NEWS.AM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆԻ ՀԵՏ
ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբը կազմակերպութիւն է, որն ունի գրասենեակներ, յանձնաժողովներ, բաժիններ, ազգային, պետական ու տեղական մակարդակներով գործունէութիւն ծաւալող ակտի-ւիստներ: Մենք ԱՄՆի ողջ տարածքում կազմակերպում եւ անցկացնում ենք ինչպէս յիշատակի, այնպէս էլ քարոզչական լայնածաւալ միջոցառումներ:
Նրանց թւում՝ ի հարկէ, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ արարողութիւնները, որոնք կ՛ընթանան Ապրիլի 22ին Կապիտոլիումի բլրի վրայ կոնգրեսի անդամների համար, ինչպէս նաեւ Մայիսի 7ին Ազգային տաճարում կայանալիք միջոցառումները նախագահ Սարգսեանի, եկեղեցական ղեկավարների ու համայնքի առաջնորդների մասնակցութեամբ: Կ՛անցկացուեն երթեր Լոս Անջելեսում եւ Նիւ Եորքում, ինչպէս նաեւ բողոքի ցոյցեր, պիկետներ, խորհրդակցութիւններ, քարոզարշաւներ, քաղաքացիական նախաձեռնութիւնների հետ մէկտեղ ԱՄՆի գրեթէ բոլոր նահանգներում կը լինեն նաեւ մշակութային միջոցառումներ՝ կապուած արուեստի, կինոյի, երաժշտութեան, գրականութեան եւ այլ մշակութային ոլորտների հետ: Այս շարքում ի հարկէ, գլխաւորը System of a Down խմբի «Wake Up the Souls» համերգային շրջագայութիւն է:
ՀԱՐՑ.- Ի՞նչ էք կարծում, Հայոց Ցեղասպանութեան հարցում ԱՄՆի քաղաքականութեան մէջ պէ՞տք է փոփոխութիւններ սպասել: Ի՞նչը կարող է ստիպել ԱՄՆին փոխելու իր դիրքորոշումը:
ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Ճշմարտութեան ամենամեծ դաշնակիցը լոյսն է: Հայկական Հարցը ծաղկում է հասարակութեան լուսաւոր գիտակցութեան մէջ: Եւ դա այն պատճառով, որ մենք մեր պահանջները ներկայացնելու համար բարոյական առիթ ունենք: Միաժամանակ, մենք տեսել ենք, որ մեր գործում դաւաճանութեան վատագոյն դէպքերըը ստուերում են կատարուել:
100ամեայ տարելիցն ի հարկէ մեծ ուշադրութիւն է հրաւիրում Թուրքիայի ժխտողական եւ Ցեղասպանութեան հարցում արդարադատութեան հասնելուն խոչընդոտելու քաղաքականութեան վրայ: Իրադարձութիւնները դրական ազդեցութիւն ունեցան քաղաքական գործիչների վրայ՝ ճիշդ ուղղութեամբ շարժուելու համար: Սակայն դեռ պարզ չէ, թէ հասարակութեան ուշադրութիւնն ու մեր կողմից գործադրուող կրկնակի ջանքերը բաւարա՞ր են արդեօք, չէզոքացնելու համար Ամերիկայի «բերանը փակելու» Թուրքիայի փորձերը:
ՀԱՐՑ.- Թուրքիայի կառավարութիւնը որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100ամեակը նշել Ապրիլի 24ին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկւում Ամերիկայի հայերի կողմից Թուրքիայի քարոզչութիւնը չէզոքացնելու համար:
ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Լաւ նորութիւն է այն, որ Թուրքիայի այդ ակնյայտ հնարքը ոչ ոքի չի յիմարացնում: Թուրք վերլուծաբանները զանգուածային կերպով մերժեցին այդ նախաձեռնութիւնը՝ որպէս էժանագին հնարք: Այսուհանդերձ, մենք շարունակում ենք ամերիկեան պաշտօնեաների շրջանում բացատրական աշխատանքներ տանել այս խայտառակ հնարքի հարցով:
ՀԱՐՑ.- 2015թ. Ապրիլի 24ը մեծ նշանակութիւն ունի ողջ հայութեան եւ ԱՄՆի հայերի համար: Որո՞նք են ձեր յետագայ քայլերը: Ի՞նչ է պլանաւորում անել Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Ապրիլի 24ից յետոյ:
ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Հայ ժողովուրդն այսօր բռնել է արդարադատութեան տանող ուղին: Մենք ոտքի ենք կանգնել ու վերակազմաւորուել ենք 100 տարի առաջ վերապրած գրեթէ ամբողջական բնաջնջումից յետոյ: Ունենալով հզօր համայնք՝ մենք փրկել ենք Արցախը եւ վերականգնել ենք մեր անկախութիւնը՝ 2րդ հարիւրամեակը սկսելով իրաւամբ մեզ պատկանող հայրենիքի պահանջով՝ ոչ միայն անցեալին յարգանքի տուրք տալու համար, այլեւ ապագային ծառայելու նպատակով: Քայլ առ քայլ մենք աշխատում ենք մեր երազանքները իրականացնելու ուղղութեամբ:
Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը սպառնալիք է Հայաստանի եւ ողջ հայութեան համար: Այս յանցագործութեան արդար պատիժը առանցքային գործօն է Հայաստանի գոյատեւման եւ յետագայ կենսունակութեան համար:
Այդ առումով մենք աշխատում ենք այդ յանցագործութեան միջազգային արդար ճանաչման, Արցախի պաշտպանութեան, Հայաստանի կայացման, Ջաւախքի աջակցութեան եւ այլ հայամէտ նախաձեռնութիւններին աջակցելու ուղղութեամբ:
Հայոց Ցեղասպանութեան հարցում արդարադատութեան հասնելը Հայ Դատի յանձնախմբի հիմնական նպատակն է: Սա մեր մշտական պայքարի կենտրոնական տարրն է՝ ազգերի սեղանի շուրջ Հայաստանի տեղն ապահովելու համար, որը սկսուել է 1915թ. եւ շարունակուելու է նաեւ 2015ից յետոյ: