
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ապրիլի 27ին, Գլենդելի քաղխորհրդի անդամները նոր քաղաքապետ ընտրեցին Արա Նաջարեանին: Նշենք, որ քաղխորհդի հինգ անդամներից իւրաքանչիւրն ըստ յաջորդականութեան կարող է ընտրուել քաղաքապետ: Զարեհ Սինանեանը կը շարունակի պաշտօնավարութիւնը որպէս քաղխորհրդի անդամ: Միաժամանակ, տեղի ունեցաւ քաղխորհրդի վերընտրուած անդամ Փոլա Դիվայնի եւ նորընտիր անդամ Վարդան Կարապետեանի երդման արարողութիւնը: «Իմ ուժերը ներդնելու եմ գործընկերներիս հետ միասին Գլենդելն աւելի լաւ քաղաք դարձնելու ուղղութեամբ: Ինչպէս նշել եմ նախընտրական ծրագրումս, առաջնայնութիւններիս շարքում են մատչելի բնակարանների, քաղաքացիների անվտանգութեան, ջրի եւ ելեկտրաէներգիայի սակագների, քաղաքի բիւջէի հարցերը: Միաժամանակ, բաց եմ լինելու իւրաքանչիւր քաղաքացու համար: Աւելի քան մէկ տասնամեակ քաղաքապետարանի տարբեր յանձնախմբերում, հասարակական կազմակերպութիւններում կամաւոր հիմունքներով աշխատել եմ մեր քաղաքում կեանքի որակը բարելաւելու համար, եւ շատ ուրախ եմ, որ այսօրուանից հնարաւորութիւն ընձեռուեց այս ուղղութեամբ առաւել մեծ ծաւալով աշխատել որպէս քաղխորհրդի անդամ», իր ելոյթում նշեց Վարդան Կարապետեանը:
Քաղխորհրդի նորընտիր անդամը շնորհակալութիւն յայտնեց ընտանիքին, զօրակցողներին եւ հանրութեանը՝ աջակցութեան եւ վստահութեան համար:
Քաղաքապետի պաշտօնում իր մէկամեայ գործունէութիւնն ամփոփեց Զարեհ Սինանեանը: Նա մասնաւորապէս անդրադարձաւ Գլենդելում արձանագրուած տնտեսական աճին, քաղաքի կենտրոնում զարգացման նոր ծրագրերին. «Գործարարների համար նպաստաւոր միջավայր ստեղծելու մեր քաղաքականութեան հարցում, կը ցանկանայի անդրադառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող բիզնեսներին մեր ընձեռած հնարաւորութիւններին, ինչի արդիւնքում մեզ յաջողուել է գրաւել այս ոլորտի մի շարք ընկերութիւնների: Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ նաեւ այն, որ ստեղծեցի մի մթնոլորտ, որ մեր քաղաքացիներն առաւել կապուեն քաղաքապետարանի հետ, որ քաղխորհրդի անդամներն առաւել հասանելի դառնան բնակիչներին: Այս նպատակով, «Քաղխորհրդի նիստը ձեր թաղամասում» իմ նախաձեռնութիւնը մեծ յաջողութիւն ունի: Այս ծրագրի շրջանակներում 2-3 ամիսը մէկ անգամ քաղխորհրդի նիստն անցկացնում ենք քաղխորհրդի շէնքից դուրս, որեւէ թաղամասում, որտեղ կան հրատապ խնդիրներ», իր գործունէութիւնն ամփոփ ներկայացրեց Սինանեանը:
Յատկանշական է, որ քաղխորհրդի նիստին ներկայ Գլենդելի քաղաքացիներն, օգտուելով ելոյթի իրենց հնարաւորութիւնից, մեծ գոհունակութիւն յայտնեցին Սինանեանի աշխատանքից: «Արտայայտուելու եւ խնդիրները ներկայացնելու համար, հանրութեանը երբեք չի տրուել այնքան հնարաւորութիւն, որքան ընձեռեց քաղաքապետ Սինանեանը: Առաջարկում ենք, խախտել քաղաքապետարանի աւանդոյթները եւ երկրորդ տարին անընդմէջ քաղաքապետ նշանակել Զարեհ Սինանեանին», նշեց ելոյթ ունեցողներից մէկը: Զարեհ Սինանեանի մասին իր խօսքում, քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանն էլ ընդգծեց, գործընկերների նկատմամբ Սինանեանի բացառիկ յարգանքի մասին, միաժամանակ նշելով, որ շատ ուրախ է նման գործընկեր ունենալու համար:
Նորանշանակ քաղաքապետ Արա Նաջարեանն էլ խոստացաւ շարունակել Գլենդելի զարգացման քաղաքականութիւնն ու հնարաւորինս հասանելի լինել քաղաքացիների համար:
Յ.Գ.- Գլենդելի քաղխորհրդի հինգ անդամներից երեքն այսուհետ ամերիկահայեր են: Յուսանք, որ այս հանգամանքը դրական զարգացումներով լի կը լինի քաղաքի 45 տոկոսը կազմող հայ բնակիչների համար: