներում ընդդիմութեան տեղերի ընդլայնման հետ կապուած էլ ՀՅԴն մեծ ջանք ու եռանդ գործադրեց, որպէսզի Դոնթի բանաձեւով բաշխուեն յանձնաժողովների նախագահների պաշտօնները: Այն ժամանակ ՀՅԴն 2 պաշտօն ունէր, քարկոծեցին: Ասացինք, այդ նոյն բանաձեւով յաջորդն էլ կը գայ, կը ստանայ այդ տեղերը: Հիմա ոչ ոք չի ասում, որ ոչ իշխանական ուժերը յանձնաժողովի 4 նախագահ ունեն: Ինչո՞ւ չեն համարում, որ նոյն ձեւով համագործակցում են, իշխանութիւնների կցորդ են դարձել: Այն ժամանակ մեզ հայհոյեցին, նոյնն էլ լինելու է հիմա: Սահմանադրական փոփոխութիւնները նոր որակ են առաջացնելու, որտեղ բոլորը իրենց տեղն են ունենալու, ոչ թէ օտարուելու են պետութիւնից եւ ոչ թէ նոյնացած են լինելու իշխանութիւն-պետութիւն, այլ պետութիւնը դառնալու է բոլորինը: