Յեղափոխութիւնն անշրջելի է, դա արդէն իրողութիւն է: Ով այսօր փորձում է պայքարել դրա դէմ, արիւն պղտորելով է զբաղուած: Սակայն այս պահից ի վեր յեղափոխութեան կարեւոր խնդիրն է դառնալու նրա որակական յատկանիշը:
Յեղափոխութեան նկարագիրը կը պայմանաւորի նրա հանդէպ մարդկանց վերաբերմունքի ամրութեան աստիճանը: Ու եթէ դա չիրագործուի լաւագոյնս, ապա ձեռքբերումների արժէզրկումն անխուսափելի է: Աշխարհի ամենավեհ կոչերն ու ամենաազդու հռետորաբանութիւնը չեն օգնի, ամէն ինչ մի վայրկեանում աղբ կը դառնան:
Միշտ չէ, որ յաղթել՝ նշանակում է ինչ-որ մէկի պարտութիւնը: Պարտուածների հաշուին ձեռք բերուած յաղթանակը յաղթանակի կէսն է, իսկ միւս կէսը ուժի գերիշխանութիւնն է թուլութեան նկատմամբ: Հէնց այս գայթակղութիւնն է, որից պիտի խուսափել ամէն գնով, որովհետեւ եթէ երկիրը դառնում է միայն յաղթողների երկիր, ապա ովքե՞ր են միւսները եւ ո՞րն է նրանց պարտուած երկիրը:
Կայ սիրոյ, հաւատի, վստահութեան ահռելի պաշար: Այդ հսկայ կուտակման ամէն հատիկի համար գլխով պիտի պատասխանատու լինենք: Իսկ յաղթանակը աւարտուն, ամբողջական եւ վերջնական դարձնելու համար ընդամէնը մէկ բան է պէտք՝ տարբերակել արժէքաւորն անարժէքից, պէտքականը անպէտքից, մնայունը անցողիկից: Կը կարողանանք՝ փառք ու պատիւ մեր բռնած գործին: Չենք կարողանայ՝ ամօթ մեզ: