ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Յատուկ քննչական ծառայութիւնը (ՅՔԾ) կը հաղորդէ, որ Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) պետական պահպանութեան ծառայութեան պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարեանի կինը՝ Ռուզաննա Բեգլարեան, 3 Օգոստոսին մեղադրուեցաւ վտանգաւոր այն արարքներու կատարման համար, որ «նա, հանդիսանալով յայտարարատու պաշտօնատար անձ Վ. Ղազարեանի ընտանիքի կազմի մէջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին յայտարարագրման ենթակայ տուեալները, ինչպէս նաեւ ապօրինի հարստացել է»:
Այսպէս, «Ռ. Բեգլարեանը 2018թ. Մայիսի 22ին ՀՀ բարձրաստիճան պաշտօնատար անձանց էթիկայի յանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գոյքի եւ եկամուտների յայտարարագրում, ինչպէս եւ 2014, 2015, 2016 թուականներին, անփոփոխ յայտարարագրել է 25,000,000 ՀՀ դրամ, 29,000 ԱՄՆ դոլար եւ 17,400 եուրօ դրամական միջոցներ: Մինչդեռ քննութեամբ պարզուել է, որ Ռ. Բեգլարեանն իր՝ 2017թ. գոյքի եւ եկամուտների յայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին յայտարարագրման ենթակայ տուեալները, որը յանգեցրել է առանձնապէս խոշոր չափերով՝ 350.817.000 ՀՀ դրամի չյայտարարագրմանը, եւ հաշուետու ժամանակահատուածում նրա գոյքի աւելացումն էականօրէն գերազանացել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտօրէն չի հիմնաւորւում դրանցով, հետեւաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է», գրուած է ՅՔԾի հաղորդագրութեան մէջ:
Ռուզաննա Բեգլարեանի նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրուած է ստորագրութիւն չհեռանալու մասին: