ՆԱԻՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Յայտնի օպերային տենոր, խմբավար եւ դաշնակահար Սիփան Օլահը, Մալթայի Հանրապետութիւնում մօտ մէկ տարի տեւած եւ շռնդալից յաջողութիւն բերած համերգաշարն աւարտելով վերջապէս վերադարձաւ Լոնդոն, եւ միայն իրեն յատուկ ջանասիրութեան բերումով հանդիսատեսին երկար սպասել չտուեց: Անմիջապէս ձեռնամուխ եղաւ «Քլինգեն» երգչախմբի եւ մշակութային ասոցիացիայի փորձերի եւ համերգների վերսկսմանը, ինչպէս նաեւ մենահամերգի նախապատրաստական աշխատանքներին: Արուեստասէրների եւ համայնքի կեանքում յատուկ նշանակութիւն ու կարեւորութիւն ունեցող երկու ծաւալուն միջոցառումներով առանձնացաւ այս ամիսը: Առաջինը Մարտի 15ին տեղի ունեցած համերգն էր Միացեալ Թագաւորութիւնում Ռուսաստանի դեսպանատան եւ համայնքի կողմից կազմակերպուած ամէնամեայ «Ռուսական Մասլեննիցա» փառատօնին՝ Լոնդոնի Ուեստմիստերեան «Ջոն Սմիթ Սքուէր» համերգասրահում:
Վերոյիշեալ միջոցառմանը առաջին անգամ իր մասնակցութիւնը բերեց «Քլինգեն» երգչախումբը, որը ոչ միայն ռուսական երգչախմբի հետ միացեալ կատարեց ռուսական ժողովրդական «Մասլեննիցա» երգը, այլեւ ազգային կոլորիտը ներկայացնող՝ Ստեփան Շաքարեանի «Հայկական ժողովրդական երգերի շարքը»: Խիստ տպաւորիչ էր նաեւ Ա. Պուշկինի եւ Մ. Գլինկայի հեղինակած «Յիշում եմ հիանալի ակնթարթ» ռոմանսը՝ Սիփան Օլահի անզուգական կատարմամբ:
Երկրորդ միջոցառումը Մարտի 23ին Քենսինգթոնի թագաւորական համայնքի Ս. Քաթբեթ վեհաշուք եկեղեցում տեղի ունեցած համերգ-ցուցահանդէսն էր՝ «Սիրային երգեր եւ արիաներ» խորագրով, որին բացի հանրայայտ տենոր Սիփան Օլահից իրենց մասնակցութիւնն էին բերել նաեւ լիրիկական սոպրանօ, ջութակահարուհի Հայարփի Եղիկեանը, դաշնակահարուհի Ինգրիդ Չանը, ինչպէս նաեւ անուանի նկարչուհի Լէոնի Փիլարդը (Փիլաւջեան): Միջոցառման շրջանակներում հնչեցին եւրոպացի եւ հայ կոմպոզիտորների՝ Ա. Սաթի, Վ. Մոցարտ, Է. Գրիգ, Ֆ. Վեսէյ, Վ. Կոտոյեան, Ալ. Յարութիւնեան, Մ. Գլինկա, Ռ. Ռոջերս, Ի. Գերշուին, Վ. Սանդերսոն, Ս. Բիկսիօ, թուով տասնհինգ արիաներ եւ երգեր՝ եօթը լեզուներով, ստեղծագործութիւններ, որոնցից շատերն արդէն իսկ արժանացել էին Մալթացի հանդիսատեսի ջերմ ընդունելութեանը՝ 2018թ. Մալթայի Հանրապետութիւնում տեղի ունեցած շուրջ 40 համերգների ընթացքում:
Ծրագիրը բարդ էր, ընդգրկուն եւ պահանջում էր կատարողական բարձր մակարդակ, ինչը հիանալի կերպով իրականացրեց հանրաճանաչ երգիչը. դաշնամուրային ստեղծագործութիւնների տպաւորիչ զուգանուագ Ինգրիդ Չանի եւ Սիփան Օլահի մասնակցութեամբ՝ Արամ Խաչատրեան, Վարդագոյն աղջիկների պարը: Հայարփի Եղիկեան՝ հնչում է ջութակի թովիչ ձայնը. ծրագրում է. Բաղդասարեան եւ Ս. Վեկսէի՝ նուագակցութեամբ Սիփան Օլահի, վոկալ մենակատարումներ տենոր Սիփան Օլահ եւ սոպրանօ Հայարփի Եղիկեան: Համերգի եզրափակիչ հատուածում Հայարփի Եղիկեանի եւ Սիփան Օլահի կատարմամբ հնչեցին Կուրտիսի եւ Ֆ. Լեհարի երկու զուգերգ, որոնք համերգը բարձրակէտին հասցրեցին. բոլորն իսկապէս, վայելեցին արուեստի մոգական ազդեցութիւնը, կատարսիսի (մաքրողական-Խմբ.) իրական ուժը, որն աշխարհը դարձնում է առաւել բարի ու կատարեալ: Լոնդոնեան երաժշտասէր հասարակութիւնը եւ յատկապէս հայ համայնքը գեղագիտական մեծ հաճոյք ստացաւ երիտասարդ երգչի տպաւորիչ կատարումներից: Հանդիսատեսի յիշողութեան մէջ դեռ երկար կ՛արձագանգեն Սիփան Օլահի թաւշեայ ձայնը, Հայարփի Եղիկեանի լիրիկական սոպրանոյի վճիտ թրթիռները, Ինգրիդ Չանի մատնադրոշմները դաշնամուրի ստեղնաշարին, աւելին, հնչող գլուխգործոցները զարմանալիօրէն ներդաշնակում էին վեհաշուք եկեղեցու հոգեթով կամարներին, Լէոնի Փիլարդի վրձնի մոգական հարուածներին: Ի դէպ, սա նկարչուհու երկրորդ համատեղ ձեռնարկն էր Քլինգեն երգչախմբի եւ մշակութային ասոցիացիայի հետ: Այս անգամ նա ներկայացաւ իր ծաղկանկարների շարքով:
Յարգանքի տուրք մատուցենք հանրայայտ նկարչուհուն. այս տարի նա նշում է իր ստեղծագործական գործունէութեան յիսուն տարին: Այս միջոցառման մասնակցութիւնը մեկնարկ էր, որին յաջորդելու են ցուցահանդէսներ Լիբանանում, Հայաստանում եւ ԱՄՆում: Մեծագոյն հպարտութեամբ պէտք է նշենք նաեւ, որ միջոցառմանը ներկայ էր Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի Արքայական համայնքի ղեկավար, քաղաքապետ Մարի Թերեզ Ռոսսին, որն իր ներկայութեամբ պատուեց ձեռնարկի մասնակիցներին, միեւնոյն ժամանակ ցոյց տալով նման միջոցառումների կազմակերպման կարեւորութիւնը: Նկարչուհի Փիլարդը նրան նուիրեց «Ղարաբաղի աղջիկը» կտաւը, որը ջերմօրէն ընդունուեց բարձրաստիճան պաշտօնեայի կողմից:
Յատկանշական մի փաստ եւս. համերգին ներկայ էին անգլիական եւ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւոր հայրեր, քաղաքական եւ մշակութային ճանաչուած գործիչներ, որոնք միախառնուած՝ բազմազգ հանդիսատեսին ընբոշխնում էին տպաւորիչ կատարումները: Հարկ է նշել, որ համերգին ներկայ էին ռուս համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ, ինչը յաւելեալ անգամ ապացուցեց նորաստեղծ բարեկամութեան կենսունակութիւնն ու կարեւորութիւնը:
Այո, այսպիսի միջոցառումների կազմակերպումը ոչ միայն մասնագիտական բարձր որակներ է պահանջում, այլեւ կազմակերպական հսկայածաւալ աշխատանք, եւ հիանալի է, որ մեզանում կան այնպիսի երիտասարդ կարող ուժեր, որոնք ջերմացնում են համայնքային կեանքն ու երաժշտութեան միջազգային լեզուով մեր ազգային մշակոյթը դարձնում ճանաչելի, զգալի, նկատելի: