«Դիալոգ» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ, Մոսկուայում իր գործունէութիւնն է սկսում «Լորիս-Մելիքով» բանավէճի ֆորումը: Այն կոչուած է ձեւաւորելու հասարակական եւ գիտա-վերլուծական հարթակ ժամանակակից գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքական գործընթացները քննարկելու եւ արժեւորելու համար: Ֆորումի առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ համապատասխանաբար հայկական եւ ռուսաստանեան հասարակութիւններում օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) վերաբերմունքի ձեւաւորումը: Դրա պարբերական նիստերը կը գումարուեն նուազագոյնը ամիսը մէկ անգամ՝ ռուսաստանեան առաջատար հետազօտական կենտրոնների հետ համագործակցաբար: Բանավէճի Ֆորումը լրացուցիչ պայմաններ կը ստեղծի Հայաստանի, Ռուսաստանի հասարակական-քաղաքական կեանքում եւ աշխարհում տեղի ունեցող հիմնարար իրադարձութիւնների մասին մտքերի փոխանակման, ինչպէս նաեւ հայաստանեան, ռուսաստանեան, տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացների քննարկման ու արժեւորման նոր ձեւերի ու ձեւաչափերի իրացման համար: Ֆորումի խնդիրներից է նաեւ ընդհանուր պատմական, մշակութային եւ քաղաքակրթական ժառանգութեան վերհանումը, պահպանումը եւ փոխանցումը: «Լորիս-Մելիքով» բանավէճի ֆորումի առաջին նիստը, իբրեւ համատեղ գիտական սեմինար տեղի կ՛ունենայ Նոյեմբերի 8ին, Է. Պրիմակովի անուան Միջազգային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի (հիմնարկի-Խմբ.) Եւրոպական հետազօտութիւնների կենտրոնի հետ համատեղ: Այն նուիրուած է լինելու միգրացիոն (գաղթի-Խմբ.) գործընթացներին եւ ժամանակակից անվտանգութեան խնդիրներին Եւրոպայում: «Դիալոգ» կազմակերպութեան բանավէճի ֆորումը կրում է ազգութեամբ հայ, ռուսաստանեան պետական գործիչ, գեներալ եւ բարեփոխիչ Միխայիլ Լորիս-Մելիքովի անունը: Նա եղել է Ռուսաստանի Գերագոյն կարգադրիչ յանձնաժողովի գլխաւոր պետը, ներքին գործերի նախարարը, իրականացրել է պետական կառավարման համակարգի արդիականացման բարեփոխումներ:
«ԱՌԱՒՕՏ»