
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայ երաժշտութեան պատմութեան մէջ արձանագրուեց մի աննախադէպ երեւոյթ. աշխարհում առաջին անգամ երեւան եկաւ ամբողջովին հայերէն խօսքերով հայկական նորաստեղծ ռեքվիէմ՝ «Ռեքվիէմ նահատակաց ազգիս հայոց», ձօնուած մեր նահատակների հոգիների խաղաղութեան. լայնածաւալ գործ, որ Լարք երաժշտական ընկերակցութիւնը խորին յարգանքով նուիրել է մեր Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Ու գիտէ՞ք, այն գրել է ամերիկացի կոմպոզիտոր Իան Կրաուսը: Ինչպէ՞ս էր դա պատահել. այդ մասին պատմում է Վաչէ Պարսումեանը:
Իան Կրաուսը մեծ նախապատրաստութիւն էր տեսել այս գործը գրելուց առաջ: Ամէն առիթով նա պրպտումներ էր անում հայ երաժշտութեան, հայոց պատմութեան մասին, կարդացել էր հայերի պատմութեան շատ գրքեր, գիտէր ով է այս ժողովուրդը:
Սրանից առաջ երկու անգամ Իանն ու Վաչէն աշխատել էին միասին, հայերէն բանաստեղծութիւնների վրայ գրուած տարբեր երգաշարերի համար. Իանը մօտիկից շփուել էր հայոց լեզուին, նրա ուժական յատկանիշներին, նրա շեշտադրութեանը, ձայնաւորների եւ բաղաձայնների հնչիւնաւորմանը, նախադասութիւնների շարադասութեանը, լեզուի ինքնատիպ արտայայտչաձեւերին եւ այլ շատ մանրամասնութիւնների:
Անցեալ ուսումնական տարում, երբ Պարսումեանը հայ երաժշտութեան պատմութիւն էր դասաւանդում UCLA համալսարանում, նա առանց բացակայութեան, ամէն անգամ ներկայ էր եղել դասերին, ծանօթացել՝ հայկական երաժշտութեանը, հայկական ձայնակարգերի եւ ռիթմերի ինքնատիպ ձեւերին:
Իան Կրաուսը կարողացաւ հայկականութիւն դնել այս գործում, ծիսակարգային համարները ներգրաւեց միայն թեթեւ հպումներով, իսկ բանաստեղծական խօսքերին կարողացաւ հայկական շունչ տալ։ Իր ամերիկացիութիւնը մնաց վարմունքի, ոճաւորման ժեստի մէջ: Գործի մէջ յարակայ ներկայութիւն էին երկու հսկաների ոգիները. Կոմիտասը՝ իր ամբողջական կերպարով, որին ծանօթանալու օրից պաշտամունքի հասած սիրահարուածութիւն էր ունեցել Կրաուսը, եւ Բախը՝ նրա հոգեւոր երաժշտութեան արուեստի վերասլաց գագաթումով:
Ինչպիսի՞ կառուցուածք ունի մեր ռեքվիէմը:
Այս գործի հենքն են կազմում հայ եկեղեցու հոգեհանգստեան պաշտօնի եօթ երգեր (հանդէս են գալիս զոյգ համարներով), որոնց ընդմիջում են վերջին երկու հարիւրամեակի մեր բանաստեղծների (Սիամանթօ, Ա. Ահարոնեան, Ս. Կապուտիկեան, Պ. Սեւակ, Մ. Պէշիկթաշլեան Դ. Վարուժան) բանաստեղծութիւնները: Այս ռեքվիէմի շարադրանքը՝ ըստ բովանդակութեան, բաժանւում է երկու մասի. առաջին բաժնում ոգեկոչւում է մեր սուրբ (արդէն սրբադասուած) նահատակների յիշատակը, Աստծու ողորմութիւնը հայցելով նրանց հոգիների հանգստի համար. իսկ երկրորդում կայ Աստծոյ հանդէպ իրենց ուխտը վերանորոգած հայ սրտերի բաղձանք՝ խաղաղութեամբ ապրելու աշխարհում մեր եղբայրների հետ։
«…թողութիւն շնորհեա ննջեցելոց քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր»:
«Մէկտեղ յոգնիմք, մէկտեղ ցանեմք,
մէկտեղ թափին մեր քրտինքներ,
զհունձ բարեաց յերկինս հանեմք,
որ կեանք առնուն հայոց դաշտեր,
ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն
քան զանձկալի եղբայր անուն»:
Ռեքվիէմի երկրորդ կէսում դիմում եւ խնդրանք կայ Աստծուն, որ մեզ վեր պահի ոխից եւ վրէժխնդրութիւնից, նորոգի հաւատքը ի բարձրեալն Աստուած: Այստեղ հնչում են բարի մաղթանքներ՝ Վարուժանի «Անդաստան»ի խաղաղութեան մաղթանքները, աշխարհի չորս կողմերին, սիրերգութիւնը՝ մարդկութեան հանդէպ:
Նոր չէ Ռեքվիէմի հասկացութիւնը որպէս համերգային գործ, այն գալիս է վաղ դարերից եւ հետզհետէ ունեցել է իր անշարժ բաժինները: Սակայն «Լարք»ի ներկայացրած այս ռեքվիէմը ներկայանում է մի շարք նորութիւններով եւ նորարարութիւններով. հայերէն խօսքեր, ամերիկացի կոմպոզիտոր, աշխարհիկ բանաստեղծների գործերով հոգեւոր բանաստեղծութիւններ, մենակատարներ հայ եւ օտար, մանկական երգչախումբ, նուիրում 100ամեայ տարելիցի, ու… մեր գոյութեան վերապրումը կապել մի շատ պարզ առակի՝ կաղամախի ծառի հետ կապուած, որ բնութեան օրէնքներով, վերապրելու ինքնօրինակ յատկանիշ ունի:
Ոչ միայն վերապրում, այլ նաեւ ցնծութիւն էր Ապրիլի 22ին, 2015, UCLA համալսարանի Royce Hall դահլիճի բազմութեան ներկայութիւնը:
UCLA-ի ֆիլհարմոնիկ նուագախումբը, «Լարք»ի հիմնական երգչախումբը, «Ծիածան» մանկական երգչախումբը, մենակատարներ Շուշիկ Պարսումեանը, Կարինէ Աւագեանը, Եղիշէ Մանուչարեանը, Վլադիմիր Չեռնովը՝ ղեկավարութեամբ դիրիժոր Նիլ Ստալբերգի առաջին անգամ ներկայացրին Իան Կրաուսի «Ռեքվիէմ նահատակաց ազգիս հայոց» պատմական գործը:
Աւարտուեցին յիշատակութիւնների հանդիսութիւնները: Սակայն շարունակւում են մեր պահանջները, մեր յիշեցումները: Իսկ ռեքվիէմը յիշեցնում է մեր ողջ պատմութիւնը՝ սիրով եւ բարութեամբ, մեզ պարգեւուած այս սքանչելի աշխարհում:
Երանի կարենանք դարձեալ լսել այն, սրբագործուել այդ երաժշտութեամբ, ու մեր լինելութեամբ փաստել մեր վերընձիւղուելու կարողութիւնը:
