[embedyt] https://www.youtube.com/watch?v=kHcq_tvqWak[/embedyt]
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանն ու Մարդահամարի բիւրօն (Census Bureau) կնքել են համագործակցութեան պայմանագիր, որի շրջանակներում ստեղծուել է Ամբողջական հաշուարկի յանձնախումբ: Օգոստոսի 3ին, նոր ձեւաւորուած կառոյցի նպատակներն ու ծրագրերը քննարկուեցին եւ համայնքի տարբեր կազմակերպութիւններին ներկայացուեցին յանձնախմբի անդրանիկ նիստում:
«2020թ.ին նախատեսուած Մարդահամարին մեր համայնքի մասնակցութիւնը կենսական նշանակութիւն ունի, քանի որ առաջիկայ տասը տարիներին դաշնային կառավարութիւնն ուղղորդուելու է Մարդահամարի հաշուարկներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական որոշումներ կայացնելիս: Չափազանց կարեւոր է, որ մեր համայնքը մասնակցի եւ հարցաթերթիկում անպայման նշի իր էթնիկ պատկանելիութեան մասին՝ որպէս «հայ»: Մարդահամարի մասին ամերիկահայութեան շրջանում իրազեկութիւնը բարձրացնելու, եւ մասնակցութիւնը խրախուսելու նպատակով, Հայ Դատի գրասենեակը գործընկեր դարձաւ Մարդահամարի բիւրոյի հետ: Մեր համատեղ առաջին հանդիպմանն էլ հրաւիրել ենք համայնքի տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ եկեղեցու, լրատուամիջոցների, երիտասարդական եւ այլ կազմակերպութիւնների անդամների՝ տեղեկացնելու, եւ նրանց մեր համայնքի իրազեկման աշխատանքներին մասնակից դարձնելու», նշեց Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի տնօրէն Արմէն Սարգսեանը:

Մարդահամարի անցկացումը տասը տարին մէկ՝ ամրագրուած է Սահմանադրութեամբ, եւ ԱՄՆ իւրաքանչիւր բնակչի քաղաքացիական պարտք է իր ձայնը հաշուելի դարձնել, Մարդահամարի մասին մանրամասներ ներկայացրեցին Մարդահամարի բիւրոյի ներկայացուցիչները: Նրանք տեղեկացրեցին, որ օրինակ, մարդահամարի հաշուարկի արդիւնքում ստացուած տուեալների վրայ է հիմնուած դաշնային կառավարութեան կողմից նահանգներին, մարզերին ու քաղաքներին շուրջ 675 միլիոն դոլարի բաշխումը տարբեր նպատակներով, այդ թւում՝ ուղղուած դպրոցներին, հիւանդանոցներին, ճանապարհաշինութեանը, հանրային տարբեր ծառայութիւններին, եւ կենսական տարբեր ծրագրերի: Ամէն տասը տարին մէկ, Մարդահամարի տուեալներից ելնելով է, որ նահանգի օրէնսդիրները վերաձեւաւորում են կոնգրեսի եւ նահանգի օրէնսդիր մարմինների ընտրաշրջանների սահմանները՝ ըստ ժողովրդագրական թուերի: Մարդահամարի տուեալները նաեւ որոշիչ են գործարարների համար արտադրամասեր կառուցելիս, գրասենեակներ եւ վաճառասրահներ բացելիս, ինչն էլ նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը:
Բիւրոյի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ հարցաթերթիկում հիմնականում պէտք է նշել անուն, սեռը, տարիքն ու ծննդեան թիւը, էթնիկ խմբին պատկանելիութիւնը, եւ չեն լինելու հարցեր տուեալ անհատի եկամուտի, սոցիալական ապահովագրութեան համարի, զբաղմունքի, իրաւական կարգավիճակի, եւ այլնի մասին: Նրանք փարատեցին Մարդահամարի բիւրոյի կողմից բնակիչների տուեալների տնօրինման հետ կապուած գլխաւոր մտահոգութիւնը՝ նշելով, որ տուեալները տնօրինելու է միայն Մարդահամարի բիւրօն, եւ օրէնքով արգելուած է դրանք տրամադրել կառավարութեան որեւէ այլ կառոյցի: Մասնակցութեան հրաւէր ուղարկուելու է ԱՄՆում տուեալ պահին բնակուող բոլոր անհատներին, եւ ընձեռուելու է մասնակցութեան մի քանի հնարաւորութիւն՝ փոստով, առցանց կամ հեռախօսով:
Մարդահամարը, հայ համայնքի ձայնը լսելի եւ հաշուելի դարձնելու լաւագոյն միջոցն է, իր խօսքում նշեց Ամբողջական Հաշուարկի յանձնախմբի ձեռնարկի բանախօսներից, Մարդահամարի Լոս Անջելեսի շրջանային կենտրոնի մասնագէտ Անահիտ Թովմասեանը: «Ամերիկահայերի մասնակցութիւնը կարեւոր է մի շարք առումներով, այդ թւում նաեւ այն, որ դաշնային կառավարութիւնը ֆինանսական միջոցներ է յատկացնում տուեալ համայքի տարբեր խնդիրներով զբաղուող կազմակերպութիւններին, ինչպէս օրինակ Հայ Օգնութեան Միութիւնը՝ ելնելով հայերի թուից եւ աջակցութեան կարիք ունեցողներից», տեղեկացրեց Թովմասեանը:
Մարդահամար 2020ի իրազեկման արշաւի շրջանակներում մանրամասն տեղեկութիւններ կը տրամադրուեն բնակիչներին յուզող ամենատարբեր հարցերի շուրջ: Հայ-ամերիկեան Ամբողջական Հաշուարկի յանձնախմբի անդամները նշեցին, որ հայ համայնքի հետ աշխատանքները կը համակարգուեն եւ կ՛իրականացուեն տարբեր միջոցներով, եւ համայնքի գործընկեր կազմակերպութիւնների հետ համատեղ: