ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ
Այսօր, առաւել քան երբեւէ, հայ երիտասարդը կանգնած է բազում մարտահրաւէրների առաջ: Ժամանակակից բարքերի քաոսում ոչ բոլորն են կարողանում չշեղուել իրենց հայեցի կերպարից եւ չտրուել օտար բարքերին: Հայապահպանութիւնն անչափ դժուար է՝ յատկապէս Սփիւռքում ապրող երիտասարդի համար, ով ապրելով հայրենիքից հեռու՝ կանգնած է ազգային դիմագծի, ազգային մտածելակերպի, ազգային ոգու պահպանման եւ մի շարք այլ մարտահրաւէրների առջեւ:
Յիրաւի, առանց ազգային դիմագծի աղաւաղւում է հայ երիտասարդի կերպարը, աղաւաղւում է նաեւ այն ապագան, որ պիտի կերտի այդ նոյն երիտասարդը՝ լինի հայրենիքում, թէ հայրենիքից հեռու:
Ռուբէն Ճանպազեանը Կանադայի Երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան նախկին անդամ է: Այսօր Կանադայում հրատարակուող ՀՅԴ ՔԵՄի «Արծիւ» պարբերականի խմբագիրն է: Դասաւանդել է ՀՕՄի ամէնօրեայ վարժարանի նախակրթարանի բաժնում: Զբաղեցրել է Տորոնտոյի Հայ Դատի գրասենեակի գործավարի պաշտօնը: Զբաղւում է նաեւ թարգմանչութեամբ: Լոյս է տեսել նրա «Սարոյեանը Հայերէնով՝ Երկու Պատմուածք» գիրքը, որը Վիլեամ Սարոյեանի պատմուածքների թարգմանութիւնն է:
Ռուբէնը ծնուել է 1988 թուականին, Տորոնտոյում, ուսում է առել ՀՕՄի ամէնօրեայ վարժարանում, բարձրագոյն կրթութիւն ստացել Տորոնտոյի համալսարանում՝ Պատմութեան եւ միջին արեւելեան քաղաքակրթութեան (History and Near and Middle Eastern Civilizations) բաժնում, ստացել պսակաւոր արուեստի վկայական:
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այսօր սփիւռքահայ երիտասարդի համար, առաւել քան երբեւէ, դժուար է պահպանել իր հայեցի կերպարը: Որքանո՞վ է դա ձեզ յաջողւում, եւ ընդհանրապէս, ի՞նչ էք կարծում՝ որքանո՞վ է այսօր սփիւռքահայ երիտասարդը նահանջել հայկականութիւնից:
ՌՈՒԲԷՆ ՃԱՆՊԱԶԵԱՆ.- Սխալ կը լինէր ասել, թէ հայ երիտասարդի համար հեշտ է Սփիւռքում իր հայեցի կերպարը պահպանելը: Յաճախ, երբ բարեկամներով հաւաքւում ենք, նկատում եմ, որ օրուայ նիւթը կենտրոնանում է մեր ժողովրդի ապագայի շուրջ: Այդ զրոյցները (որոնք երբեմն նոյնիսկ վէճերի են վերածւում) յաճախ վերաբերում են Սփիւռքի ապագային, բնականաբար, միշտ կիզակէտ ունենալով կանադահայ գաղութը: Ընդհանրապէս, մեր խօսակցութիւնները հայերէն են, սակայն երբեմն կայծակի արագութեամբ թափ առած զրոյցը կամ վէճը շարունակւում է անգլերէն: Մտածում ենք՝ վարժուելո՞ւ հարց է սա, թէ ինքնաբերաբար պատահող դիպուած կամ գուցէ Կանադայում ծնուելու եւ մեծանալու հետեւա՞նք: Ու սկսում ենք հարց տալ՝ արդեօք կարելի՞ է հայեցի գոյատեւել օտար ափերում, թէ պարզապէս մենք մեզ ենք խաբում:
Շատերը պնդում են, թէ ազգային ոգին լեզուից աւելի կենսական է, ազգի գոյապայքարի հիմքը: Ճիշդ է՝ միայն հայերէն խօսելով չէ, որ կարող ենք մեզ հայ զգալ կամ կայուն պահել հայկական ոգին, բայց հարկ է նաեւ գիտակցել, թէ որքան կարեւոր է մայրենիի պահպանումը՝ իբրեւ գոյատեւման գրաւական: Այսօր սրտի ցաւով տեսնում ենք, թէ ինչպէս Սփիւռքի համարեայ բոլոր բնագաւառներում հայ լեզուն, յատկապէս արեւմտահայերէնը լուրջ նահանջ է ապրում: Հայերէնը սկսել է ոչ միայն աղաւաղուել, այլ՝ փոխարինուել այլ լեզուների բառապաշարով: Հայերէնը դադարել է գործածական լեզու լինել մեր գաղութների երեխաների, երիտասարդների եւ նոյնիսկ չափահասների մօտ:
Եթէ կայ մի իրականութիւն, որին բոլորս կարող ենք համաձայնել, այն է, որ Սփիւռքի շատ գաղութներում հայութիւնը հազիւ մի կաթիլ է հսկայ ովկիանոսի մէջ: Յաճախ քաղաքի կամ շրջանի ընդհանուր բնակչութեան նոյնիսկ կէս տոկոսը չենք զբաղեցնում: Սա նշանակում է, որ Սփիւռքում հայ ժողովուրդը միշտ շրջապատուած է «օտարութեամբ»՝ օտար լեզու, օտար ժողովուրդ, օտար մշակոյթ եւ այլն: Երբեմն մեղադրում ենք նրանց, ովքեր հայերէն չեն խօսում կամ նախընտրում են օտար բարքեր, սակայն չենք անդրադառնում այն փաստին, որ այս բոլորը պարզապէս ապրելաձեւի հետ կապուած իրականութիւններ են, որոնք տարիների ընթացքում պիտի զարգանան եւ հետզհետէ աւելի ցայտուն դառնան:
Բայց եւ այնպէս՝ լաւատես եմ, որովհետեւ Տորոնտոյում ու Կանադայի տարածքում ունենք ամէնօրեայ վարժարաններ, բազում կազմակերպութիւններ, միութիւններ, եկեղեցիներ, որոնք գործում են այն համոզումով, որ հայապահպանումը սուրբ գործ է, որ իրենց արածը առաքելութիւն է: Իսկապէս, դա այդպէս է: Առանց այդ հաստատութիւնների այս գաղութը վաղուց անհետացած կը լինէր: Հպարտ եմ ու բախտաւոր, որ մեծացել եմ այս գաղութում:
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ էք կարծում, ապրելով հայրենիքից հեռու՝ ինչո՞վ եւ ինչպէ՞ս կարող է սփիւռքահայ երիտասարդը օգտակար լինել հայրենիքի զարգացման ու շէնացման գործին: Սեփական փորձից ի՞նչ կարող էք ներկայացնել կամ միգուցէ ծրագրե՞ր ունէք:
ՌՈՒԲԷՆ ՃԱՆՊԱԶԵԱՆ.- 2000 թուականին ընտանիքիս հետ առաջին անգամ այցելեցի հայրենիք: Թէեւ փոքր էի, բայց Հայաստանն ինձ վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ եւ ինձ մղեց, որ յաճախ գամ հայրենիք: Հայաստան այցելել եմ տարբեր առիթներով. մասնակցել եմ ժողովների, սեմինարների, զբօսաշրջութիւնների եւ այլն:
2011ին որոշեցի կամաւոր աշխատանքների նպատակով վերադառնալ Հայաստան: Եկայ սովորականից աւելի երկար ժամանակով՝ «Դէպի Հայք» կազմակերպութեան աջակցութեամբ: Սա մի որոշում էր, որը, իմ կարծիքով, ամէն մի հայ երիտասարդ առնուազն մէկ անգամ պիտի յանձն առնի: Ցանկանում էի աշխատել «Հրայր Մարուխեան» հիմնադրամում: Երեք ամիսների ընթացքում մասնակից եղայ կազմակերպչական ծրագրային աշխատանքներին, ուսումնասիրութիւններին ու խորհրդաժողովներին, որոնց միջոցով աւելի ըմբռնեցի, թէ մեր հայրենիքը որքան մեծ կարիք ունի նման կազմակերպութիւնների՝ իր քաղաքական, սոցիալական, տնտեսական վիճակը բարելաւելու համար:
Անցել են այն օրերը, երբ Հայաստանը համայնավար տիրապետութեան տակ էր, եւ Սփիւռքը մեր ժողովրդի միակ հայաշունչ «հայրենիքն» էր: Ներկայումս մենք բախտաւորութիւն ունենք ապրելու մի ժամանակում, երբ անկախ Հայաստանը իրականութիւն է, եւ պէտք է գիտակցենք, որ առաջիկայում միայն Հայաստանի մէջ ապրող քաղաքացիներն ու Հայաստանի առօրեայի հետ կապուած սփիւռքահայ գաղութներն են, որոնք իրապէս հայօրէն պիտի գոյատեւեն:
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երբեւէ մտածե՞լ էք հայրենիք վերադառնալու մասին:
ՌՈՒԲԷՆ ՃԱՆՊԱԶԵԱՆ.- Չկայ մի օր, որ չմտածեմ հայրենիք վերադառնալու մասին: Լիովին հաւատում եմ, որ Հայաստանը մեր վերջին հանգրուանը պիտի լինի, եթէ ցանկանում ենք ապրել ու մնալ որպէս հայ:
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Բազմիցս լինելով հայրենիքում՝ քիչ թէ շատ ծանօթ էք քաղաքական, հասարակական անցուդարձին: Ի՞նչն է տպաւորել եւ ի՞նչը կը ցանկանայիք, որ փոխուէր այստեղ:
ՌՈՒԲԷՆ ՃԱՆՊԱԶԵԱՆ.- Շատ հայերի համար, մանաւանդ Սփիւռքում, Հայաստանը իդէալ է, երազային «դրախտավայր», որի մասին մտածելով՝ երեւակայում ենք կապոյտ երկինքներ ու Արարատ լեռ: Իրականում Հայաստանը շատ աւելին է: Հարկ է համոզուել, որ Հայաստանը իրական երկիր է՝ իրական խնդիրներով:
Հայրենի հողի վրայ ֆիզիքական ներկայութեամբ, մեր մասնագիտական կարողութիւններով պէտք է թափ տանք աստիճանաբար դէպի վեր բարձրացող մեր անկախ հայրենիքի վերելքին՝ հաստատելու համար մարդկային իրաւունքների հաւասարութիւն, պաշտպանելու անիրաւութիւնների զոհ դարձած հայրենակիցներին, օգնելու մեր երկրի քաղաքական ու տնտեսական վիճակի բարելաւմանը:
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նմանութիւններ եւ տարբերութիւններ ունեն Հայաստանի եւ Սփիւռքի երիտասարդները: Ի՞նչ կը մաղթէիք այսօրուայ հայ երիտասարդին:
ՌՈՒԲԷՆ ՃԱՆՊԱԶԵԱՆ.- Նմանութիւններ կան, անշուշտ, քանզի բոլորս նոյն ազգի զաւակներ ենք: Կան նաեւ որոշ տարբերութիւններ: Տարբերութիւններ՝ սովորոյթների, կենցաղի եւ ընդհանուր վարուելակերպի առումով. սա բնական է: Այս տարբերութիւնները, սակայն, առիթ են ընծայում, որ իրարից շատ բան սովորենք, ասել է թէ՝ իրար տանք ու իրարից առնենք: Կատարեալ համոզումով հաւատում եմ բոլորիս: Թէ՛ սփիւռքահայ, թէ՛ հայաստանաբնակ երիտասարդի պարտականութիւնն է՝ հաւատարիմ մնալ անկախութեան գաղափարին եւ էականօրէն ձգտել Հայաստանն ուղղելու դէպի իրաւացի եւ ճշմարիտ ժողովրդավար պետութիւն: Մաղթանքս է, որ այս գաղափարի շուրջ մեզ՝ երիտասարդներիս, միաւորի համախոհութիւնը: