Էլեկտրոնային սիգարետը յաճախ դիտարկւում է որպէս հասարակ ծխախոտին փոխարինող անվնաս տարբերակ, սակայն իրականում այս սարքերը բնաւ անվտանգ չեն: Մասնագէտները ներկայացրել են, թէ ինչ վտանգաւոր յատկութիւններով են օժտուած էլեկտրոնային սիգարետները:
Այժմ շատ կանայք յղիութեան ընթացքում օգտագործում են էլեկտրոնային ծխախոտներ՝ համարելով դրանք աւելի անվնաս, սակայն 2018 թուականին անցկացուած հետազօտութիւնը ցոյց է տուել, որ իրականում դրանցում պարունակուող նիկոտինը բացասաբար է անդրադառնում երեխայի գլխուղեղի ու թոքերի զարգացման վրայ:
Էլեկտրոնային ծխախոտները կարող են պարունակել մանրէային թոյներ, որոնք կապուած են առողջական տարբեր խնդիրների, այդ թւում նաեւ ասթմայի, թոքերի աշխատանքի վատացման ու թոքաբորբի զարգացման հետ: Հարվարդի համալսարանի գիտնականները հետազօտել են էլեկտրոնային ծխախոտների 75 յայտնի տեսակ ու դրանց համար նախատեսուած հեղուկները: Պարզուել է, որ դրանցից 27ի մէջ պարունակւում են մանրէային թոյների հետքեր, իսկ 81 տոկոսի մէջ կային այլ վնասակար նիւթեր:
Նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտների գործածութիւնը ոչ միայն արգելակում է շնչուղիները լորձից մաքրելու գործընթացը, այլեւ բարձրացնում է մնայուն հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը: Ընդամէնը մէկ անգամ նման սիգարետի գործածութիւնից յետոյ թոքերում աւելի շատ նիկոտին է յայտնւում, քան հասարակ ծխախոտ ծխելուց յետոյ: Դրանցում պարունակուող հոտաւէտիչները բարձրացնում են սրտանօթային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը: Յատկապէս վտանգաւոր են դարչնի ու մենթոլի բոյր ապահովող նիւթերը:
Կրաւորական «ծխել»ը շատ վնասակար է երեխաների համար, անգամ այն դէպքում, երբ նրանց ծնողները կիրառում են էլեկտրոնային ծխախոտ: Շատերը չգիտեն այս սարքերի նման ազդեցութեան մասին, ուստի շարունակում են ծխել այն վայրերում, որտեղ երեխաներ են գտնւում: