ԼԵՆԱ ԳԷՈՐԳԵԱՆ
«1915» գեղարուեստական ֆիլմի երեւանեան պրեմիերան Ապրիլի 25ին էր: Մինչ «Մոսկուա» կինոթատրոնում մշակութային, քաղաքական գործիչների եւ այլ հիւրերի հետ ֆիլմի ցուցադրութեանը մասնակցելը, գլխաւոր ռեժիսոր եւ սցենարիստ Կարին Յովհաննէսեանը, դերասանուհի Անժելա Սարաֆեանը եւ երաժշտութեան հեղինակ Սերժ Թանգեանը հոգեբանական «թրիլլեր»ի մասին պատմել են լրագրողներին:
«1915» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի տարի, իսկ նկարահանումներն իրականացուել են 20 օրում: Գործողութիւնները մեծամասամբ ընթանում են «Լոս Անջելես» թատրոնում, բացի Անժելա Սարաֆեանից, առաջատար դերեր են մարմնաւորել Սիմոն Ապգարեանը, Սամուէլ Փէյջը եւ Նիկոլայ Կինսկին:
«Ես եւ համահեղինակ Ալէք Մուհիբեանը զգում էինք Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի ստուերը եւ մեզ վրայ մեծ պատասխանատուութիւն վերցրինք ֆիլմն աւարտին հասցնելու մինչեւ տարելիցը: Ի սկզբանէ գիտէինք, որ սովորական ֆիլմ չի լինելու: Ուզում էինք յարգել անցեալը, յիշել նահատակներին ու միեւնոյն ժամանակ 1915ի մասին խօսելու նոր՝ ժամանակակից ձեւ գտնել», նշել է ռեժիսոր եւ սցենարիստ Կարին Յովհաննէսեանը:
Երաժշտութեան հեղինակ Սերժ Թանգեանն էլ խոստովանել է, թէ սիրահարուել է ֆիլմի սցենարին. «Անկեղծ ասեմ՝ կեանքումս կարդացած լաւագոյն սցենարներից է: Այնքան յոյզեր ստացայ, որ միանգամից մի քանի թեմա գրեցի եւ ուղարկեցի տղաներին: Երաժշտութիւնը առանձնայատուկ է նրանով, որ ռոքային տարրերը փորձել եմ միաձուլել հայկական էթնիկ երաժշտութեան հետ»:
Կարին Յովհաննէսեանի խօսքով՝ ֆիլմը չունի քաղաքական կամ պատմական յստակ ուղերձ. «Ուզում ենք, նոր սերունդը՝ դիտելով, այն զգացմունքներն ունենայ, որ անցեալը չի մահացել, 1915ի չճանաչուած միլիոնաւոր ուրուականներ դեռ մեր շուրջն են»:
«1915»ի եւրոպական պրեմիէրան կայացել է Ապրիլի 5ին, Միացեալ Նահանգներում այն առաջին անգամ ցուցադրուել է Ապրիլի 17ին, Ռուսաստանում՝ Ապրիլի 19ին, իսկ Մայիսից կը ներկայացուի նաեւ այլ երկրներում։
«Ֆիլմը գաղտնիքներ ունի դերակատարների, երաժշտութեան մէջ: Ուշադիր ու ազատ դիտէք այն եւ, կարծում եմ, կը գտնէք կարեւոր իմաստը», ասել է Կարին Յովհաննէսեանը:
Bravo.am