ՎԱՐԱՆԴ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Հայկազ Կարոյի Խաչատրեանը ծնուել է 1919 թուականին, Երեւանում: Աւարտել է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը: Ուսումնարանն աւարտելուց յետոյ՝ 1939ին զօրակոչուել է խորհրդային բանակ: Մասնակցել է սովետա-ֆիննական, ապա՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմներին: Պարգեւատրուել «Խիզախութեան համար» եւ «Փառքի 3րդ աստիճան»ի շքանշանով: Պատկանում էր այն հայերի թուին, ովքեր կարծում էին, եթէ նուիրուածութեամբ ու խիզախօրէն կռուեն Խորհրդային Միութեան համար, ապա Խորհրդային Միութիւնը գնահատելով իրենց ծառայութիւնները պատերազմի աւարտին կը մտնի ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիայի տարածք եւ Խորհրդային Հայաստանին կը վերադարձնի կորսուած հայկական տարածքները:
1945ին՝ զօրացրուելուց յետոյ, շարունակում է ուսումը Երեւանի գեղարուեստի ինստիտուտում: Աւարտելուց յետոյ մի քանի տարի որպէս նկարիչ աշխատել է Մոսկուայում, այնուհետեւ Հայաստան է տեղափոխուել:
1966թ. Ապրիլի 24ին Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած ցոյցի ժամանակ Կոմիտասի անուան զբօսայգում մի խումբ ցուցարարների հետ միասին ձերբակալուել եւ 15օրեայ կալանքի է ենթարկուել: Կալանավայրում էլ ծանօթացել է իր ապագայ համախոհներ Ստեփան Զատիկեանի եւ Շահէն Յարութիւնեանի հետ: Ազատ արձակուելուց յետոյ նրանք երեքով հիմնադրել են Ազգային միացեալ կուսակցութիւնը (ԱՄԿ): Խաչատրեանն է գրել կուսակցութեան ծրագիրը եւ կանոնադրութիւնը: Ինքն էլ հանդիսացել է կազմակերպութեան ղեկավարը: 1967-68թթ. ԱՄԿն արդէն բազմամարդ եւ իրարից անկախ մասնաճիւղերով գործող ընդյատակեայ կառոյց էր:
Համախոհների հետ միասին 1967ի Ապրիլին՝ Եղեռնի օրուան ընդառաջ, կազմակերպել է «Փարոս» թռուցիկի, իսկ Հոկտեմբերին «Փարոս» թերթի տպագրութիւնը եւ տարածումը: Գրել է ինչպէս թռուցիկի, այնպէս էլ թերթի համար յօդուածներ: Տպագրական գործընթացի մասին այսպէս է պատմում Շահէն Յարութիւնեանը. «Հայկազը ցինկի վրայ իւղաներկով գրում էր պահանջուող տեքստի թարս՝ հայելային տառերը, ազոտական թթուի մէջ ցինկը քայքայում էր, այնպէս՝ որ ներկոտ մասը մնում էր, ես ու Ստեփանը, կլիշէի վրայ հաւաքելուց յետոյ, քսում էինք տպագրական ներկը, լիսեռով անցնում վրայից, եւ թռուցիկը պատրաստ էր: Տպում էինք Հայկազենց տանը»:
Կալանաւորուել է 1968ի Յուլիսի 11ին: Դատապարտուել է 5 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական բանտարկեալների համար նախատեսուած խիստ ռեժիմի կալանավայրերում: Ազատ է արձակուել 1973ին: Չնայած ազատ արձակուելուց յետոյ գտնուել է ոստիկանական հսկողութեան տակ, բայց չի կտրել կապերը համախոհների հետ եւ շարունակել է իր գործունէութիւնը:
1977թ. Յունուարին Մոսկուայի մետրոյի պայթիւնից եւ այդ կապակցութեամբ ԱՄԿ հիմնադիր անդամ Ստեփան Զատիկեանի կալանաւորումից յետոյ ՊԱԿը վճռում է, որ ազատութեան մէջ գտնուող արդէն բացայայտուած ԱՄԿ այն անդամները, որոնք որպէս ԱՄԿ անդամ դատապարտուել ու ազատ են արձակուել, պէտք է տարբեր պատրուակներով կալանաւորուեն, իսկ ովքեր կալանաւորուած են եւ գտնւում են կալանավայրերում՝ չպէտք է ազատ արձակուեն:
Ազգային միացեալ կուսակցութեան հիմնադիր 60ամեայ Հայկազ Խաչատրեանն առանցքային զոհերից մէկը պէտք է լինէր: Պետանվտանգութեան կոմիտէի գործակալի մասնակցութեամբ կազմակերպուած սադրանքի արդիւնքում 1978ի Նոյեմբերին նրան կալանաւորում են՝ ՀԽՍՀ քր. օր.-ի 222րդ յօդուածով (խուլիգանութիւն) եւ 149 (քաղաքացիների անձնական գոյքի դիտաւորեալ ոչնչացում) յօդուածներով, իսկ Դեկտեմբերին՝ դատապարտում 1.5 տարի ազատազրկման: ՊԱԿի կարեւորագոյն խնդիրներից մէկն էր՝ ոչ միայն հեռու պահել Հայկազ Խաչատրեանին Հայաստանից, այլեւ յատուկ մշակուած դաժանագոյն բանտային պայմաններով ու տեղից տեղ ձգուող երկարատեւ էտապներով (քայլերով-Խմբ.) քայքայել նրա առողջութիւնը: Նրանց հաշուարկներով՝ Հայկազ Խաչատրեանը չպէտք է վերադառնար կալանավայրից: Ոչ այնքան մեծ պատժաչափը հնարաւորինս անտանելի դարձնելու նպատակով նրան տեղափոխում են Վորկուտա, Խորհրդային Միութիւնում քրէական յանցագործների համար նախատեսուած ամենադաժան կալանավայրերից մէկը, այնուհետեւ՝ Սիկտիւկար, որտեղ նրա համար ստեղծում են յատուկ ծանր պայմաններ, ինչի հետեւանքով 60ամեայ Հայկազ Խաչատրեանի առողջութիւնը վերջնականապէս քայքայւում է:
1980ի Ապրիլին, լիովին քայքայուած առողջութեամբ եւ կաթուածահար Խաչատրեանը վերադառնում է Հայաստան: Առողջական վիճակը այլեւս թոյլ չէր տալիս ընդյատակեայ գործունէութեամբ զբաղուել: Մինչեւ իր վախճանը (1989ի Սեպտեմբերի 27) Հայկազ Խաչատրեանը մեծ հեղինակութիւն էր վայելում հայ քաղբանտարկեալների ու այլախոհների շրջանում, իսկ ԱՄԿականները նրան միշտ վերաբերուել են ընդգծուած յարգանքով:
Վստահ ենք, որ կը գայ այն ժամանակը, երբ Հայկազ Խաչատրեանն իր արժանի տեղը կը գրաւի մեր նորագոյն պատմութեան էջերում:
Պատմում Են Հայկազ Խաչատրեանի Մասին
Մէջբերումներն (առաջին մէջբերումից բացի) արուած են 2005թ. հրապարակուած «Ես Գնացի Կոմիտասի Այգի» գրքոյկից: Գրքոյկում 1966թ. Ապրիլի 24ին՝ Եղեռնի զոհերի յիշատակը յարգելու նպատակով Պանթէոնում հաւաքուած, ապա կալանաւորուած ուսանողները յիշում են իրենց ձերբակալումն ու բանտարկութիւնը:
Շահէն Յարութիւնեան. «Հայկազը չափազանց ռոմանտիկ անձնաւորութիւն էր: Հռետորի ձիրք ունէր: Արագ բորբոքւում էր: Ինքը նկարիչ էր եւ ունէր նկարչին վայել խառնուածք: Երբեմն ապրում էր երազանքներով: Կարող էր առանց աչք թարթելու ասել՝ երէկ հանդիպել եմ Կոջոյեանին: Անծանօթները կարող էին զարմանալ մէկի վրայ, որը յայտարարում է, թէ հանդիպել է վաղուց մահացած մէկին: Իսկ նա շարունակում էր պնդել, թէ իր լաւագոյն ընկերները Նապոլէոնը, Ռեմբրանդտը կամ Կոջոյեանն են: Ասում էր՝ նրանց հետ զրուցում եմ: Երբ կարդում եմ նրանց կամ նրանց մասին՝ դառնում են իմ ընկերները: «Փարոսը» տարածելուց յետոյ մի օր ասաց՝ երազ եմ տեսել, Գաւառի սարերից հսկայական քարեր էի գլորում, քարերը դղրդիւնով լցւում էին անդունդը, իսկ վերեւից մի հսկայական կարմիր արծիւ յարձակուեց ինձ վրայ: Բռնեցի ու գլուխը պոկեցի: Արեան փոխարէն թարախ էր յորդում: Կարմիր արծիւն, ասում էր, կոմունիստներն են, իսկ հսկայական քարերի գլորումից առաջացած դղրդիւնը «Փարոս»ի առաջացրած աղմուկն է: Սա լաւ նշան է, ասում էր, մենք յաղթելու ենք»:
Լրագրող-հրապարակախօս Գեղամ Քիւրումեան. «Մեզ տեղաւորեցին բանտաշենքերից մէկի առաջին յարկում: Այստեղ մի քիչ խաղաղուեցինք, արդէն գիտակցում էինք գլխներիս եկածը: Յատկապէս ակտիւ էին Շահէն Յարութիւնեանն ու Ստեփան Զատիկեանը՝ կոմունիստ ղեկավարների ու պետանվտանգութեան աշխատակիցների մասին իրենց առարկութիւն չընդունող գնահատականներով: Նրանց համարձակութիւնն ինձ ներքուստ թէ՛ ոգեւորում էր, թէ՛ զգուշութեան դրդում: Շահէնը 1980ականներին արտաքսուեց ԽՍՀՄից, հիմա ԱՄՆում է, թերթ է հրատարակում: Ստեփան Զատիկեանը գնդակահարուեց Մոսկուայի մետրոյում տեղի ունեցած պայթիւնի կազմակերպման կեղծ մեղադրանքով: Բանտախցում էլի մարդիկ կային, որոնց չեմ կարողանում յիշել:
Առաջին ճաշը լափ էր յիշեցնում, լուցկու հատիկներով միջի կարտոֆիլը հանում էինք՝ ուտում: Երկրորդ, թէ երրորդ օրը համալսարանական հնգեակով մտածեցինք հացադուլ անել: Հայկազ Խաչատրեանը, որ մեզանից տարիքով աւելի մեծ էր եւ աւելի պատասխանատու էր զգում, գնաց աղմուկ բարձրացրեց՝ սովից կը մեռնեն երիտասարդները, պէտք է միջոցներ ձեռք առնել»:
«Ես Գնացի Կոմիտասի Այգի»,
Երեւան 2005, էջ 12
Պատմաբան, պատմ. գիտ թեկնածու Էդուարդ Բաղդասարեան. «Էդտեղ էր նաեւ տարիքոտ, յաղթանդամ, իր նկատմամբ պատկառանք թելադրող մի նկարիչ, Հայկազ էր անունը. լռելեայն դարձաւ բանտախցի ղեկավարը: Նրան լաւ ծեծել էին, չէր դիմացել հայհոյանքներին, ձեռնամարտի էր բռնուել։ …ուտելիքը, յատկապէս աղապատուած ձուկը չէր ուտւում: Մի անգամ թղթի տոպրակով երշիկ, պանիր, քաղցրաւենիք բերեցին: Հայկազի դատուած ընկերն էր ուղարկել, երբ տեղեկացել էր՝ ընկերը բանտում է, կից խցերից մէկում»:
«Ես գնացի Կոմիտասի Այգի»,
էջ 55
Գեղամ Քիւրումեան. «Անունդ յիշարժան, Հայկ Խաչատրեան Ճաղապատ ու ապակեզուրկ լուսամուտի տակ քայլելը նրա մենաշնորհն էր: Բանտախցում յայտնուածներիցս երեւի ամենաաւագն էր՝ մթամած ու խորհրդաւոր: Իրար հետ ցածրաձայն խօսող համալսարանականներս չկարողացանք առաջին հարցումից պարզել նրա ինքնութիւնը, ինքն էլ, կարծես, ներկայանալու որեւէ տրամադրութիւն եւ ցանկութիւն չէր ցուցաբերում: Միայն բանտախցի ամենաշատախօս Շահէնն էր (կը ներես այս բառի համար, Շահէն), որ ասաց. «Կարծեմ նկարիչ է՝ Հայկ Խաչատրեան»:
1966ի Ապրիլի 24ից սկսած, այդ համատեղ մէկշաբաթեայ բանտարկութիւնից յետոյ՝ անցած երեք տասնամեակների ընթացքում ինձ յաճախ է յարգանք տածելու առիթ ընձեռուել քչախօս մարդկանց հանդէպ: Բայց որ պատկառանք զգաս գրեթէ չխօսող մէկի նկատմամբ, երեւի չհանդիպած երեւոյթ է: Ապրիլի 26ից բանտախցում ծխախոտի սով սկսուեց: Կարծես միմեանց հետ պայմանաւորուելով՝ ծխողներն իրենց վերջին հոգեպահուստ գլանակները հրամցնում էին նրան: Լռելեայն վերցնում էր ու խոժոռադէմ ըմբոստի իր ձիգ կեցուածքով չափում լուսամուտի տակի մէկ, մէկուկէս մետր տարածքը: Երեկոյեան կողմ լուսամուտի այն կողմում ինչ-որ խօսակցութիւններ լսուեցին, իսկ այն, ինչ կատարուեց մութն ընկնելուց յետոյ, ուղղակի հրաշք էր: Պատուհաններից մէկի ճաղերին յայտնուեց կեռիկ մետաղի կտոր, որի ծայրին կապուած պարանը ձգւում էր դէպի դիմացի շինութիւնը: Բանտախցում շշուկ անցաւ, որ այնտեղ քրէականներ են նստած: Չոր տախտակների վրայ, աններքնակ, անվերմակ քնելու նախապատրաստուողներս դեռ չէինք հասցրել աչքներս կպցնել, երբ բանտախցի լուսամուտի մօտակայ հատուածում թեթեւ աշխուժութիւն նկատուեց: Շատերս երկրորդ օրն արդէն շարունակուող թերսնման պատճառով չէինք կարողանում նիրհել, ոմանց տանջում էր ծխախոտի բացակայութիւնը: Եւ յանկարծ… բանտախցում յայտնուեցին ամենազօր ծխախոտն ու շաքարի տուփը: Բոլորիս տրամադրութիւնն անմիջապէս փոխուեց. Լռելեայն բանտախցի աւագ հաստատուած Հայկ Խաչատրեանը բաժանեց ծխախոտը, իսկ ցուկոր-ռաֆինադի տուփը, մի տեսակ անփութութեամբ, զիջեց չծխողներին: Շաքարահատիկներից առաւել շատ օգտուելու մէկ-երկուսի ձգտումներն արժանացան միւսների յանդիմանական հայեացքներին:
Ապրիլի 27ի առաւօտեան տրամադրութիւններս այլեւս յուսալքուածի չէր: Արդէն գիտէինք, որ մեր տեղը գիտեն, մեզանով հետաքրքրուողներ կան: Ետկէսօրեայ բանտային հացը շաքարով ուտելուց յետոյ անգամ երգելու ցանկութիւն առաջացաւ: Երգեցինք «Կիլիկիան», «Եղբայր Եմք Մեքը», «Օ՜ն Անդր Յառաջը»: Մեր ընտրեալի դէմքի խոժոռը կարծես նուազեց, հայեացքում ջերմութիւն նշմարուեց: Թէ ինչ էր կատարւում նրա հոգու մէջ, մեզ դժուար էր ենթադրել, բայց որ տրամադրող փոփոխութիւն նկատեցինք, անառարկելի իրողութիւն էր: Նա, կարծես, իր բանտախցում յայտնուած գաղափարակիցների ջոկատի ստուարութիւնից ներքին հպարտութիւն էր ապրում, ուրեմն՝ ինքը միայնակ չէ, կայ այդ գաղափարը, չի մեռել, ուրեմն՝ արժէ հռչակել այդ գաղափարախօսութիւնը: Թող որ շատ թոյլ յոյսով, թող որ այս մի քանի անփորձ երիտասարդներով, բայց կայ այդ ճախրելու կիրքը, անկախ գոյատեւելու տենչը…:
Երեկոյեան կողմ դիմացի շինութիւնից լսուեց մէկի ձայնը: Քրէական էր, որը ոչ աւել, ոչ պակաս բղաւեց.
«Արա՜ հայրենասէրներ, մի՛ երգ երգէք»:
Երգերի մասնակիցներս միմեանց նայեցինք: Մենք՝ արդէն մեզ քաղաքական շարժառիթով բանտ նետուած համարողներս, պէտք չէ, որ ինչ-որ քրէական տարրի պատուերը կատարէինք: Չլսուած ու չտեսնուած բան: Բայց եւ նոյն ակնթարթին մեզ բռնեցինք այն մտքի վրայ, որ նրանք աւելի վատը չեն, քան մեր բանտապահները, որոնցից ոչ մէկը նախօրէին չընդառաջեց ծխողներիս աղերսին: Մենք բոլորս ակամայից նայեցինք նրա կողմը: Ըմբոստ հայեացքը խնդրանքը կատարելու տրամադրող էր, եւ պատուերն ինքնաբերաբար կատարեցինք: Քանի որ խմբակային կատարումով էր հնարաւոր մեր ձայնը հասցնել դիմացի շինութիւն, հնչեցրինք «Կիլիկիան», այնուհետեւ՝ մի այլ երգ: Քրէականները պարտքի տակ չմնացին եւ նոյն երեկոյեան մեզ հասցրեցին ծխախոտի եւ ցուկոր-ռաֆինադի հերթական խմբաքանակը, որը մեզ բաւարարեց մինչեւ Ապրիլի 29ը՝ մեր անակնկալ ազատուելու օրը:
Անունդ յիշարժան, Հայկ Խաչատրեան: Ահա տասնեակ տարիներ ես մտովի փնտռում եմ քեզ, գծագրում քո կերպարը եւ ամէն անգամ ակնածանքով մօտենում եւ նոյն ակնածանքով հեռանում եմ քեզանից: Չլինի յանկարծ անզգոյշ արտայայտութեամբ խեղաթիւրեմ քո նկարագիրը, որը հոգուս մէջ դաջուել է: Քեզ բանտախցի աւագ հաստատելու մեր լռելեայն որոշումը հիմնաւոր է եղել: Փառք Աստծոյ»:
«Ես Գնացի Կոմիտասի Այգի»,
էջ 56
Շահէն Յարութիւնեան. «Հինգերորդ օրը՝ ճաշից յետոյ խցիկ մտաւ հսկիչներից մէկը եւ յայտնեց, որ մեզ բոլորիս ազատ են արձակում, բացառութեամբ Հայկազ Խաչատրեանի:
«Հայկազը ձերբակալութեան պահին դիմադրութիւն է ցոյց տուել եւ հայհոյել է միլիցիայի պետին» պատճառաբանեց հսկիչը:
Խցից դուրս էին կանչում սկզբից անուն-ազգանունները կարդալով, իսկ յետոյ փոխուեց ձեւը. հսկիչը բոլորիս հրաւիրեց դուրս գալ միջանցք, բացառութեամբ Հայկազ Խաչատրեանի: Բոլորս դուրս եկանք, միմեանց հրաժեշտ տուեցինք եւ բաժանուեցինք:
…Հայկը բացառիկ յատկութիւններով օժտուած մարդ էր, նախ՝ բաւականին ռոմանտիկ, մասնագիտութեամբ՝ նկարիչ: 1939ին աւարտել էր Սով. Հայաստանի նկարչական ակադեմիան (ինքն այդպէս էր անուանում նկարչական ինստիտուտը), այսինքն՝ Սով. Հայաստանի նկարչական ինստիտուտի առաջին շրջանաւարտներից էր, պատկանում էր հին սերնդին: Նա կը խօսէր դասական արուեստի մասին ժամերով ու չէր յոգնի, եռանդուն էր ու տաքարիւն»:
«Ես գնացի Կոմիտասի այգի»,
էջ 62