«Ասպարէզ»ի Երեքշաբթի, 26 Սեպտեմբեր 2017ի թիւով փոխանցած էինք Սպահանի Հայոց թեմի առաջնորդարանի դիւանի հաղորդագրութիւնը, որով կը տեղեկացուէր Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհուրդի ատենապետ Վարուժ Մինասեանի յարձակման ենթարկուած ըլլալու դժբախտ պատահարը։ Այդ ուղղութեամբ վերջերս տարածուած է ապատեղեկատուութիւն, որուն վերաբերեալ մեր պաշտօնակից «Ալիք» օրաթերթը՝ Վարուժ Մինասեանի միջոցաւ պարզաբանումներ կը կատարէ։ Ստորեւ «Ալիք»ի հաղորդումը.
Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատուութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածուած կեղծ լրատուութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ է համարել անձամբ կապուել օրաթերթիս հետ եւ ուղ-ղակի փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին։
«Վերջին դէպքը դժբախտաբար տարբեր մեկնաբանութիւնների առիթ հանդիսացաւ, բայց իրականութիւնը դեռ փաստուած չէ եւ յոյս ունենք, որ անմիջապէս իրականութիւնը բացայայտուի եւ մենք հրապարակենք իրականութիւնը: Բայց ներկայ պահին, դժբախտաբար, տարբեր մեկնաբանութիւններ են լինում տարբեր անհատների կողմից. դա նշանակութիւն չունի՝ անհատ է թէ լրատւամիջոց:
Դժբախտաբար, մի լրատուամիջոց, եթէ ցանկանում էք անունն էլ կարող եմ յայտնել՝ «Արաքս»ը տարբեր մեկնաբանութիւններ է անում եւ հարցը չարաշահում է յանուն իրեն: Եւ ես կարծում եմ, որ ցանկանում է մեր համայնքի մէջ նոր պառակտումներ ստեղծել եւ ես ինքս անձամբ հերքում եմ նրա կողմից տարածուած լուրերը ու արդէն «Ալիք» օրաթերթում կան պատասխաններ եւ շուտով կարծում եմ, որ կը բացայայտուի եղելութիւնը եւ կը հրապարակուի իրականութիւնը:
Գիտեմ նաեւ «Արաքս» շաբաթաթերթը անցեալ օրը մի լրատուութիւն է հրապարակել, որ Վարուժ Մինասեանի բարեկամները շրջաններից դուրս Սփիւռքում եւ օտար երկրներում մեղադրել են Դաշնակցութեանը, բայց խնդիրը իմ կողմից հերքւում է եւ որեւէ մի հարց չկայ, այդպիսի խնդիր չկայ եւ դրանք կեղծ լուրեր են «Արաքս»ի կողմից: Եւ ասեմ, որ ընդհանուրի մէջ իրենք չարաշահման հարց ունեն եւ սպասում են, որ մի դէպք լինի, որպէսզի պառակտում ստեղծեն մեր համայնքի մէջ: Քանի որ տեսնում են, որ մեր թեմը Թեհրանի թեմի եւ ինչու ոչ Թաւրիզի թեմի հետ հաշտ ու համերաշխ աշխատում է եւ սրանք ցանկանում են այդ պառակտումը ստեղծեն», փոխանցեց ատենապետը:
«Ցանկանում եմ նաեւ աւելացնել, որ օրեր առաջ ազգային բարերար եւ «Յոյս» երկշաբաթաթերթի արտօնատէր պրն. Լեւոն Ահարոնեանը անձամբ հեռախօսել է ինձ եւ իր ափսոսանքն է յայտնել երկշաբաթաթերթում հրապարակուած տեղեկատուութեան համար ու յայտնել, որ անհրաժեշտ սրբագրումը կատարուի»:
Օգտուելով առիթից հետաքրքրուեցինք դատական գործընթացից, որին ի պատասխան պարոն Մինասեանը ասաց. «Անկեղծ ասած՝ դեռ որեւէ յստակ լուր չկայ, բայց որքան գիտեմ ներքին գործերի նախարարութիւնը եւ անվտանգութեան ուժերը մի քիչ ապահովական հարցերից ելնելով բացայայտումներ շատ չեն անում, բայց գործընթացին հետեւում են եւ ասել են, որ շուտով լուր կը տան: Ընդհանուրի մէջ, ես օրեր առաջ էլ պարոն Ժորժիկ Աբրահամեանի հետ էլ խօսեցի, ասաց, որ մեքենան, որ գտել են՝ գողացուած է եղել, համարները նոյնպէս. այնպէս որ տեղեակ եմ, որ հետեւում են այս խնդրին, իրենք էլ են շահագրգռուած, որ այս խնդիրը որքան կարելի է շուտ բացայայտուի»:
«ԱԼԻՔ»